Տոկիոյի իշխանությունները նախատեսում են Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվելիք 2020թ.-ի ամառային օլիմպիական խաղերից առաջ մաքրել Տոկիոյի ծովածոցի ջրերը: Այդ մասին տեղեկացրել են տեղական լրատվամիջոցները:
Սպասվում է, որ 2015թ.-ի բյուջետային առաջարկում կառավարությունը 3,6 մլրդ յեն կպահանջի (գրեթե 35 մլն դոլար)՝ քաղաքի բնապահպանական վիճակը բարելավելու նպատակով: Այդ գումարներով էլ նախատեսվում է մաքրել ծովածոցի ջրերը, որի հյուսիսային մասը գտնվում է Տոկիոյի հենց կենտրոնում:
Ծովային ջրի մաքրման առիթ է դարձել այն, որ Օլիմպիադայի կազմակերպիչներն առաջարկել են տրիատլոնի մրցույթի լողային փուլն անցկացնել Տոկիոյի ծովածոցում:
Ինչպես ցույց են տվել վերջին ուսումնասիրությունները, ծովածոցում ջուրը պիտանի չէ լողալու համար, իսկ որոշ տեղերում ջրից ծայրահեղ վատ հոտ է գալիս ջրիմուռների պատճառով: Տոկիոյի իշխանությունները մտադիր են սահմանափակել ծովն աղտոտող արտանետումները, մաքրել հատակը աղբից, ինչպես նաև հատուկ միջոցների օգնությամբ մաքրել ջուրը ջրիմուռներից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: