Վերջերս Երևանի երեք մանկապարտեզներ փչացած թռչնամիս էր առաքվել, և լուրեր էին պտտվում, որ այն մեկ ամսվա սառեցում ուներ:
Ահազանգ, իհարկե, կառույցներից եղել էր, սակայն փորձաքննության եզրակացությունը դեռևս պատրաստ չէ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, ով հավելեց, որ լուրերը, թե դա «Ալավերդի» թռչնաֆաբրիկայի արտադրանք է, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նման ֆաբրիկա առհասարակ գոյություն չունի:
Ս. Ստեփանյանի փոխանցմամբ` կարծիքներ կան, որ առկա է եղել աղիքային հիվանդություն:
«Հետազոտություններն անց ենք կացրել «Նուբարաշենի», «Արաքսի», «Ագրո Տրեք» ՍՊԸ-ի, «Լուսակերտ ԼՂՀ» թռչնաֆաբրիկաներում: Հայտնում ենք, որ երեք հարյուր գրամանոց ճուտը իրավունք չունի առևտրի շուկա մտնել` որպես ճուտ: Ուսումնասիրությունների հիմնական նպատակն այն է, թե առևտրի ոլորտում թռչնամթերքի ստանդարտը որքանով է համապատասխանում պահանջվածին:
Բոլոր խոշոր սուպերմարկետներում դիտարկումներն անց են կացվել, յուրաքանչյուրից վերցվել են հնգական նմուշ»,- տեղեկացրեց Ստեփանյանը` հավելելով, որ սահմանվածից ավել հարուցիչներ թռչնամսում չեն հայտնաբերվել:
Ինչ վերաբերում է մանկապարտեզի դեպքին, թռչնաբույծների միության նախագահը հայտնեց, որ դեռևս նախաքննություն է ընթանում:
Ստեփանյանը վստահ է, որ փոքր ՍՊԸ-ի ուժից վեր է այդքան թռչնամիս ունենալ և պահել: Նման ֆաբրիկաներն աճեցնում են առավելագույնը մինչև երկու հազար գլուխ թռչուն:
Իսկ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը հարց ուղղեց, թե ու՞ր են հզոր կառույց Սննդի պետական տեսչությունը, քաղաքապետարանի առևտրի սպասարկման վարչությունը: Արմեն Պողոսյանը վստահեցրեց, որ պետական կառույցները գլխով են պատասխանատու իրավիճակի համար:
«Այս պահին Հայաստան է ներկրվում թռչնամսի մոտավորապես վաթսուն տոկոսը, սա պատիվ չի բերում: Հիմա շատ թռչնաֆաբրիկաներ դատարկ են, հնարավորություն կա դրանք լցնելու, բայց չի արվում: Ես անձամբ դիմել եմ սննդի պետական ծառայությանը, որ ինձ տվել են կասկածելի արտադրանք` հավի ճուտ, ասացի կարող եք գալ վերցնել նմուշը, որն ինձ մոտ է, նրանք մերժեցին` ասելով, որ նմուշ կվերցնեն խանութից: Ես չունեմ արդյունք իմ ահազանգին, թե ինչ տվեց փորձաքննությունը: Ու սրանից հետո եղավ մանկապարտեզի դեպքը»,- պատմեց Ա. Պողոսյանը` ևս մեկ անգամ հարց հնչեցնելով, թե ու՞ր են դատախազությունն ու քննության արդյունքները: