Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում աճել է ընդամենը 1 տոկոսով. արտահանման ծավալներն ավելացել են 0.8, ներկրման ծավալները՝ 1.1 տոկոսով: Իհարկե, աճ կա, սակայն սիմվոլիկ:
Եվ այս ցուցանիշը, թերեւս, ապացուցում է, թե ինչ տխուր վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, քանի որ 1 տոկոս աճն ուղղակի չնչին տեղաշարժ է: Առավե եւս, երբ մյուս կողմից՝ այս տարվա առաջին կիսամյակում որեւէ տեղաշարժ չի գրանցվել արդյունաբերության մեջ. ըստ պաշտոնական վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը կազմել է 0 տոկոս:
Արտահանման եւ ներմուծման վիճակագրությունն առավել մանրամասն ուսումնասիրելու դեպքում բավականին հետաքրքիր պատկեր է ի հայտ գալիս. ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը բոլոր առումներով նվազել է. արտահանումը պակասել է 9, ներկրումը՝ 3.1 տոկոսով: Ընդ որում, նվազել է Հայաստանի արտահանումը դեպի ՌԴ՝ 6.4 տոկոսով, իսկ ներկրումն ավելացել է 1.4 տոկոսով: Նվազել է ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը ԵՄ անդամ երկրների հետ. արտահանումըª՝ 7, ներկրումը՝ 0.2 տոկոսով: Սրանք, թերեւս, համարվում են Հայաստանի հիմնական գործընկերները, որոնք նաեւ աշխարհագրական տեղակայման առումով են հարմար:
Անմխիթար վիճակում է գտնվում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն անմիջական հարեւան երկրների հետ: Աշխարհի բոլոր նորմալ պետությունների արտաքին տնտեսական կապերի առնվազն հիսուն տոկոսը բաժին է ընկնում նրանց անմիջական հարեւաններին: Այնինչ, Հայաստանի դեպքում իրավիճակը, մեղմ ասած, անհուսալի է. Ադրբեջանի հետ հասկանալի պատճառներով, չկա որեւէ կապ: Իսկ ահա մյուս երեք պետությունների՝ Վրաստանի, Թուրքիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ առեւտրաշրջանառության ծավալները կազմում են ընդհանուրի 11.7 տոկոսը, նախորդ տարվա՝ 10.1-ի փոխարեն:
Այսինքն՝ հարեւան երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը շատ քիչ է, եւ երեք երկրներ արտահանման ու ներմուծման ոլորտում արձանագրված աճը իրականում որեւէ էական նշանակություն չունի: Նվազել է Հայաստանի առեւտրաշրջանառությունը հզոր գերտերություններից մեկի՝ ԱՄՆ-ի հետ. արտահանման ծավալները պակասել են 12.5, իսկ ներկմանը՝ 8.6 տոկոսով:
Փոխարենը արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում աճ է արձանագրվել ՙԱյլ երկրներ՚ դասակարգման մեջ. այստեղ աճը 6.9 տոկոս է, արտահանումն ավելացել է ռեկորդային տեմպերով՝ 13.9 տոկոս, ներկրումը՝ 4.7 տոկոս:
Այս անհամամասնությունը, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ դժվար է պատկերացնել մի երկիր, որն իր հիմնական տնտեսական գործընկերների հետ առեւտրաշրջանառության ոլորտում անկում է գրանցել, ավելացնում է արտահանման ու ներկրման ծավալները այլ երկրների դեպքում: Բայց Հայաստանի դեպքում ամենատարօրինակ երեւույթները սովորական են: Եվ ահա՝ վիճակագրական տվյալներից պարզվում է, որ Հայաստանը լրջագույն առեւտրային կապեր ունի իսլամական երկու երկրների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ու Իրաքի հետ: Մինչ ոմանք, հիշելով հեռավոր 90-ականների սկիզբը, կփորձեն մտածել, թե դա նորմալ է, շտապենք հիասթափեցնել՝ այս երկներից Հայաստանը ոչ այնքան ներկրում է ապրանքներ, որքան՝ արտահանում: Ընդ որում, արտահանման ծավալները ԱՄԷ աճել են 71.4, իսկ Իրաք՝ 48.7 անգամ:
Բնականաբար, այս ամենից հետո հետաքրքրում է՝ իսկ ի՞նչ է արտահանում ՀՀ-ն ԱՄԷ եւ Իրաք, որ նույնիսկ նման մեծ աճ է գրանցվել: Ըստ վիճակագրության, օրինակ` արտահանում ենք հազարավոր լիտրերով սպիրտ. նախորդ տարի 167.4 հազար լիտր սպիրտ ենք արտահանել այդ երկու երկրներ, այս տարի` 227.7 հազար լիտր: Ընդ որում, խոսքը ոչ թե հայկական գինու, կամ աշխարհահռչակ կոնյակի, այլ` մաքուր սպիրտի մասին է: Էլ չենք ասում մյուս ապրանքների մասին: Ինչպես հայտնի է, մուսուլմանական երկրներ գլխավոր արտահանողը հայտնի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Նա հիմա էլ, փաստորեն, արաբական երկրներ է առաքում: Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է:
Մինչ այդ, նկատենք մեկ կարեւոր հանգամանք. մի կողմից` Հայաստանում արդյունաբերությունն անգամ աննշան աճ չի արձանագրել, մյուս կողմից` ներկրումը ավելացել է 1.1 տոկոսով: Սա անուղղակի կերպով խոսում է երկրում պահանջարկի, սպառման ծավալների մասին: Իսկ դա առաջին հերթին հետեւանք է երկրում բնակչության նվազման: Ի վերջո, մի բան է, երբ արտադրություն ես կազմակերպում 3.5-4 մլն բնակչություն ունեցող երկրում, մեկ այլ բան` 2.9-3 մլն-անոց երկրում:
Արման Գալոյան