Այս տարվա ընդունելության քննությունները ցույց տվեցին, որ Հայաստանի մասնավոր բուհերում շատ քիչ ընդունվողներ են եղել: Այսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ այն մտահոգությանը, թե այդ հանգամանքը կարող է պատճառ դառնալ մասնավոր բուհերի փակման համար:
Նախ նախարարը նշեց, որ Հայաստանում տարիներ առաջ կրթության ոլորտում վատ վիճակ էր տիրում, քանի որ մասնավոր բուհերի նկամամբ պետության վերահսկողությունը համակարգված չէր:
Նշենք, որ մասնավոր բուհերի ռեկտորները մշտապես բարձրաձայնում են, որ մասնավոր բուհերում ներդրված քննությունների միասնական համակարգն է պատճառ հանդիսանում այդ բուհեր քիչ ընդունելության համար:
«Անցան այն ժամանակները, երբ Հայաստանում մասնավոր բուհերն ավելի շատ էին, քան քաղաքական կուսակցությունները: Նրանց շարքում, իհարկե, կային կայացող մասնավոր բուհեր: Մասնավոր բուհերի զարգացման համար անհրաժեշտ է, որ բոլորն աշխատեն հավասար պայմաններում», – նշեց նա:
Աշոտյանը հավելեց, թե պետական բուհերին վճարովի տարկետման իրավունքից զրկելը մասնավորներին աշխատելու հնարավորություն է տվել:
«Մենք պատրաստ ենք քննարկել մասնավոր բուհերին պետական պատվերով տեղ հատկացնելու հարցը: Հիմա նոր հավատարմագրում է եկել, անցեք այն, և մենք ձեզ կհատկացնենք պետական պատվեր», – ընդգծեց նախարարը:
Նա վստահեցրեց, թե այս ամենը բերելու է բուհերի մրցակցության բարձրացմանը: