Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` սեպտեմբերին նախատեսվում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան։ Նախնական պայմանավորվածության համաձայն`այցը կկայանա սեպտեմբերի 8-9-ը:
Ռուսաստանի վարչապետի այցի շրջանակներում հնարավոր է նաև քննարկում` կապված հայկական ապրանքների՝ Ռուսաստան արտահանման հետ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ նշված հարցին:
«Ռուս չինովնիկների այցը Հայաստան նորություն չէ: Ռուսաստանն ուզում է համագործակցել Հայաստանի հետ: Երբ ՌԴ-ն սանկցիաներ կիրառեց, նախատեսում էր այլ երկրների հետ աշխատել: Ռուսատանը, որքան էլ իր բազայում ունենա բավարար չափով հանգստի վայրեր, կարող է նաև օգտվել մեր առողջարանների ցանկից: Ասենք` կարող են Հայաստանին վարկեր տրամադրեն, փոխարենը իրենց քաղաքացիները գան ու մեր առողջարաններում հանգստանան»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանն իր տնտեսությունը զարգացնելու համար միայն ներկրման վրա չէ որ պետք է կենտրոնանա. անշուշտ, ներկրումն էլ իր դրական ազդեցությունը կարող է ունենալ:
Մյուս բանախոս՝ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ մեր գյուղատնտեսությունը բավականին զարգացած է, և գյուղատնտեսական մթերքների արտահանումը կարող է շատ օգուտ բերել մեր տնտեսությանը:
«Այս դեպքում նոր տնտեսական շուկան կայացած կարող է լինել: Բայց միայն գինու, պահածոների արտահանման վրա կենտրոնանալ պետք չէ»,-հավելեց տնտեսագետը: