ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՆԴՐԱՆՔԻ ՄԵՐԺՈՒՄԸ ԴԱՐՁԱՎ ԿՐԱԿՈՑԻ ԱՌԻԹ

Օրեր առաջ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում բնակիչների միջեւ սկսած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով: Միջադեպի կիզակետում Հայաստանի էլեկտրական ցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղի պատասխանատու Դանիել Կարապետյանն է եւ գյուղի բնակիչ Ատոմ Սարգսյանը: Պատճառը խնդրանքի մերժումն էր:

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ Հայկաշեն գյուղը երկար ժամանակ է լուսավորության խնդիր ունի: Գյուղի բնակիչներից Ատոմ Սարգսյանը «Հայէլեկտրացանց»-ի «Մուսալեռ» մասնաճյուղի պատասխանատու Դանիել Կարապետյանի հետ քննարկել է, թե էլեկտրացանցերն այնքան շատ թիվ են հաշվիչների վրա գրում, դրա համար էլ գյուղը զրկված է լուսավորությունից: Արդյունքում տղամարդկանց մեջ վիճաբանություն է սկսել եւ այնքան է թեժացել, որ Ատոմը, հանելով իր մոտ եղած որսորդական զենքը, կրակել է Դանիելի ոտքերի ուղղությամբ:
Կրակոցից հետո փողոցում խուճապ է ստեղծվել, որից հետո Ատոմը Դանիելին թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի:
Ավելի ուշ Դանիելին շտապ տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո էլ տեղափոխել են Երեւան:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայէլցանցեր»-ի «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ: Ըստ նրա` իր աշխատակիցն այս պատմության մեջ միանգամայն անմեղ է եղել. «Այն, որ ասում են, թե կատարվածը կապ ունի մեր ընկերության հետ, դրանք հերյուրանքներ են: Իմ ունեցած տեղեկություններով՝ միջադեպի պատճառները միանգամայն ուրիշ են: Կրկնում եմ՝ հաշվիչների հետ կապված որեւէ խնդիր չի եղել»:
Հարցին՝ միգուցե կատարվածն անձնական հողի վրա է եղել, Դավիթ Ղազինյանը պատասխանեց. «Չէ, անձնական հարց այստեղ եւս չկա: Լույսի հետ կապված հարց է եղել, բայց ընկերության գործունեության հետ կապ չունի: Դեպքի օրը եղել եմ Վաղարշապատի հիվանդանոցում: Այդքան լուրջ վնասվածք չէր ստացել, ոտքերն են վնասվել: Երբ Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխեցին Երեւան, դեռ այցելության չեմ գնացել, բայց այսօր պատրաստվում եմ»:
Դավիթ Ղազինյանի պատմելով՝ ինքը 2007թ. հոկտեմբերի 1-ից աշխատում է «Հայէլեկտրացանց»-ի «Մուսալեռ» մասնաճյուղում` որպես տնօրեն, ու սա առաջին լուրջ դեպքն էր, որին մասնակից է եղել իրենց ընկերության աշխատակիցը: Նա բացատրեց, որ միջադեպը չի առնչվում իր գործունեությանը, քանի որ դժգոհության սլաքն իրենց չպետք է ուղղվի: «Մենք ազգաբնակչությանը հոսանք ենք մատակարարում, բայց հաշվիչից դեպի տուն հոսանք մատակարարման հետ որեւէ կապ չունենք: Այսինքն՝ հաշվիչից դեպի տուն կամ գյուղական լուսավորության հարցը մեզ հետ չի առնչվում, մենք ի՞նչ կապ ունենք»,-տարակուսեց տնօրենը:
Ավելին, մեր զրուցակցի խոսքով՝ իր ունեցած տեղեկություններով՝ միջադեպի պատճառը եղել է այն, որ գյուղի բնակիչ Ատոմը, Դանիելին իր լիազորությունների շրջանակից դուրս մի խնդրանքով է դիմել, իսկ նա էլ հրաժարվել է կատարել: «Հենց դեպքի առաջին օրը Դանիելն ինձ կցկտուր բաներ պատմեց, սակայն, հաշվի առնելով, որ ներկա պահին նախաքննություն է ընթանում, ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց Ղազինյանը:
Փորձեցինք կատարվածի շուրջ զրուցել նաեւ երեք երեխաների հոր` Դանիելի հարազատների հետ, սակայն վերջիններս հրաժարվեցին խոսել: Միայն կարողացանք տեղեկանալ, որ երեկ նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ:
Իսկ ահա նրա վրա կրակած Ատոմ Սարգսյանին երեկվա դրությամբ դեռ չէին հայտնաբերել: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հ.Գ Մինչ բնակիչները համայնքի լուսավորության համար վիճում են ու կրակոցներ արձակում միմյանց վրա, Հայկաշեն համայնքի ղեկավար Վարշամ Հովհաննիսյանը շարունակում է ընդհատակում մնալ: Երեկ ողջ օրվա ընթացքում նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Միգուցե ընդունո՞ւմ է իր մեղքի բաժինը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՄԱՆ ԵԿԱՆ ՈՒ ՉԳՏԱՆ ՄՈՐԸ
Օգոստոսի 18-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղում երկու երեխաների մորը՝ 28-ամյա Անահիտ Ավետիսյանին, հայտնաբերել են տան նկուղում՝ կախված վիճակում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նորաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Հարությունյանն ասաց, որ ինքնասպան եղած աղջիկը տանը մենակ է եղել, իսկ ընտանիքի անդամները դաշտում են եղել. «Երեխաները մորը ման են եկել չեն գտել, հետո ամուսինն է եկել տուն ու կնոջը գտել է նկուղում կախված: Չեմ լսել, որ ամուսիններով կռված լինեն կամ անհաշտ ապրեին, նորմալ պայմաններում էին ապրում եւ սիրով»:
Ըստ մեր զրուցակցի՝ Անահիտի հարազատների շրջանում խոսակցություններ են պտտվում, որ նրա այդ քայլի պատճառը առողջական խնդիրներն են եղել. «Թե որքանով է ճիշտ, չեմ կարող ասել, բայց այդպիսի խոսակցություններ կան նրանց ընտանիքում»:

 

ՊՈՒՏԻՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Մաքսային միության երկրների առաջնորդներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նուրսուլթան Նազարբաեւի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպմանը: Բանակցությունները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվեն օգոստոսի 26-ին: Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել է, որ Պուտինը գագաթաժողովի շրջանակներում անցկացնելու է մի շարք երկկողմ հանդիպումներ:

 

ԴԵՌ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ
Օգոստոսի 7-ին գերության մեջ հայտնված եւ հենց Ադրբեջանում օգոստոսի 8-ին մահացած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակի հայրենադարձման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, սակայն առայժմ որեւէ առաջընթաց չկա այդ գործընթացում: Այս մասին ԳԱԼԱ-ին ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

 

ԳՈՂՈՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կառավարության վարչություն է ուղարկել բյուջետային միջոցներով ձեռքբերված իր հանդերձարանի մի մասը: Ծանրոցում գտնվել են կոստյումներ եւ քաշմիրից վերարկու: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները` առաքիչը կառավարության շենքի ընդունարանում թողել է հետեւյալ գրառմամբ ծանրոցը. «Պարոն Իվանիշվիլի, վերադարձնում եմ այն սեփական նախընտրությամբ օգտագործելու համար»: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Վրաստանի գլխավոր դատախազությունը Միխայիլ Սահակաշվիլիին մաղադրանք էր առաջադրել անձնական կարիքների համար պետական միջոցների վատնման մեջ: Պետության հաշվին վճարված անձնական ծառայությունների մեջ են ներառվել Լոնդոնում գնված 7 պիջակ եւ քաշմիրից սպորտային վերարկու՝ 28,6 հազար դոլարով, ինչպես նաեւ ձեռքի աշխատանքի երկու կոստյում՝ 4.6 հազար դոլարով:

 

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ
Մոսկվան Արեւմուտքի պատժամիջոցային քաղաքականությանն ի պատասխան պատժամիջոցներ է մշակում: Այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Մշակվում են տարբերակներ: Մենք քանիցս հայտարարել ենք, որ Ռուսաստանը կողմնակից չէ պատժամիջոցների լեզվով խոսելուն եւ դրա նախաձեռնողը չէր: Բայց եթե մեր գործընկերները շարունակեն ոչ կառուցողական, անգամ ապակառուցողական պրակտիկան, ապա այս հաշվով հավելյալ միջոցներ են մշակվում»:

 
ԲԼԹ

«Առողջական ոչ մի լուրջ խնդիր չունեմ, պարզապես մրսել էի»:

Հերմինե Նաղդալյան news.am

Ինչպես ասում են` ամեն ինչն էլ մարդու համար է: Եվ ԱԺ նախագահն էլ մարդ է: Բայց տարօրինակ է, որ մրսածության պատճառով պատգամավորը հիվանդանոց է պառկել: Թեեւ մյուս կողմից էլ եթե հաշվի առնենք, որ ԱԺ փոխնախագահն այնքան էլ համեստ միջոցների տեր չէ, ապա կարելի է հասկանալ, թե ինչու է նրա սովորական մրսածությունը դառնում կարեւոր իրադարձություն, որի մասին նույնիսկ լրատվամիջոցներն են գրում: Ինչեւէ, տիկին Նաղդալյանին շուտափույթ առողջություն ենք մաղթում: Թող նա երբեք հիվանդանոցում չհայտնվի, որ լրատվամիջոցներն էլ չգրեն այդ մասին:

 

 

«Յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցություն պատրաստում է իր աջաբսանդալը»:

Նաիրա Կարապետյան news.am

Հանրապետական կուսակցության պատգամավորը ճիշտ է ասում, որ յուրաքանչյուր խմբակցություն իր աջաբսանդալն է պատրաստում: Անգամ ամենաազգային հարցերում բոլորը ցանկանում են ամենախելացին երեւալ, ամենահայրենասերը եւ անկրկնելի մտքեր հայտնողը: Մինչդեռ ամենաարհեստավարժ աջաբսանդալ պատրաստողը հենց Հանրապետական կուսակցությունն է, որը ոչ միայն պատրաստում է, այլ նաեւ ստիպում ժողովրդին ուտել այդ զզվելի դարձած աջաբսանդալը: Իսկ մարդկանց մեծամասնությունը մեր երկրում զզվում է տարիներ շարունակ նույն ճաշն ուտելուց, մատուցողներն էլ, ցավոք, այլ ճաշատեսակ չեն մատուցում:

 

 

«Ես այդ մասին խոսել չեմ ցանկանում, ձեր փողոցային խոսակցություններն ինձ չեն հետաքրքրում: Ես լավ եմ, շարունակում եմ բուժումս ու բյուլետենի մեջ եմ: Ցտեսություն»:

Ռուբեն Խլղաթյան news.am

Եթե Արմավիրի քաղաքապետը հայտնվում է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի գյուղերից մեկի ականապատ տարածքում, ապա առնվազն հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ նա հենց այդ տարածքում, եւ որս անելու վարկածը խիստ տրամաբանական է դառնում: Բացի այդ, մամուլում շրջանառվել են լուրեր, համաձան որոնց՝ հենց որսի գնալուց է Խլղաթյանն իր մեքենայով պայթել ականի վրա` ունենալով մեկ զոհ: Այսքանից հետո մնում է հարց տալ Խլղաթյանին. իրողությունը թաքցնում ես, որ ի՞նչ անես: Չէ՞ որ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է: Ի վերջո, մախաթը պարկում չես պահի:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս