ՀԱՐՑ. Իմացա, որ ՀՀ-ում անձնագրերը լիովին փոխվելու են: Խնդրում եմ բացատրել, թե նոր անձնագրերն ինչպիսին պետք է լինեն, եւ ինչ նպատակով է փոփոխությունն արվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. 2011թ. նոյեմբերի 30-ին ընդունված «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է 2012թ. հունիսի 1-ից անցում կատարել կենսաչափական տվյալներով ինքնությունը հաստատող փաստաթղթերի համակարգին:
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից:
Օրենքով անձնագիրը նախատեսվում է որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որն օգտագործվելու է նաեւ ՀՀ-ից դուրս գալու եւ ՀՀ վերադառնալու համար: Անձնագիրն ունենալու է Եվրամիության չափանիշներին եւ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության երաշխավորություններին համապատասխան պաշտպանական ապահովումներ` պարունակելով կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց, որում ամրագրվելու են օրենքով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում` քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ եւ ձախ ցուցամատների մատնադրոշմները:
Կենսաչափական տվյալներով անձնագրի ներդրմամբ`
1. կնվազեցվի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը,
2. հնարավոր կլինի առավել պարզ` ավտոմատացված եղանակով իրականացնել անձի նույնականացման գործընթացը,
3. կմեծանա անցանկալի անձանց հայտնաբերման հնարավորությունը,
4. ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան Եվրամիության անդամ պետություններ մուտքի վիզաներ ստանալ պարզեցված կամ հեշտացված ընթացակարգով:
Վերը նշված օրենքի մշակմանը զուգահեռ` շրջանառության մեջ դրվեց «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 2011թ. նոյեմբերի 30-ին եւ գործողության մեջ է դրվելու 2012թ. հունիսի 1-ից:
շարունակությունը հաջորդ համարում
վարչության պետ, ոստիկանության
գնդապետ Հ. Քոչարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվարկված առավելություններն այնքան շատ են, որ մնում է միայն զարմանալ, թե ինչպես է ստացվել, որ անձնագրերի փոփոխության հարցն այսքան երկարել է: