8-ՐԴԸ` ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար մարտի 23-ին Իջեւան քաղաքում բացվել է 8 ընտրատեղամաս: Նշենք, որ Իջեւանի քաղաքապետի 2011թ. նոյեմբերի 13-ի ընտրություններում ընտրատեղամասերի թիվը 7-ն էր: Տավուշի մարզի թիվ 41  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ Իջեւանի քաղաքապետի ընտրություններին Իջեւան քաղաքի  ցուցակային ընտրողները եղել են 13.857, քվեարկությանը մասնակցել է 8.716-ը: Հիշեցնենք, որ այդ ընտրությունները շատ լարված էին եւ կայացան ընտրողների մեծ մասնակցությամբ: Տիկին Աիդան հայտնեց, որ ներկայում Իջեւանի ցուցակային ընտրողների թիվը 14.014 է: Հանձնաժողովից հայտնեցին, որ ընտրողների թիվն ավելացել է բնակչության բնական աճի հաշվին: Օրենքի համաձայն, եթե ընտրողների թիվը գերազանցում է 2000-ը, բացվում է նոր ընտրատեղամաս:  Ա. Սարգսյանն ասաց, որ նոր ընտրատեղամաս բացել են նաեւ նրա համար, որպեսզի թեթեւացնեն մարզատեխնիկական ակումբի (ԴՕՍԱԱՖ) շենքում տեղակայված ընտրատեղամասի ընտրողների թիվը: Նոր` 8-րդ ընտրատեղամասը բացվել է  ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մարզադահլիճում: Թիվ 41 ԸԸՀ նախագահին հիշեցրինք, որ այդ նույն շենքում ՀՀԿ նախընտրական շտաբ կա: Տիկին Աիդան ասաց, որ ՀՀԿ շտաբը տեղակայված է ԵՊՀ մասնաճյուղի շենքի սկզբնամասում, իսկ ընտրատեղամասի վերածված մարզադահլիճը` մի այլ, հեռավոր հատվածում: Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ փաստացի 8.700 ընտրողի դեպքում նոր ընտրատեղամասի բացումը նպատակ ունի «աչքից հեռու», նորաբաց տեղամասում ՀՀԿ-ի համար «ապահովել» առավելագույն ձայներ: Հավելենք, որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենը ՀՀԿ Իջեւանի կազմակերպության ղեկավար Սամվել Առաքելյանն է:




Լրահոս