Նախագահականը՝ ընդդեմ ամերիկյան կազմակերպության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիք»-ի  կողմից հանրայնացված հերթական փաստաթուղթը պատմում է 2007թ-ին Ռոբերտ  Քոչարյանի իշխանության և ամերիկյան կողմի միջև առաջացած տարաձայնությունների մասին: Հայ-ամերիկյան հակասությունների մասին ուշագրավ այդ զեկուցագիրը հեղինակել է  ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեյը:

ԱՄՆ Պետդեպին ուղղված փաստաթղթում հեղինակը պատմում է, որ Քոչարյանի իշխանությունը իրենց մեղադրել է Հայաստանում ՙգունավոր հեղափոխություն՚ նախաձեռնելու մեջ: Ավելին՝  ԱՄՆ Ժողովրդավարության ազգային ինստիտուտը, Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, ներկայում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի համոզմամբ, ձախողել է ընդդիմադիր ուժերին միավորելու իր ծրագիրը: Եվ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով Արմեն Գևորգյանը պահանջում է, որպեսզի ԺԱԻ-ը փակի իր գրասենյակները և հեռանա Հայաստանից:

Գոդֆրեյը նախ և առաջ ծանուցում է, որ Ա. Գևորգյանը ԺԱԻ-ի ղեկավարությունից պահանջել է դադարեցնել աշխատանքները 2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններից հետո: Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը պնդել է, որ ԺԱԻ-ը ակտիվ աշխատանքներ է կատարել հայաստանյան ընդդիմադիրներին միավորելու ուղղությամբ, ավելին՝ կազմակերպել այցելություններ Վաշինգտոն: Գևորգյանի կարծիքով, սակայն, այս կազմակերպությունը տապալել է սեփական ծրագրերը՝ չկարողանալով համախմբել ընդդիմադիրներին ու իշխանության բազմեցնել, ուստի ընտրությունների արդյունքի վրա չի էլ կարող որևէ ազդեցություն ունենալ: Գոդֆրեյը տեղեկացնում է, որ ԺԱԻ ղեկավարությունը փորձել է փաստարկել իր մոտեցումները՝ հայտարարելով, որ Գևորգյանը հավանաբար չի հասկանում իրենց առաքելության իմաստը:

Հեղինակը փաստում է, որ մինչ 2007թ. մայիսի ճնշումները, ԺԱԻ-ի հայաստանյան գործունեությունը վտանգի տակ է եղել նախորդ տարվա նոյեմբերից, երբ ամերիկյան բարձրաստիճան հյուրերի առաջ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է հայտնել իր դժգոհությունների մասին՝ արձանագրելով, որ այն «ուղղված է բացառապես գունավոր հեղափոխություն անելուն, որ պետք է իրականացնեն ընդդիմադիր կուսակցությունները, ում ԺԱԻ-ը փորձում է համախմբել»:

Գոդֆրեյը հավելում է, որ Քոչարյանի մտահոգությունները փարատելու համար անգամ Հայաստան է եկել ԺԱԻ-ի ղեկավար Քեն Ուոլլըքը, ում հաջողվել է ժամանակավորապես «փարատել Քոչարյանի անհանգստությունը»: Դիվանագետը նկատում է, որ դրանից հետո ԺԱԻ-ին Հայաստանում բավականին զգույշ է գործել, ինչպես նաև մշտական կապի մեջ եղել Քոչարյանի աշխատակազմի հետ: Ամերիկյան կազմակերպությունը նախագահականին մշտապես ծանուցել է իր ծրագրերի, միջոցառումների և նպատակների մասին:

Գոդֆրեյի տպավորությամբ՝ Քոչարյանի համբերության բաժակը լցվել է, երբ 2007թ. փետրվարին ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այցելել է ԱՄՆ: ՀՀ իշխանությունները վստահ են եղել, որ այդ այցելությունը ամբողջովին կազմակերպվել ու իրականացվել է ԺԱԻ-ի կողմից, իսկ Քարնեգի հիմնադրամում Ա.Սարգսյանի ելույթի հիմնական շեշտադրումների հեղինակներն էլ, ըստ նրանց, իրականում ԺԱԻ-ի փորձագետներն են եղել: Ամերիկացի դիվանագետն ավելացնում է, որ ԺԱԻ-ի ղեկավարներից Է.Բեննետը և Թ. Սանասարյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպել են Քոչարյանի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի ներկայացնեն կազմակերպության հետագա ծրագրերը:

Հանդիպման ժամանակ Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ իր համոզմամբ՝ ԺԱԻ-ն ցանկանում է աշխատել բացառապես «Հանրապետություն» կուսակցության պես քաղաքական ուժերի հետ, սակայն այլևս անկարող լինելով ազդել ընտրությունների վրա, պետք է դադարեցնի իր գործունեությունը: Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը պահանջել է «ԺԱԻ-ի ողջ աշխատակազմից ազատել զբաղեցրած գրասենյակները, թողնել միայն մի աշխատող, ով պիտի պատասխանի հեռախոսազանգերին»: Հատկանշական է, որ Գևորգյանը մերժել է Վաշինգտոնից ուղարկված դիմումը, որով խնդրում էին թույլատրել ԺԱԻ-ի դիտորդներին հսկել ընտրությունների ընթացքը: Կարծում ենք՝ ամերիկացիների կողմից միամիտ քայլ էր դիտորդական գործունեությամբ զբաղվելու մասին առաջարկ անելը, հատկապես այն պահին, երբ Քոչարյանը ցանկանում էր ազատվել այդ կազմակերպության ներկայությունից  ընդհանրապես:

Ինչևէ, հեղինակը նկատում է, որ ԺԱԻ-ի ղեկավարները փորձել են հակափաստարկներ ներկայացնել Գևորգյանի պնդումներին, բացատրել իրենց ցանկություններն ու ծրագրերը, սակայն ապարդյուն: Նրանք բարձրաձայնել են այն ծրագրերի շարունակականության անհրաժեշտության մասին, որոնք նախկինում նույն Ա.Գևորգյանի կողմից հավանության էին արժանացել, այդուհանդերձ, վերջինս մնացել է անդրդվելի: Իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գևորգյանը կատարում էր Քոչարյանի հրահանգը, հազիվ թե նրա կարծիքի փոփոխությունը որևէ նշանակություն ունենար: Բայց և այնպես, հարկ ենք համարում արձանագրել, որ եթե իշխանությունները վստահ էին ԺԱԻ-ի գործունեության ապօրինության մեջ, ապա դրանով պետք է զբաղվեին ՀՀ իրավապահ մարմինները: Ի վերջո, քաղաքական հարթության մեջ օտար շահերի սպասարկման համար ֆինանսների ապօրինի կիրառումը կարգավորվում է համապատասխան օրենքներով:

Ավելին՝ Գևորգյանը պնդում է, որ ԺԱԻ-ն ձգտում էր ինչ-ինչ միջոցներով միավորել ընդդիմությանը, որպեսզի նրանք իշխանության գան: Ակնհայտորեն գործ ունենք Հայաստանի ներքաղաքական հարցերում կատարվող արտաքին միջամտության հետ, որը պարզվում է, իշխանության օգտին չէ: Այս դեպքում տարօրինակ է, որ նման վստահությամբ առաջնորդվելով հանդերձ՝ ամերիկացիների բնորոշմամբ «Քոչարյանի մեքենայի գորշ բարձրաստիճաններից» Արմեն Գևորգյանը գործին իրավական ընթացք չի հաղորդել: Նման խնդիրները գաղտնաբար, կուլիսային մակարդակներում լուծելու կողմնակից Գևորգյանը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք դարձավ ՀՀ փոխվարչապետ ու արդեն 6-րդ տարին է՝ հաջողությամբ պաշտոնավարում է՝ հավանաբար շարունակելով Քոչարյանի ժամանակ սերտած ավանդույթները:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս