ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԾՆԿԻ ԵՆ ԲԵՐԵԼ, ՈՐ ԿՐԱԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում դաժան ծեծի են ենթարկել Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, անկուսակցական Մերուժան Մխոյանին: Նրա կնոջ խոսքերով՝ առավոտյան՝ ժամը 6-ին, երբ իրենք քնած են եղել, դուռը ծեծել են անծանոթ մարդիկ, մտել ներս: Մխոյանը նույնիսկ չի հասցրել հագնվել, նրան մի քանի անգամ հարվածել են, ապա, թեւերը ոլորելով, բռնի ուժով տարել են:
Հանցագործները եղել են 2 ավտոմեքենաներով` զինված, որոնց հետեւից իր ավտոմեքենայով շտապել է հասնել Մերուժան Մխոյանի եղբոր որդին` Մուշեղը: «Գնացի Հոկտեմբերի գերեզմանոց,-պատմում է թեկնածուի եղբորորդին ու հավելում,-էնտեղ մոտ 30-40 հոգի մարդ կար, դեռ չէի հասցրել մեքենայից իջնել, շշով գլխիս խփեցին, գիտակցությունս կորցրեցի: Ես վստահ եմ, որ սա քաղաքականացված պահ է, որովհետեւ վերջերս մեզնից անընդհատ պահանջում են, որ հանեք ձեր թեկնածությունը, դուրս եք եկել մեր դեմ ու տենց արտահայտություններ»: Մուշեղ Մխոյանի խոսքերով՝ իրեն ասել են, որ կռվի ժամանակ կրակոցներ են հնչել, բայց ինքն անձամբ չի լսել. «Գիտեմ որ մեր կողմից ես ու Մերուժն ենք տուժել, ես գլխի հարված եմ ստացել, Մերուժի աչքին են հարվածել, մյուս կողմի տուժածների մասին տեղեկություններ չունեմ: Չեմ պատկերացնում, թե ինչից են տուժել, քանի որ ես եւ եղբայրս ընդամենը տնային շորերով ենք եղել»:
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թեկնածուին առեւանգողները գերեզմանոցում օդ են կրակել, թե «սալյուտ ենք անում, պտի գնաս ու մարզպետի սենյակում ասես, որ հանում ես թեկնածությունդ: Դու ո՞վ ես, որ երկրի նախգահի դեմ եմ դուր? եկել»:
Իսկ Մխոյանի եղբոր դուստրը «Հետք»-ին ասել է. «Մինչեւ մերոնք հասել են, տեսել են, որ Մերուժանին չոքացրել են գերեզմանոցում եւ ուզեցել են կրակեն` ավտոմատներով, դուբինկեքով, զենքերով»: Նա նաեւ ասել է, որ խմբի մեջ է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին եւ վերջերս կալանավայրից ազատության մեջ հայտնված Սամսոն Պողոսյանը:
«Ժողովուրդ»-ը զանգահարեց գյուղապետ Բաբկեն Վարդանյանին, սակայն վերջինս կտրուկ հերքեց. «Տենց բան չի եղել, ես խաբար չեմ: Մերուժը մեր ընկերն ա, տենց բան չկա»:
Զանգահարեցինք նաեւ ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանին, ով եւս հերքեց, որ իր որդին առնչություն է ունեցել դեպքին. «Ինձ թոռնիկ էր ծնվել, մենք էդ պահերով խառն էինք: Իմ տղեն ինձ գործ ունի, սուտ ա»: Իսկ Ալեքսան Պետրոսյանի հետ զրուցել չհաջողվեց. չէր պատասխանում զանգերին:
ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ մարմնական վնասվածքներով «Արմավիրի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Առնակ Կուրղինյանը, իսկ ավելի ուշ Մեծամորի  հիվանդանոց է ընդունվել նույն քաղաքի բնակիչ Սամվել Պողոսյանը: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ` ՀՀ քր. օր.ի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նկատեցի՞ք, պատգամավորի թեկնածուի կողմնակիցները ոստիկանության հետաքրքրությունը չեն առաջացրել: Պատճառն այն է, որ Մ. Մխոյանը եւ Մ. Մխոյանը դեպքի առնչությամբ ոստիկանությունում դիմում չեն ներկայացրել: Ասում են՝ Արմավիրի մարզային վարչության պետ Տիգրան Եսայանն ու ոստիկանապետ Արշո Գեւորգյանը սպառնացել են Մխոյաններին, որ եթե որեւէ բան խոսեն, գործը շուռ կտան իրենց դեմ:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նույն Սամսոն Պողոսյանը դաժան ծեծի էր ենթարկել քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանին:
Հ. Գ. Մուշեղ Մխոյանը երեկ վստահեցրել է, որ Մերուժան Մխոյանը պայքարելու է մինչեւ վերջ:




Լրահոս