ԲՀԿ-ն այսօրվա քարոզարշավը սկսել է դերասաններ Պաուզա Անոյի` Նարինե Ոսկանյանի, Արթուր Հակոբյանի, Վլադիմիր Կոստանյանի, հումորիստ Արմեն Ավետյանի ուղեկցությամբ: Հումորիստները մինչ Ծառուկյանի բեմ դուրս գալը կամ դրանից հետո ձվից, բանից, զոքանչի ,դիագնոզիցե էին խոսում, անեկդոտներ պատմում հավաքվածներին, մինչև Ծառուկյանը հանդիսավորությամբ ներկայանար Չարենցավանի և Հրազդանի ընտրազանգվածին:Վերջապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ծափերի ու երաժշտության հնչյունների ներքո սկսեց իր միանձնյա ելույթը. “Սիրելի ժողովուրդ, այսօր սկսել է քարոզարշավը, և ես բոլոր մարզերով, քաղաքներով անցնելու եմ, ողջունելու եմ և ներկայացնելու եմ մեր ծրագիրը: Այն ծրագիրը` ձեզ հուզող պրոբլեմները, որը մենք դա գիտենք, տեղյակ ենք, և ամենակարևորը` այդ բոլորը լուծում ունի… Այսօր ես երբեք և երբեք ժողովրդին սուտ բառ չեմ ասել, սուտ խոստումներ չեմ ասել: Այն, ինչ որ մենք կարող ենք անել, դա ենք ասում: Եվ ես այսօր նույնպես ասում եմ, որ ունենք թիմ, համախմբված թիմ, լավ մասնագետներ, ոչ թե ծանոթ, բարեկամով, այլ հիմնականում այն մարդիկ, ովքեր պատրաստակամ են այդ ծանրությունը տանելու, և ժողովրդի հոգսը թեթևացնելու: Սիրելի ժողովուրդ, մենք ինչ ասում ենք, դա իրականություն ենք դարձնելու… Ես ոչ թե կարդացած, պաշտպանած, այլ լիարժեք կյանքի մարդ եմ, որը ես այդ բոլորը պրակտիկորեն գիտեմ… Մենք պետք է հիմնականում կարողանանք զբաղվածության խնդիր ապահովենք մեր ժողովրդին, որ մարդիկ կարողանան իրենց զբաղվածությամբ ստեղծեն իրենց օրվա հացը… Ես քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե պաշտոնի, հեղինակության, այլ Աստծո կամոք. դուք գիտեք այդ բոլորը ես ունեմ, իմ ունեցածի չափով ուզում եմ օգտակար լինեմ, բայց մի բան լավ իմացեք` բարեգործությամբ երկիր չես կառուցի… Ձեզ հետ կարելի է շատ խոսել, բոլոր ոլորտներից` տող առ տող, հիմնականում ես նորից եմ ասում` մենք ոչ թե կարդացել, պարապել, եկել ձեզ հետ զրուցում ենք, այլ հիմնականում տեսնելով պրոբլեմը, խնդիրը և դրա լուծումը…”: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ աշխատող մարդուն աշխատանքի հնարավորություն և ուշադրություն է անհրաժեշտ, և որ ԲՀԿ-ն այդ հարցում հետևողական է լինելու: “Մենք փողով պաշտոնի չենք նշանակում: Այն մարդը, ով կարող է այդ ծանրությունը տանել, այդ աշխատանքն իրականացնել, ուրեմն էդ տեղը իրենն է: Ով չի կարողանում կատարել, իր տեղը զիջում է նրան, ով կարող է դա կատարել: Ես ուզում եմ ասել, որ ձեր ապագայի համար որոշողը դուք եք: Տրված է ձեզ հնարավորություն, որ մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տաք այն կուսակցությանը, ում որ դուք հավատում եք: Էսօր ես չեմ ասում, դոշ չեմ ծեծում` ձեր ձայնը տվեք, այլ դուք պարտավոր եք նայելու, որոշելու ձեր հոգու առաջ, ձեր գաղափարի առաջ, ձեր տեսածի առաջ ու անպայման մասնակցեք ընտանիքով: Եվ պետք է լիարժեք հավատաք, վստահեք ու պահանջեք: Դա է խնդիրը… Դուք եք որոշելու՝ մայիսի 6-ից հետո ինչ կառավարություն կունենանք, մայիսի 6-ից հետո ինչ տնտեսություն կունենանք, և մայիսի 6-ից հետո 5 տարիների ընթացքում թե դուք ինչպես կապրեք: Որոշողը դուք եք, որ ոչ մեկի չմեղադրեք…”: Ծառուկյանը վերջում հավաքվածներին մաղթեց բարի ժամանց: Նախընտրական միջոցառման կազմակերպիչները նրան ճանապարհեցին մի ձոն-երգով` գրված հատուկ Ծառուկյանի համար. իսկ խոսքերի մասին խոսք չկա. “Բարգավաճես, բարգավաճես, մեր բարգավաճ Հայաստանն ես, Բարգավաճի նախագահն ես, մեր պաշտելի Ծառուկյանն ես…”: Չմոռանանք. երբ Ծառուկյանը բեմից իջնում էր, հիմնականում սոցիալական խավը նամակներով ,հարձակվում էրե նրա վրա, թեև Ծառուկյանը ելույթի ժամանակ էլ ասաց, որ բարեգործությամբ երկիր չես պահի:
Դե վերջում էլ հումորիստ Արմեն Ավետյանը հնչեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի սիրած արտահայտությունը. “Պայքար, պայքար, մինչև ե՞րբ…”: