Այս տարի քրիստոնյա աշխարհը Հարության տոնը` Զատիկը, կնշի ապրիլի 8-ին: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է հոգեւոր սպասավոր տեր Համբարձում Դանիելյանը, ով հանգամանալից բացատրեց, թե ինչ խորհուրդ են կրում իրենց մեջ Մեծ պահքն ու Զատիկը: Նախ` մի կարեւոր բան, որի մասին ոչ բոլորս գիտենք: Հոգեւոր ծառայողներին դիմելու, բարեւելու կամ հրաժեշտ տալու դեպքում պետք է ասել` «Օրհնեցե՛ք, տե՛ր հայր»: Այդպես էլ արեցինք եւ որպես պատասխան ստանալով «Աստված օրհնի»՝ սկսեցինք զրույցը:
-Ո՞րն է պահքի խորհուրդը:
-Պահքը մեզ` քրիստոնյաներիս համար փորձությունների շրջան է: Աշխարհ գալով` բազմաթիվ փորձություններ ենք տեսնում: Կյանքն առանց դրա հնարավոր չէ պատկերացնել: Բայց հարցի մյուս կողմն է, թե որս ոնց ենք անցկացնում այդ փորձությունները: Որովհետեւ մարդիկ կան, որ փորձությունները դեռ չտեսած` արդեն իսկ պարտված են դուրս գալիս, մարդիկ էլ կան, որ փորձությունները տեսնելով` համառորեն հաղթահարում են ու դրանից հետո ավելի դժվար փորձությունները շատ ավելի հեշտ հաղթահարում: Պահոց շրջանը նման փորձությունների մի ընթացք է: Հայ առաքելական եկեղեցում ամբողջ տարի ամեն չորեքշաբթի եւ ուրբաթ պահոց օր է համարվում: Պահքը տեւում է 48 օր, առաջին 40 օրերը, չհաշված Ավագ շաբաթը, հոգեւոր մոտեցում են ուզում, որովհետեւ սկսվում է փորձությունների մի ամբողջ շղթա: Այս օրերի ընթացքում մենք մեր մարմինը, միտքը կոփում ենք` հոգին զորացնելու համար: Շատ մարդիկ կան, որոնք թե՛ առողջական, թե՛ այլ խնդիրների պատճառով հնարավորություն չունեն սննդի պահք պահելու, մենք իրենց ասում ենք, որ փոխարենը եթե մի վատ սովորություն ունեն, փորձեն պահքի ընթացքում իրենց միջից վերացնել: Մի տեսակ թյուր կարծիք կա, որ պասը բժշկական տեսակետից օրգանիզմին օգուտ տալու համար է արվում: Մենք պահք պահում ենք մեր հոգիները զորացնելու եւ մեր հոգիներին փրկություն ճանաչելու համար:
-Ի՞նչ կարեւորություն ունի Զատիկը` Հարության տոնը, քրիստոնյա աշխարհի համար:
-Ժողովուրդը Զատիկ է անվանում, բայց դա իրականում Հարության տոնն է: Այն հինգ տաղավար տոներից մեկն է: Զատիկն իսկապես շատ մեծ տոն է, քանի որ եթե չլիներ Քրիստոսի հարությունը, չէր լինի մի ամբողջ քրիստոնեություն: Քրիստոսի հարությունը նոր իմաստավորման մեջ է դնում մեր ընթացքը: Հարությունը հուշում է անձի վախճանաբանությունը եւ իմաստավորումը: Հարության տոնն իր մեջ ունի զարթոնքի խորհուրդ, որը նախ եւ առաջ պետք է մեր մեջ զգանք: Ըստ եկեղեցական տոնացույցի` օրը փոխվում է ժամը 5-ից: Այդ իսկ պատճառով շաբաթ` երեկոյան, ճրագալույցի պատարագով սկսվում է պահքի լուծարումը:
-Ի՞նչ ճաշատեսակներ պետք է լինեն այդ օրը մեր սեղաններին:
-Երբ մարդ պասից դուրս է գալիս, չի կարելի միանգամից ճոխություն թույլ տալ, պետք է փուլ առ փուլ սկսել: Իսկ սեղանին պետք է լինեն ներկված ձվեր, որոնք դրվում են նոր աճեցված հասկի մեջ: Ձուն խորհրդանշում է երկրագունդը: Ավանդության համաձայն` ներկվում է կարմիր գույնով, որն էլ Քրիստոսի փրկչական արյունն է: Որովհետեւ Քրիստոսն աշխարհ եկավ հանուն մարդկության մեղքի եւ զոհաբերվեց բոլորիս փրկության համար: Հասկը նույնպես խորհրդաբանություն ունի: Մեջբերեմ Ավետարանից. «Եթե հատիկը չընկնի հողի մեջ, չմեռնի, նա բազում արդյունք չի կարող տալ»: Հասկը մեռնելով հարություն առավ ու նոր պտուղ տվեց»: Ձուկը նույնպես իր խորհուրդն ունի: Հնում, երբ քրիստոնյաները կատակոմբաներում էին հայտնվում, իբրեւ քրիստոնեության խորհրդանիշ` ձուկն էին նկարում, որ մյուս քրիստոնյաները տեսնելով հասկանային, որ էնտեղ նույնպես քրիստոնյաներ կան: Սեղանին դնում ենք նաեւ գինի, կանաչեղեն, չամիչով փլավ… Չամիչով փլավը նույնպես խորհուրդ ունի: Չամիչն իր մեջ քաղցրություն ունի եւ միշտ բրնձից քիչ է լինում փլավի մեջ, ինչը նշանակում է, որ քրիստոնյաները, որոնք այդ քարոզն արել են, քաղցր պտուղ են այդ ամեն ինչի մեջ:
-Պարտադի՞ր է, որ Զատիկն ամեն մարդ իր տանը նշի:
-Ընդհանրապես լավ կլինի, եթե յուրաքանչյուր արարողություն մարդն իր տանն անի, որովհետեւ ժողովրդական արտահայտությունները` «օջախը շեն լինի», «ուրախության ձայն լսվի», հենց այնպես ասված բառեր չեն, այլ իմաստավորված արտահայտություններ, որոնք իրենց մեջ խորհուրդ ունեն: Լավ է, երբ մենք մեր տներում այդ ուրախության ճիչերն ու ձայներն ենք լսում:
-Չգիտեմ` ավանդույթ է, թե ոչ, բայց կան մարդիկ, որոնք Զատկի օրը միմյանց նվերներ են տալիս: Դա ի՞նչ նշանակություն ունի:
-Ես դեռ այդ տեսակ բան լսած չկամ, բայց նվեր տալը գեղեցիկ բան է, այնպես չէ, որ խորհրդաբանություն ունի: Նվեր տալը պարտադիր նախապայման չէ, դա միանշանակ կարող եմ ասել:
-Չմոռանանք վերջում, ինչպես հարկն է, շնորհավորել. Քրիստոս հարեավ ի մեռելոց…
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ