Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի անլուծելի խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ից բացվել է Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Այն փակվել էր սահմանագծում լարվածության, միջպետական ճանապարհի վրա ադրբեջանական հենակետերից կատարվող գնդակոծությունների պատճառով:

Սակայն հիմա էլ, հիմնական ճանապարհի բացվելուց հետո, Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքար սարով ձգվող ճանապարհով երթևեկը չի դադարում: 6.3 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհը կառուցվել է 2006-2007 թվականներին, պետական բյուջեից 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Դժվարամատչելի տեղանքով ձգվող այդ ճանապարհը շահագործման հանձնվելուց հետո մի քանի տարի անգործության էր մատնվել, քանի որ սողանքի պատճառով 2 ոլորանում ճանապարհը քանդվել էր:

Այն պետական միջոցներով նորոգվեց: Սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ երբ մարդիկ երթևեկում են իրենց ընտանիքներով, երեխաների հետ, չեն ուզում ռիսկի դիմել և երթևեկում են ադրբեջանական գնդակոծություններից անվտանգ ճանապարհով` Հարսնաքարի շրջանցիկ ուղիով: Գյուղապետի խոսքերով՝ սահմանագծով անցնող, Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհով երթևեկողների մեջ քիչ չեն այդ տեղանքին անծանոթները, ովքեր պատկերացում չունեն սահմանի այդ հատվածում հնարավոր վտանգի, ադրբեջանական ռազմական հենակետերի ներկայության մասին:

Բաղանիսի գյուղապետը հայտնեց նաև, որ գիշերային ժամերին վարորդների մեծ մասը գերադասում է հեռու մնալ ադրբեջանական գնդակոծության վտանգից և գերադասում է սահմանի այդ հատվածն անցնել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհով: Տարիներ առաջ Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհի առավել վտանգավոր հատվածում, մեքենաների երթևեկը ազերիների գնդակներից պաշտպանող հողապատնեշ կար: Այն, չգիտես ինչու, քանդվեց, հեռացվեց: Եվ հիմա ցանկացած ժամանակ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այդ հատվածը կարող է գնդակոծության թիրախ դառնալ:

Նոյեմբերյանի սահմանամերձ Դովեղ գյուղից սերված, Ղարաբաղյան պատերազմի մասին «Սև և կանաչ. Արցախյան օրագրություն» գրքի հեղինակ, լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ ճանապարհի մասին ասաց. «Ես տարեկան առնվազն քսան անգամ այցելում եմ Տավուշի սահմանային գյուղեր և ամեն անգամ Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցնելիս մտածում, որ իմ կյանքն ադրբեջանցի դիպուկահարի ձեռքերում է: Կարելի է մտածել այդ ճանապարհի երկայնքով պաշտպանիչ համակարգ՝ պատ կամ այլ բան ունենալու մասին: Կամ՝ ճանապարհն իջեցնել այնքան, որ դուրս լինի դիպուկահարների ու կրակոցների թիրախից»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս