ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԸ «ԿԱՄԵՐԻ» ԳՈՂՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրինում է մի մարդ, ով բացարձակ տեղյակ չէ բնապահպանական խնդիրներից եւ չգիտի, թե ինչ հաստիքներով մասնագետների հետ է աշխատում: Սերժ Սարգսյանի համակուրսեցի Աշոտ Գնդոյանը մարտի 30-ին աշխատանքից ազատել է թվով 35 աշխատակիցների, բայց հիշում է 9-ին` մատների վրա հաշվելով նրանց:  
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աշխատանքի ազատման ծանուցագիրը հունվարի 24-ին ուղարկվել է աշխատակիցներին, սակայն հրամանի համար որեւէ հիմք չի տրվել նրանց: Այդ պատճառով աշխատակիցները մարտի 30-ին եւ ապրիլի 2-ին դիմում են գրել տնօրենին` խնդրելով բացատրել, թե ինչու չկա հրամանի հիմքը: «Ուզում էինք բոլորս էլ լսել ու տեսնել, թե ինչ է կատարվում, որովհետեւ երկար տարիների աշխատողներ ենք ու սպասում ենք պատասխանի»,-մեզ հետ զրույցում նշեցին աշխատանքից անհիմն կերպով ազատվածները:
Գործազուրկ դառնալու ճանապարհին հայտնված 35 աշխատակիցներն ու նրանց հարազատները երեկ «Ժողովուրդ»-ի ուղեկցությամբ եղան «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատասենյակում: Գնդոյանը, երբ ներս մտավ, ճնշվելով հավաքված մարդկանց ներկայությունից, հայտարարեց. «Որպեսզի տեսարանը միտինգի չնմանվի, ես` որպես էս հիմնարկի տնօրեն, խնդրում եմ, որ բոլոր նրանք, ովքեր աշխատանքի առումով ուղղակի կապ չունեն էս հիմնարկի հետ, թող դուրս գան»: Սակայն նրանք համառ գտնվեցին ու չլքեցին աշխատասենյակը:  
«Դուք եկել եք, որ միայն ի՞մ վրա դավիտ անեք»,-բարձրաձայն ասաց վրդովված տնօրենն ու միաժամանակ կրկնեց տվյալ արտահայտության նաեւ հայերեն տարբերակը: «Ես նորից յալվար եմ ընգնում, խնդրում եմ` ովքեր աշխատանքային առումով չեն առնչվում, հանգիստ հելե՛ք կաբինետից, դո՛ւրս գնացեք ու ձեր համար զբոսնե՛ք: Էս ի՞նչ ա, ինչ-որ մեկը պատկերացնում է` էսի կամեր է, ու էս կամերի գողն էլ ե՞ս եմ»,-պարզաբանեց «Սեւան» ՊՈԱԿ-ի տնօրենը:
«Ես ամբողջ կյանքս գործ եմ ունեցել աքսիոմների, հիմնադրույթների, ֆորմալ տրամաբանության հետ, եւ կպատասխանեմ այն հարցերին, որոնք որ կոռեկտ կհնչեն»,-բարձր աղմուկից բարկացած` հայտարարեց նա` տեղեկացնելով, որ բնապահպանության նախարարը տեղյակ է հաստիքացուցակի փոփոխության մասին: «Ոչ միայն նրանք են տեղյակ, այն նաեւ քննարկում է ազգային պարկի խորհուրդը: Մինչեւ այնտեղի համաձայնությունը չլինի, ես իրավունք չունեմ հաստատելու հաստիքացուցակը»,-վստահեցրեց տնօրենը` վառելով տհաճ բույր ունեցող սիգարը:
Հավաքված մարդկանց միայն մի հարց էր հետաքրքրում, թե որ հոդվածի հիման վրա են իրենք ազատվել աշխատանքից: Ի պատասխան` տնօրենն ասաց. «Եթե անօրինական հրաման է եղել, ապա քննարկվում է դատական կարգով, չպտի մեր խոսակցությունը լինի ժողովրդական լեզվով ասած` գորտի գյոլ»:
Թեժ բանավեճի ընթացքում իրար չէին լսում, իսկ անտարբեր տնօրենը կատակում էր. «Ասում ա, որ կնիկդ քեզի տփում ա, գոնե թողո՞ւմ ա, որ լաց ըլնես, վայ ձեր ցավը տանեմ, գոնե թողե՛ք լամ»: Հավաքվածներից մեկը բարձրաձայն պահանջեց, որ իր հարցին տնօրենը պատասխան տա, սակայն ամեն ինչից անտեղյակ տնօրենը հայտարարեց. «Ընդամենը դիմագծերիցդ կարող եմ գուշակել` ով կարող ես դու ըլնել»: Այնուհետեւ սկսեց ուշադիր զննել նրան` փորձելով ճանաչել եւ մատների վրա հաշվեց, թե քանի աշխատողի է ազատել աշխատանքից. «9 հոգի: Իրանք պետք է նախօրոք իմանային, որ պետք է մի օր ցանկացածն էլ ազատվի աշխատանքից»: Մինչդեռ աշխատանքից ազատվել է 35 հոգի:  
Գոհար Նավասարդյանը` որպես անտառագետ, «Սեւան» ՊՈԱԿ-ում աշխատում է արդեն 16 տարի. «Բաժնի վարիչն ինձ ասել է, որ այդ բաժնից գործ չունես, այդտեղ արդեն մարդ կա: Վերեւներից ասել են»: Այսինքն` անտառագետի փոխարեն Գնդոյանը այլ մարդու է նշանակել:
Իսկ կենդանաբան Գայանե Պետրոսյանն էլ պարկի ամենահին աշխատակիցներից է` 30 տարվա փորձ ունի, լաբորանտի կարգավիճակից հասել է մինչեւ կրտսեր գիտաշխատողի. «Հիմա աշխատում եմ կենդանաբան, բայց ասում են` ցտեսություն քեզ»:  Բուսաբան Կարինե Սողոմոնյանին էլ նախ չեն դարձրել գլխավոր մասնագետ, որպեսզի աշխատավարձը չբարձրանա, որից հետո ազատել են:
«Գլոբուսից դուրս հիմնարկ է դարձել, ով  ինչ ուզում, այն էլ անում է: Էս ծառն իմն է, էս քարն իմն է, էս թուփն իմն է, էշն էլ իմ էշն ա, թեկուզ գեշ ա: Էս պրինցիպն է էստեղ  աշխատում»,-«Ժողովուրդ»-ին իր դժգոհությունը հայտնեց պարկի չափագրող-ճարտարապետ Վաչագան Հակոբյանը` ավելացնելով, որ չափագրումների հետ կապված աշխատանքները միայն ինքն է կատարել պարկում, բայց նաեւ իրեն են ազատել: «Ինձ փոխարինող են բերել մի ճարտարապետի, որը որակավորման վկայականի համար քննությունն արդեն երրորդ անգամն է, ինչ հանձնում է: Իսկ ես մի անգամով անցել եմ»,-մեծ հպարտությամբ նշեց պարկի գեոդեզիստը:
Հավանաբար մեր ընթերցողը եւս չհասկացավ, թե ինչու է Աշոտ Գնդոյանն աշխատանքից ազատել 35 աշխատակիցների, որոնց թվում կան ե՛ւ չքավորներ, ե՛ւ ազատամարտիկներ, որոնք մեր երկրի համար արյուն են թափել: Օրինակ` աշխատանքից ազատվել է նաեւ «Երկրապահ» կամավորականների միության Գեղարքունիքի պատասխանատու Ռոբերտ Ավագյանը: Մենք եւս այնտեղ չկարողացանք պաշտոնական բացատրություն ստանալ զանգվածային ազատումների կապակցությամբ: ՀՀ բնապահպանության նախարարությունից էլ խոստացան պաշտոնապես պարզաբանել երեքշաբթի: «Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի այս կամայականություններին` պարզաբանելու, թե ինչու է Գնդոյանը ծաղրում իր աշխատակիցներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս