ՌՈՒՍԱԿԱՆ ԲՈՒՀԸ ԿԳՈՐԾԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Եվրասիական տնտեսական միության ճանապարհին Հայաստանի ֆորպոստացումը սկսել է նոր թափ ստանալ, ներառելով գրեթե բոլոր բնագավառները, այդ թվում՝ կրթության ոլորտը:
Բանն այն է, որ կառավարության օգոստոսի 14-ի նիստում վերջին պահին օրակարգում ընդգրկվել էր Հայաստանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ հիմնադրելու եւ վերջինիս գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը: Բնականաբար, կառավարությունը մեծ խանդավառությամբ ընդունել է այդ որոշումը:
Հայաստանում Լոմոնոսովի անվան համալսարան բացելն ինքնին լավ իրադարձություն է, եթե այդ համալսարանը գործի իրավահավասար պայմաններով: Բայց քանի որ ՀՀ իշխանությունները ռուս պաշտոնյաների հետ բանակցություններում իրենց պահում են հնազանդ հարճի նման, ինչպես մյուս երկկողմանի համաձայնագրերում, այնպես էլ կրթական ոլորտում, տպավորություն է, թե պայմանագիրը բխում է միայն մի կողմի՝ ՌԴ շահերից, իսկ երկրորդ կողմը՝ Հայաստանը, քննարկումների ժամանակ ներկա չի եղել: Այս առումով շատերը կհիշեն գազային սկանդալային համաձայնագրերը, ընդ որում՝ ռուս պաշտոնյաները հետագայում անկեղծացել էին՝ ասելով, թե բանակցությունների ժամանակ ՀՀ պաշտոնյաները որեւէ առարկություն կամ պահանջ չեն ներկայացրել ու համաձայնվել են այն ամենին, ինչ իրենք ասել են: Նույնն է նաեւ կրթական համաձայնագրերի դեպքում:
Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ հիմնադրելու համաձայնագրում այս առումով ուշագրավ է հատկապես ֆինանսավորման խնդրին վերաբերող հատվածը: «Մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի եւ մյուս մասնագետների նյութական ապահովումն իրականացվելու է ի հաշիվ Հայաստանի Հանրապետության բյուջեի եւ ներգրավված այլ միջոցների, Համալսարանի կողմից գործուղված պրոֆեսորադասախոսական կազմի եւ այլ մասնագետների նյութական ապահովման կանոնների մասին Արձանագրությանը համապատասխան, որը համարվում է Համաձայնագրի անքակտելի մասը: Մասնաճյուղ գործուղված պրոֆեսորադասախոսական կազմի եւ այլ մասնագետների նյութական ապահովման հաշվի մեջ են մտնում աշխատավարձը, գործուղման ծախսերը, պարտադիր վճարների փոխհատուցումը, Մոսկվա-Երեւան-Մոսկվա ավիաչվերթի տոմսերի վճարումը»,-նշված է համաձայնագրի 8-րդ հոդվածում:
Ինչպես նկատեցիք, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի հայկական մասնաճյուղը գործելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ հարկատուներիս հաշվին, ինչպես ՀՀ-ում գործող մյուս պետական բուհերը: Ընդ որում, դատելով վերջին ամիսների զարգացումից, կարելի է եզրակացնել, որ մոսկովյան բուհի մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել ռուսական կողմի պահանջով. ի վերջո, ամոթ կլինի, եթե ԵՏՄ մտնելիս ՀՀ-ում անգամ տաքսու վարորդները չիմանան ռուսերեն: Այս համաձայնագիրը, սակայն, շատ նման է Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ դեռ 2011թ. ստորագրած ռուսական ռազմակայանների՝ ՀՀ-ում տեղակայման ժամկետների երկարաձգելու պայմանագրին, երբ ռազմակայաններին անվարձահատույց տրվեց հողը: Ավելին՝ ռուսական զորքերի ծախսերի 50 տոկոսը դրվեց ՀՀ պետական բյուջեի վրա: Իսկ ահա Լոմոնոսովի համալսարանի դեպքում իրավիճակն այլ է՝ ծախսերն ամբողջությամբ հոգում է հայկական կողմը: Թե որքան գումարի մասին է խոսքը, առայժմ իշխանությունները չեն մանրամասնում: Բայց դժվար չէ կռահել, որ ռուսական բուհի դասախոսները չեն աշխատելու նույն դրույքաչափով, ինչ հայկական բուհերի դասախոսները: Այսինքն՝ նրանց աշխատավարձերը լինելու են շատ ավելի բարձր, քան Հայաստանում է:
Այստեղ կարեւոր է եւս մեկ հարց. իսկ որքանո՞վ են այդ ծախսերն արդարացված, եւ արդյո՞ք կա նման բուհ բացելու պահանջարկ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Հայաստանում նվազել է ուսանողների թիվը, նվազել է նաեւ մասնավոր բուհերի քանակը, իսկ պետական բուհերում փակվել են մի շարք բաժիններ կամ ֆակուլտետներ: Օրինակ՝ 2013թ. դիմորդների քանակը 3 հազարով պակաս է եղել նախորդ տարվա համեմատ: Այս տարի դիմորդների քանակը 2013թ. համեմատ նվազել է 1500-ով: Հետեւողականորեն նվազել է նաեւ բուհերի թիվը. 2008/09 ուստարում ՀՀ-ում գործել է 90 բուհ՝ 144.4 հազար ուսանողով, իսկ 2012/13ուստարում բուհերի թիվը դարձել է 65՝ 90 հազար ուսանողով:
Այսինքն՝ մի երկրում, որտեղ ուսանողների թվի նվազելու պատճառով փակվում են բուհերը, իշխանությունները ռուսական նոր ուսումնական հաստատություն են բացում, այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից հսկայական ծախսեր անում, եւ այդ ամենը հարկատուներիս գրպանից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԴԵՂՁԻ ԱՎԵԼՑՈՒԿ ԿԱ
Այս պահին Հայաստանում դեղձի քանակը շատ է եւ ներքին շուկայում այդ մրգի մեծ ավելցուկ կա: Այդ պատճառով էլ իրացման խնդիր է ստեղծվել եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ այս պահին իրենք տարբերակներ են որոնում, որպեսզի առաջիկա շաբաթներին դեղձը Հայաստանից արտահանվի: «Ժողովուրդ»-ը գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ. «Այս պահին փոխնախարարներից մեկի ղեկավարությամբ նախարարությունում ստեղծվել է խումբ, որը աշխատանքներ է տանում արտահանող կազմակերպությունների, մենատնտեսների հետ, որպեսզի ոչ միայն դեղձը, այլեւ մնացած մթերքները, որոնք ենթակա են արտահանման, արագ կազմակերպվի դրանց արտահանումը»: Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանից դեղձ արտահանվում է, բայց քանակությունն առանձնապես մեծ չէ:
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՆԻՍՏ
Այսօր՝ ժամը 20:00-ին, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը Գործադիր մարմնի նիստ է հրավիրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականներին կուսակցության գրասենյակից հայտնել են, որ արձակուրդի մեջ գտնվող Սերժ Սարգսյանը եւս կմասնակցի նիստին: Սակայն շատ կուսակցականներ չեն մասնակցի, քանի որ Հայաստանում չեն եւ ՀՀԿ-ն էլ չի պարտադրել շտապ վերադառնալ: Ըստ ամենայնի, ՀՀԿ վերնախավը կքննարկի Սոչիում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ու դրա հետեւանքները, քանի որ այդ իրադարձություններից հետո ԳՄ նիստ չի եղել:
Օրինակ՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնվում է իր երկրորդ հայրենիքում՝ Հունաստանում եւ առայժմ չի պատրաստվում վերադառնալ:
ԶԱԴՆԻ
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը ուսուցիչներին, դասախոսներին եւ բուհերի այլ աշխատողներին օգնելու նպատակով պատրաստվում է բաց նամակ ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Բուհերի որեւէ դասախոս, ով ծնվել է 1974թ.-ի հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Այս հանգամանքը մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես այն դասախոսների համար, ովքեր համատեղությամբ աշխատում են նաեւ մասնավոր ընկերություններում, քանի որ բուհում աշխատելու պատճառով նրանցից կպահվի ոչ միայն համալսարաններից ստացվող աշխատավարձից»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՉԵՆ ԱՌԵՐԵՍՎԵԼ
Գործարար Փայլակ Հայրապետյանի եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի միջեւ առ այսօր առերեսում չի եղել, եւ դեռ ստույգ հայտնի չէ, թե երբ կլինի: Այս մասին Armlur.am-ին ասել է Փայլակ Հայրապետյանը՝ հավելելով, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն` մոտ օրերս առերեսումը կլինի: «Դե ասում են` բան չմնաց, մոտ օրերս կլինի: Անհամբեր այդ օրվան եմ սպասում»: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը կասկածվում են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր լինելու մեջ:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայկական տանկային անձնակազմերին` «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցնելու առթիվ: «Սիրելի տանկիստներ, երեսունվեց տանկային անձնակազմերի միջեւ լարված պայքարում հաջողությունն ու հաղթողի յուրօրինակ դափնիները դարձան ձեր հրամանատարների արհեստավարժության, անձնակազմի ուսուցումը ճիշտ եւ հմտորեն կազմակերպելու, իսկ հայ զինվորի կողմից` որեւէ դժվարության առջեւ չընկրկելով առաջադրանքները կատարելու եւ իր Հայրենիքի անունը բարձր պահելու խորհրդանիշ»,-ասված է ուղերձում:
ՃՈԽ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները պատրաստելու համար Հայաստանի կառավարությունը ֆինանսական ռեսուրս չի խնայի: Այս մասին Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։«Մարդիկ պետք է իրոք ականատես լինեն այն պատմությանը, որ եղել է 100 տարի առաջ: Բազմաթիվ միջազգային կառույցներ իրական պատկերին ծանոթ չեն, ինչպես նաեւ մեր՝ Արցախ-Ադրբեջան հակամարտության մասով: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ավելի շատ հյուրեր գան Հայաստան, իրականությանը քաջատեղյակ լինեն։ Ռեսուրս չենք խնայելու, որպեսզի ավելի ճոխ ներկայացնենք իրականությունը ամբողջ աշխարհին»: