Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինը՝ Նարինե Միրզոյանը, հայտարարություն է տարածել Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում իր ընդգրկվելու առնչությամբ և նշում է, որ չլինելով որևէ քաղաքական կուսակցության անդամ և լավ չպատկերացնելով ընթացիկ նախընտրական գործողությունների տրամաբանությունը սեփական թյուրըմբռնման պատճառով ընդգրկվել է Հանրապետական կուսակցության ընտրացուցակում։ “Վերջին օրերին իմ անվան շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է ինձ բացատրություններով հանդես գալ հասարակության առջև: Ես բժշկական գիտությունների դոկտոր եմ, Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ ` այն ուսումնական հաստատության, ուր սովորել եմ ու աշխատել երկար տարիներ և որի ստեղծման ու զարգացման հետ կապված եմ ընտանիքիս երեք սերունդներով”,- ասվում է հայտարարությունում, որը Տիգրան Խզմալյանը տեղադրել է նաև ֆեյսբուքյան իր էջում: Նարինե Միրզոյանը նշում է, որ ԵՊԲՀ-ը միշտ և հատկապես այժմ եղել ու մնում է իր համար հարազատ ու մտերիմ և ինքն այս ամենն ասում է, որովհետև ամենից շատ ցանկանում է իր “կատարած սխալի պատճառով առաջացած խնդիրներից զերծ պահել”իր հարազատ համալսարանը և նրա ղեկավարությանը: “Սխալս կայանում է նրանում, որ չլինելով որևէ քաղաքական կուսակցության անդամ և լավ չպատկերացնելով ընթացիկ նախընտրական գործողությունների տրամաբանությունը, ես ընդգրկվեցի Հանրապետական կուսակցության ընտրացուցակի մեջ: Ընդգծում եմ, որ արել եմ դա սեփական թյուրըմբռնման պատճառով, որի համար ողջ պատասխանատվությունը` ինչպես բարոյական, այնպես և վարչական` կրում եմ ինքս”,- ասվում է հայտարարությունում: “Ցանկացած աշխատող հայ կնոջ պես, կյանքիս երկու գլխավոր կենտրոններն եմ համարում ընտանիքս ու աշխատանքս, իմ դեպքում` գիտությունն ու մանկավարժությունը: Պետք է խոստովանեմ, որ քաղաքականությունը իմ հետաքրքրությունների մեջ երբեք չէր մտնում ու ես հենց այս պատճառով անհրաժեշտ եմ համարում դիմել խնդրանքով` ընդունել ՀՀԿ ընտրացուցակից իմ ինքնաբացարկը”,- Նարինե Միրզոյանը նշել է իր հայտարարությունը:
Խզմալյանի կինը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ