Կին է, բա որ ճանգռի. Ռ. Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում կնոջ հետ, տվյալ դեպքում Ավան թաղամասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գայանե Առուստամյանի հետ բանավեճի մեջ մտնել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: “Ես կնոջը այլ տեղում եմ պատկերացնում: Ճիշտ է, ես Գայանե Առուստամյանին չեմ ճանաչում, բայց ոճից նման է Նիկոլին: Կին է, բա որ ճանգռի: Կատակը մի կողմ. ասեմ, որ ես պատրաստ եմ Հայ ազգային կոնգրեսի 1-10 հ ամարների հետ, բացառությամբ երրորդ համարից, նա իմ ընկերն է, ես բանավիճելու բան չունեմ Արամ Սարգսյանի հետ”,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:Հարցին, թե հնարավոր է բանավեճ Ստեփան Սաֆարյանի հետ, որը նույնպես նույն ընտրատարածքից ցանկանում է դառնալ պատգամավոր, Ռուբեն Հայրապետյանն ասաց.”Գոյություն ունի տրամաչափի խնդիր, ես պատրաստ եմ, իրենք թող տաս հոգով գան, ես մենակ: Նենց չի, որ բանավեճը լեզվի կռիվ է, ես իմ պապերը, ապու պապերը ծնվել ենք ավանում, և ես տասը տարի շարունակ և ավել շատ բաներ եմ արել մեր թաղամասի համար և ունեմ շատ մեծ ընտրազանգված”,-ասաց Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ վերջերս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս էր հրավիրել և հայտարարել, որ ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը գալիք խորհրդարանական ընտրություններում: Հայրապետյանը կես կատակ-կես լուրջ ասել էր նաև, որ իր որոշումը փոխելու վրա կարող է ազդել միայն իր ընկեր Սամվել Ալեքսանյանը: Իսկ ասուլիսից օրեր անց Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշեց, որ Ավան թաղամասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու կառաջադրվի Ռուբեն Հայրապետյանը:Ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ ՀՀԿ-ն որոշել էր Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի թեկնածությունը: Ռուբեն Հայրապետյանը նույն ընտրատարածքից արդեն պատգամավոր է ընտրվել երկու անգամ, 2003 և 2007 թվականներին:




Լրահոս