Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ աշխատակիցներն ամիսներ շարունակ իշխանություններից պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը: Գործարանի ղեկավարությունը 700 աշխատողներին պարտք է մոտ 360 մլն դրամ:
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը խոստացել էր մինչեւ հուլիսի վերջը կամ օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում մարել աշխատողների պարտքերը, բայց դարձյալ խոստումը չկատարեց:
Քիմպրոմցիները հույսեր էին կապում նաեւ նորանշանակ վարչապետի հետ, որը ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի բացմանը մասնակցելու նպատակով Վանաձոր կատարած այցի ժամանակ լսելով նրանց բողոքն ու պահանջները` խոստացել էր հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին: Սակայն վարչապետի խոստումներն էլ, փաստորեն, չիրագործվեցին. քիմպրոմցիների աշխատավարձը մնում է չվճարված:
Երեկ գործարանի անվտանգության պետը հայտնեց, որ նորից է դիմել Արմեն Մովսիսյանին եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Վերջինս խոստացել է խոսել վարչապետի հետ եւ փոխանցել նրա պատասխանը, բայց դեռ չի զանգել:
«Անցյալ շաբաթ պետք ա տային մի ամսվանը գոնե, էդ էլ չկա, հույս էլ չկա, ոչ մի տեղեկություն էլ չունենք, 11 ամսվա պարտք ա, 5 տարվա էլ արձակուրդային:
Սա մեր խայտառակությունն ա: Վարչապետը գալիս ա աշխատողներին խաբում ա, 3 օր սպասեք, 5 օր սպասեք, արդեն ամիսուկես ա սպասում ենք:
Էլի գործեր են տալիս, փչացած բաներ կա փոխում ենք, հույս կա, որ ասումա՝ աշխատենք, բան, բայց արդյոք հույս կա՞: Էս մի տարի ա չարչարվում ենք, խողովակներն ենք վերանորոգում, մի օր էլ հանգիստ չենք ունեցել, որ գնում ենք, հանգիստ չենք ունենում», – «Ժողովուրդ»-ին բողոքեցին գործարանի աշխատողները:
Ադրինե Թորոսյան
Վանաձոր