ՀԱՎԱՔՎԵՑԻՆ
Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին երեկ մասնակցել են խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հ/կ-ների, միջազգային կառույցների եւ հայաստանյան առաքելությունների ներկայացուցիչները: Այդ թվում` ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԿԿ, ՀԴԿ, ՕԵԿ, «Միավորված հայեր» կուսակցությունները, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները:
ԽԱԽՏՈՒՄ ԵՆ-1
Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարներ Արսեն Քարամյանը, Սամվել Խաչատրյանն ու Խաչիկ Ասրյանը, չնայած ապրիլի 2-ից արձակուրդում են, բայց շարունակում են աշխատանքի գնալ: Henaran.am-ի տեղեկություններով` ԲՀԿ-ական նախարար Արթուր Պետրոսյանը, տեսնելով նրանց, զարմացել է եւ անկեղծ հարցրել, թե ինչու են աշխատանքի գալիս: Ի դեպ, նախարարը ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված չէ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւս արձակուրդ չի գնացել: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը (www.tavush.gov.am), մարզպետ Ղուլարյանն ապրիլի 4-ին վարել է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը քննարկել եւ հավանություն է տվել Բագրատաշեն համայնքի հողերի օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու հարցին:
ԼԵՎՈՆԻ ՄԵՂՔՈՎ
«Ադրբեջանը պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանին մատաղ անի: Մեզ կանգնեցրեց, մենք չհասանք` հաղթական դրոշը Բաքվում ծածանեինք»,-երեկ Ազատամարտի վետերանների միության 5-րդ համագումարում հայտարարել է ռազմական ոստիկանության Արմավիրի նախկին պետ Գրիշա Սարգսյանը` Ժարիտ Գրիշը:
ԹԱԹՈՒԼԻՆ ՉՄԵՐԺԵՑԻՆ
Ապրիլի 6-ին Հայաստանի վարչական դատարանը քննել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցն ընդդեմ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի եւ մերժել այն: Հարությունյանը պահանջել էր չեղյալ համարել առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանի գրանցումը:
ԽԱԽՏՈՒՄ ԵՆ-2
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, նաեւ իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված նախարարներն այս կիրակի մեկնարկող քարոզարշավի ընթացում արձակուրդ չեն մեկնի: Ինչ վերաբերվում է ՀՀԿ ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանին, ապա նրա` արձակուրդ գնալու մասին առաժմ տեղեկատվություն չկա: Մինչդեռ հիշեցնենք` ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց պաշտոնական լիազորությունները իրականացնելիս չեն կարող նախընտրական քարոզչությամբ զբաղվել:
ԷԼԻ ՄԵՐԺԵՑԻՆ
ՀՀ վարչական դատարանը երեկ կրկին մերժել է ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի` ԿԸՀ դեմ հայցը: Դատարանը կրկին նշել է. «Հայցվորը վարչական կամ դատական կարգով չի վիճարկել ՀՀ ոստիկանության գործողությունը, որով տրամադրվել է տեղեկություն այն մասին, որ հայցվորը վերջին հինգ տարում մշտապես չի բնակվում Հայաստանի Հանրապետությունում»:
ԳՈՂԵՐԸ ԾԵԾԵԼ ԵՆ
Երեկ` առավոտյան, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանին: Ըստ NEWS.am-ի` երկու դիմակավորված անձինք գողության նպատակով փորձել են մտնել նրա առանձնատուն, ու երբ Գեւորգյանը դուրս է եկել, նրանք դաժանաբար ծեծել են Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալին` հարվածներ հասցնելով հատկապես գլխի շրջանում: Արթուր Գեւորգյանին տեղափոխել են «Արմենիա» բ/կ, նրա վիճակը կայուն է: