ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսակովի պողոտայի (Կիլիկիայի ավտոկայան) կենտրոնական մասում գտնվող բետոնե պատնեշներն ամեն աշուն եւ գարուն ներկվում են, որի հետեւանքով օրըստօրե ավտովթարներն ու խցանումներն  ավելանում են: Համապատասխան նշանները, որոնք վարորդներին զգուշացնում են կատարվող աշխատանքների մասին, իրենց ծավալով փոքր են եւ վարելու ընթացքում նույնիսկ չեն էլ նկատվում: Արդյունքում գրեթե ամեն օր խցանումներ ու հաճախակի դարձած ավտովթարներ են գրանցվում:
Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստանում` Իսակովի պողոտայի վերաբերյալ. այնտեղ խցանումներն ամենօրյա ռեժիմ են դարձել, իսկ ավտովթարների թիվն անզեն աչքով էլ երեւում է, որ շատացել է: Թե ով է դրանց պատասխանատուն, ով պետք է փոխհատուցի (բացի չարաբաստիկ ԱՊՊԱ-ներից), այդպես էլ անհայտ է մնում:
«Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության հ/կ նախագահ Էդիկ Հովհաննիսյանի կարծիքով` ճանապարհային ոստիկանությունն ուշադրություն չի դարձնում այդ ամենին. «Ասում են, թե  վարորդն ըսենց պետք է աներ, ընենց է արել: Ախր նախօրոք պետք է միջոցներ ձեռնարկել: Վարորդը չպետք է ամեն րոպե տեսնի, թե ինչ է կատարվում ճանապարհի աջ ու ձախ կողմերում»:
Նրա կարծիքով, եթե վթար տեղի ունենա համապատասխան նշանների փոքր լինելու պատճառով, այդ դեպքում պետք է տեսուչներն արձանագրեն, որ նշանը սխալ հեռավորության վրա է տեղադրվել, որի պատճառով էլ վարորդը չի հասցրել կողմնորոշվել: Սակայն այդպիսի բան գրեթե չի պատահում:
Խնդրի առնչությամբ դիմեցինք ՃՈ ճանապարհային երթեւեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Դանիել Դանիելյանին, ով պարզաբանեց. «Ներկի տեխնիկական բնութագրեր կան, եւ կան պետական ստանդարտներ, որոնք պահանջում են, որ այդ ներկերը պետք է օգտագործվեն վեց ամիսը մեկ»: Նրա խոսքերով` բետոնե պատնեշները ճանապարհի «բանուկ մասում գտնվելու պատճառով անընդհատ  փոշուց եւ կեղտից քայքայվում են»:
Հարցին, թե ինչու գիշերային ժամերին չեն ներկվում բետոնե պատնեշները, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Հիմնականում մենք փողոցների գծանշանային աշխատանքները կատարում ենք գիշերային ժամերին, որովհետեւ աշխատանքային ժամերին անհնար է տրանսպորտային հոսքը դադարեցնել: Իսկ բետոնե պատնեշների ներկումը մեծ, աշխատատար պրոցես է, այդ իսկ պատճառով այն կատարվում է աշխատանքային ժամերին»:  
Պարոն Դանիելյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ճանապարհային աշխատանքների ժամանակ տեղադրվում են շարժական ճանապարհային ժամանակավոր նշաններ, իսկ տվյալ հատվածը երթեւեկելի մասից բաժանվում է ազդանշանային փարոսիկներով, որպեսզի ոչ մի մեքենա չվնասի աշխատողներին: Սակայն նկատենք, որ Իսակովի պողոտայում Դանիելյանի ասած «ազդանշանային փարոսիկներ» չկան. ընդամենը եռանկյունի նշաններն են եւ կարմիր ժապավենները, որոնք, սակայն, հեռվից չեն երեւում:
Մենք խոսեցինք նաեւ մի քանի վարորդների հետ, որոնք իրենց վրդովմունքը հայտնեցին օրվա այդ ժամին կատարվող աշխատանքների վերաբերյալ. «Թող գիշերները ներկեն, մյուս քաղաքակիրթ երկրներում այդ ժամանակ են ներկում»: Իսկ տաքսու վարորդ 51-ամյա Մանուկն առաջարկում է բետոնե պատնեշները «լողավազանի ներկով ներկել, որպեսզի երկար դիմանա ու շուտ չթափվի»: Սակայն իշխանությունները տաքսու վարորդի չափ «ֆայմ» էլ չունեն, որ ներկեն որակը փոխի, որպեսզի ավտոմեքենաների վարորդներն ամեն օր միմյանց շղթայաձեւ բախվելիս «չհիշեն» Երեւանի քաղաքապետին ու մյուս պաշտոնատար անձանց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս