2014 թ. ապրիլի 1-ին Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ Գետահովտի բնակիչ Աշոտ Այդինյանի կողմից համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին սպանելու փորձ կատարելու եւ ապօրինաբար զենք պահելու համար ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Այդինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ամիսներ անց քրեական գործի վարույթն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Վերջինս օգոստոսի 2-ին հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Իջեւանատուն» համալիրի մոտ փոխհրաձգության ժամանակ Ա. Խոջումյանը կյանքից զրկելու դիտավորությամբ «Սայգա» տեսակի կարաբինով կրակոցներ է արձակել Աշոտ Այդինյանի եւ Արսեն Չ.-ի վրա:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Ա.Խոջումյանը կալանավորված է: Որոշվել է միացնել վերոհիշյալ երկու քրեական գործերը եւ նախաքննությունն իրականացնել մեկ վարույթում: Իրավապահներից տեղեկացանք, որ Ա. Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով («Սպանության փորձ»):
Այս հոդվածը նախատեսում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսով կալանավորումը: Հավելենք, որ Ա. Խոջումյանը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մտերիմներից է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ