Մեր արցախցիներիս սուրբ ու կուռք Ս. Սարգսյան
Հայտնի է, որ արցախցիներն առաջին հարվածը ստացան, երբ Ստալինը գրչի մեկ հարվածով Արցախը տվեց Ադրբեջանին: Այդ տարիներին Արցախի մանուկներս ու պատանիներս շատ դառը մանկություն ու պատանեկություն ունեցանք: Այս դառնություններն է, որ ինձ ստիպեցին ազերիների նկատմամբ ատելությամբ , տոգորված հայրենասիրությամբ մնալ ու արարել փոքրիկ, աղքատիկ Զարդախաչ գյուղում: Ամուսնացա ու երկնեցի հինգ երեխա, որոնք հետագայում սովորեցին Երևանի պետական բարձրագույն բուհերում: Մանկավարժի փոքրիկ աշխատավարձս չէր բավականացնում օրավուր հոգսերին: Հավելյալ գումար վաստակելու համար, հիմնական գործիս զուգահեռ լծվեցի անասնապահի, կթվորի, ծխախոտագործի ծանր աշխատանքներին: Տարիներն առաջ սահեցին, եկավ ազգային ազատագրական պայքար դառն ու սարսափելի ժամանակները: Պատերազմի առաջին օրերից դարձա պայքարի ազատամարտիկ, ջոկատի խոհարար:
1992 թ.-ին տղաների հետ նահանջելով , հնարավորություն չունեցա մտնել գյուղ և տնից վերցնել փաստաթղթերս, գյուղը վառեցին: Սկսվեց տեղահանությունը: Անցնելով Թարթառն ամուսնուս հետ հասանք Մասիսի շրջանի Նորաբաց գյուղ: Գնեցինք 800 քմ տնամերձ հողամաս մոսկվաբնակ տղայիս միջոցներով, այնուհետև կառուցեցինք սեփական տուն, կից կառույցներով: Քանի որ ես և ամուսինս անձնագիր չունեինք առուծախի պայմանագիրը կազմեցինք աղջկաս` Արևիկ Ասրյանի անունով, ով 1994թ.-ից մինչև օրս ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Նշեմ նաև, որ Երևանի Կոմիտաս և Էրեբունի թաղամասերում Արևիկը ունի բնակարաններ, Աշտարակում` ամառանոց: Մի օր աղջիկս հայտարարեց, որ պատրաստվում է այդ հողամաս նվիրել զոհված ազամարտիկներից մեկի ընտանիքին: Ավելի հաճախակի շփվելով նկատեցի նրա մոտ հոգեկան շեղումներ: Ելնելով այս հանգամանքից, ես տարածքն անվանափոխելու համար հայցադիմումով դիմեցի դատարան:
2006թ. առաջին ատյանի դատարանը բավարարեց է իմ պահանջը, տալով ինձ սեփականության վկայական: 5 ամիս հետո տեղեկացա, որ Վերաքննիչ դատարանը չուսունասիրելով գործի մանրամասները, անօրինաբար, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, ընդունել միանգամայն հակառակ որոշում, ի օգուտ Արևիկ Ասրյանի: Վերջինիս կողմից սկսվեցին վիրավորանքի, զրպարտության և պատիվս ոտնահարող հերյուրանքների տարածման մի անհեթեթ գործընթաց, ինչի առթիվ դիմեցի դատարան: Հայցս բավարարվեց, աղջիկս տուգանվեց 2 մլն. դրամով: Սակայն ինձ հուզող խնդիրը մնում է չլուծված, արդեն վեց տարի է շարունակվող դատական գործընթացների մեջ եմ, ամեն անգամ բախվում եմ դատական համակարգի անկատարության և դատավորների կամայականությունների հետ:
Պարոն նախագահ, երբ ես ազատամարտիկների հետ դիրքերում էի, ազերիների հրետանու ներքո, ոչ մի անգամ չէի հուսահատվում, սակայն դատավորների այս բացահայտ անօրենությունները տեսնելով, հուահատությունից գժվում եմ: Անզորությունից, իմ խնդրի հնչեղություն տալու և ձայնս լսելի դարձնելու նպատակով երկու անգամ ինքնահրկիզման փորձ եմ արել: Անընդհատ հետաձգվող դատական գործընթացների ինձ հասցրել են բարոյական ու ֆինանսական վնասներ, որոնք հավատացած եմ չեն էլ փոխհատուցվելու:
Հարգարժան նախագահ, գիտեմ որ ՀՀ դատարանները անկախ են, բայց ով ասաց, թ ինչ ուզեն այն էլ կանեն: Ով է թույլ տալիս, որ նրանց կամակականությունն ու կաշառվածությունը մղեն ՀՀ քաղաքացուն ինքնասպանության, հիասթափության, արտագաղթի: Ով պիտի քանդի դատական համակարգի անօրեն պատը:
Պարոն նախագահ, խնդրում եմ Ձեզ որպես ՀՀ քաղաքացի, բազմազավակ մայր, արցախյան ազատամարտիկ, ինչու չէ նաև որպես հայրենակից, օգնեք լուծելու այս վիճահարույց և ամոթալի խնդիրը, հանձնարարեք ստեղծել հանձնախումբ, որը հանգամանալից ուսունասիրի այս գործը և վերջնական լուծում տա: Անգամ եթե արդյունք իմ օգտին չլինի, միայն թե ապահովվի անաչառությունը:
Խնդրում եմ Ձեզ օգնեք ինձ կրկին չկորցնելու սեփական ուժերով, իմ հայրենիքում, իմ սեփական հողի վրա կառուցած տունս, այս անգամ ոչ թե թշնամի ազերիների, այլ կոռումպացված դատավորների պատճառով: Հուսով եմ, որ արդարությունը կհաղթի:
ՄԱՐՈՒՍՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԼՂՄ Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղի բնակչուհի,
վերաբնակեցված Արարատի մարզի Նորաբաց գյուղում