ՕՍԿԱՆՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
«Վիկիլիքս»-ի հանրայնացրած փասատթղթերից հերթականը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախկին նախարար, այժմ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հանդիպման մանրամասները: Զրույցը տեղի է ունեցել 2008թ. նոյեմբերի 14-ին, որի ընթացքում Օսկանյանը ներկայացրել է իր մոտեցումներն ու տեսակետները ԼՂ եւՍփյուռք հարաբերությունների շուրջ:
ԼՂ հիմնահարցի կապակցությամբ Օսկանյանը նկատել է, որ 2008թ. կնքված Մայնդորֆյան հռչակագրի տողատակում տեսնում է կողմերի միջեւ առկա լուրջ տարաձայնություններ: Նրա պնդմամբ՝ Մադրիդյան սկզբունքները նշված է ոչ թե որպես հիմնարար փաստաթուղթ, այլ հենց այնպես, անուղղակիորեն: Այսպիսով` անզիջում քաղաքականություն խոստացած Քոչարյանի արտգործնախարարը դժգոհ է, որ Մադրիդյան սկզբունքների պես թույլ ու ակնհայտորեն ոչ հայանպաստ փաստաթուղթը չէ, որ ընկած է կարգավորման հիմքում: Ինչեւէ, Օսկանյանը հավելել է, թե լինելով լավատես՝ հավատացած է, որ Սերժ Սարգսյանը իր նախորդի նման չէ եւ ունակ է համաձայնության հասնել, քանզի ավելի ճկուն է: Փաստորեն` Քոչարյանի հետ 10 տարի սերտորեն աշխատելուց հետո Օսկանյանը նրան գնահատել է որպես ոչ ճկուն քաղաքական գործիչ, ով համաձայնության հասնելու հարցում լուրջ խնդիրներ ունի:
ԲՀԿ պատգամավորը նաեւ արձանագրել է Հայաստանում ժողովրդավարության անկումը: Նրա համոզմամբ՝ այս բնագավառում Սարգսյանն անում է այն, ինչ անում էր Քոչարյանը, սակայն տվյալ պահին իրավիճակն ավելի վատն է, այդ պատճառով խնդիրներն ավելի ցայտուն են: Օսկանյանը հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ ներքաղաքական թեմաներով զրուցել է դեռ մարտ ամսին, եւ վերջինս հայտնել է, որ «ցանկանում է մի բան անել այս ամենի հետ»: Իր քաղաքական ապագան քննարկելիս Օսկանյանը տեղեկացրել է, որ հույս ունի քայլ կատարել 2010թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այստեղ կամ դեսպանն է սխալ թույլ տվել եւ 2012թ. շփոթել 2010թ. հետ, կամ էլ Օսկանյանն է հավատացած եղել, որ 2010թ. Հայաստանում սպասվում էին խորհրդարանական արտահերթ ընտրություններ: ԱԳ նախկին նախարարը հայտնել է, որ մտածում էր կուսակցություն ստեղծելու մասին: Հավելենք, որ վիկիլիքսյան մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ Օսկանյանը մտադիր էր նոր ուժ ձեւավորել Սամվել Բաբայանի ու Վազգեն Մանուկյանի հետ:
Խոսելով Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին՝ Օսկանյանը նախ հերքել է, թե ինքն օգնում է նրան այդ հարցում, ապա հավելել, որ Քոչարյանը չի կարող դառնալ վարչապետ, քանզի «այդ դեպքում կլինի միայն համար երկրորդը»: Հետաքրքիր է, որ մասնավոր զրույցում Օսկանյանը բավականին ազատ է եղել Քոչարյանի մասին իր իրական կարծիքն արտահայտելու հարցում:
Սփյուռք-Հայրենիք հիմնահարցի կապակցությամբ Օսկանյանը պնդել է, որ հարուստ եւ տաղանդավոր սփյուռքահայերն իրենց չեն նույնացնում ներկայիս Հայաստանի հետ: Նա հավելել է, որ շատերը ներդրումներ անելու համար պահանջել են Հայաստանում իրական փոփոխություններ կատարել: Այստեղ հիշեցնենք, որ 1998թ. Քոչարյանը իշխանության եկավ Սփյուռքի հետ հարաբերությունները ջերմացնելու կարգախոսով, ընդհուպ՝ ներմուծեց երկքաղաքացիության ինստիտուտը: Սակայն 10 տարի անց Քոչարյանի ԱԳ նախարարը բացահայտում է, որ իրենց քաղաքականությունն ուղղակի տապալվել է, քանզի իր իսկ բառերով ասած՝ «Հայաստանին սատարող սփյուռքը իրականում մի քանի անհատներն են, ովքեր միշտ էլ կօգնեն Հայաստանին, թեպետ նրանց մեջ էլ արդեն կան մարդիկ, ովքեր վրդովված են ու մի կողմ են քաշվել»: Օսկանյանից լավ ոչ ոք չէր կարող գնահատել «սփյուռքասիրության» քաղաքականության անհաջող ավարտը:
Հայաստանում ժողովրդավարության անհրաժեշտություն տեսնելով՝ Օսկանյանը նկատել է, որ առանց լավ կառավարման ու մարդու նշանակության բարձրացման երկրում իրական առաջընթաց չի կարող լինել: Նրա կարծիքով՝ երկրի տնտեսական զարգացման հիմնական գրավականը ժողովրդավարական բարեփոխումներն ու արդար եւ պրոֆեսիոնալ դատական համակարգն են: Հարց է ծագում՝ երբ Քոչարյանը ժամանակին ինքնուրույն որոշում կայացրած դատավոր Պարգեւ Օհանյանին հեռացրեց աշխատանքից, արդյո՞ք Քոչարյանի ԱԳ նախարարը կիսում էր իր ղեկավարի մոտեցումը, թե՞, այնուամենայնիվ, մտքում տենչում էր ժողովրդավարության ու ազատության: Մարտի 1-ին նրա պահվածքը եւ Քոչարյանի ապօրինությունները արդարացնելու քայլերը կարծես այնքան էլ չեն խոսում Օսկանյանի՝ իրական ժողովրդավարության կարոտ լինելու մասին:
Փաստաթղթի ավարտին դեսպան Յովանովիչը արձանագրում է, որ արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերում Օսկանյանը թերահավատ է: Դիվանագետը կարծում է, որ դրա առաջին պատճառն Օսկանյանի մասնագիտական նախանձն ու վիրավորվածությունն է առ այն, որ երկարատեւ աշխատանքից հետո իր հաջորդը կարող է լինել այն նախարարը, ով հաջողել է ԼՂ եւ Թուրքիայի հարցերում: Նկատենք, որ այսօր Օսկանյանը կարող է արդեն հանգիստ լինել, քանզի Է.Նալբանդյանի տապալումների ֆոնին իր՝ «սխալ թարգմանությունների» արդարացումները կարելի է անգամ տրիումֆներ անվանել:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՐԹՈՎ ԱԶԱՏՈՒՄ Է ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ՀՀ կառավարության առաջիկա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից կազատվի Ալբերտ Ղազարյանը: Նա իր՝ աշխատանքից ազատման մասին լուրը իմացել է առավոտյան, երբ սովորականի նման գնացել է աշխատանքի:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Ալբերտ Ղազարյանի հետ՝ պարզելու, թե ինչ է եղել:
-Ինչո՞ւ եք ազատվել աշխատանքից:
-Հավանաբար մեկ այլ թեկնածու ունի մարզպետը: Նոր թիմ է կազմում: Այդպես: Թե չէ այլ խնդիր չկա: Աշխատանքային խնդրի հետ կապված չէ:
-Չի՞ ցանկանում Ձեզ հետ աշխատել:
-Չգիտեմ: Բոլորին հերթականությամբ փոխում է, փոխվում են: Հավանաբար այլ թեկնածուներ ունի եւ ուզում է, որ իրենք գան աշխատեն:
-Ե՞րբ եք իմացել, որ աշխատանքից ազատված եք:
-Այսօր առավոտյան անակնկալ իմացա: Ես սովորականի նման առավոտյան գնացի աշխատանքի ու իմացա, որ ազատված եմ: Անկեղծ ասած, նախորդ շաբաթ նման խոսակցություններ լսեցի, բայց պաշտոնապես ու նախապես ոչ ոք ինձ այդ մասին չէր ասել:
-Իսկ մինչ Ձեզ աշխատանքից ազատելը, մեկ այլ աշխատակցի ազատե՞լ է:
-Այո, իհարկե: Հերթով գնում են: Ազատեց օգնականին, խորհրդականին, վարչության պետին:
-Իսկ Դուք այս ոլորտում քանի՞ տարվա աշխատանքային փորձ ունեք:
-2010 թվականից:
-Հիմա ի՞նչ եք անելու: Որտե՞ղ եք պատրաստվում աշխատանք գտնել:
-Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ եմ անելու, որովհետեւ ինձ համար անակնկալ էր: Դեռ ժամանակ էլ չեմ ունեցել աշխատանք փնտրելու: Բայց աշխարհը չի վերջանում: Այլ աշխատանք է պետք գտնել ու դրանով զբաղվել:
-Պարոն Ղազարյան, նեղացա՞ծ եք մարզպետի այս քայլից:
-Գիտեք, այդպես չեն անում: Կան բաներ, որ անտեսել պետք չէ: Տարիներ շարունակ արել- դրել ես եւ հիմա… Այլ տարբերակներ էլ կան, որ կարելի էր կիրառել: Մարդուն պետք է ժամանակ եւ հնարավորություն տալ:
-Մինչ Հարությունյանի մարզպետ նշանակվելը ճանաչե՞լ եք իրեն:
-Այո: Միշտ, տարիներ շարունակ հարգանք է եղել: Բարիդրացիական հարաբերություն ենք ունեցել: Արտառոց բան չի եղել:
-Պարոն Ղազարյան, տեղյա՞կ եք, թե Ձեր փոխարեն ով է փոխմարզպետ նշանակվելու:
-Ճշգրիտ չեմ կարող ասել: Սպասենք եւ շուտով կտեսնենք: Դե հիմա այնքան խելացի ու գրագետ կադրեր կան՝ մեկ տարվա աշխատանքային ստաժով: Իրենք էլ պետք է գան ու փոխմարզպետ աշխատեն: Կտեսնենք, էլի, ովքեր են գալու:
-Դուք երկու մարզպետի հետ էլ աշխատել եք: Ինչպե՞ս կգնահատեք երկուսի աշխատանքը:
-Այդպես չէ: Պարտաճանաչ մարդը միշտ էլ իր աշխատանքը պատշաճ է կատարում եւ վերջ: Թույլ տվեք գնահատական չտալ, որովհետեւ ես դրա իրավունքը չունեմ: Մարզպետերին կարող է միայն գնահատել իրենց վերադասը: Ես ընդամենը ենթակա եմ եղել եւ պատշաճ կատարել եմ իմ աշխատանքը:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ
Oգոստոսի 16-ին Փարիզում՝ Սեն Լորանի եկեղեցու առջեւ, մոտ 1.200 ցուցարար է հավաքվել՝ «Մենք բոլորս եզդի ենք», «Ազատել Օջալանին» «Տագնապ՝ ցեղասպանություն է» կարգախոսներով:
Ֆրանսիայի քրդական միավորումների ֆեդերացիայի կազմակերպած ցույցի ընթացքում միջազգային հանրությանը կոչ է արվել ուշադրություն դարձնել Իրաքում քաղաքացիական բնակչության դեմ իսլամիստների իրականացրած հանցագործությունների վրա:
Ի նշան եզդիների հետ համերաշխության՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը հայտարարել է, որ «հայկական համայնքը սարսափ եւ վրդովմունք է ապրում՝ տեսնելով զանգվածային հանցագործությունները»: Նա ողջունել է քուրդ ժողովրդի դիմադրությունը, որը դե ֆակտո օգնության ձեռք է մեկնել այդ հողերում ապրող բոլոր ժողովուրդների համար:
«Արդյոք ընդունելի՞ է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մենք տեսնենք, թե ինչպես են մարդիկ փախչում սեփական հողերից՝ խուսափելու այդչափ վայրագ ու հետադիմական գաղափարախոսության ավերիչ հետեւանքներից»,-իր ելույթում ասել է Արա Թորանյանը:
Նա նաեւ կոչ է արել հիշել հայերին, ասորիներին, պոնտոսցի հույներին, եզդիներին, ալեւիներին եւ քրդերին, որոնց հետապնդել են տարբեր երկրներում:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ է դրել «ՀՀ սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը: Այս մասին պատգամավորը տեղեկացնում է «Facebook»-ի իր էջում:
Փաշինյանը գրել է, որ նախագիծը ձեւավորվել է հուլիս եւ օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների եւ պայմանավորվածության արդյունքում:
Նախագծով նախատեսվում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետեւյալ արտոնությունները՝
ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու եւ ոռոգման ջրի վարձավճարների մասով:
բ) Սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից:
դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով անօթեւան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթեւան՝ նույն համայնքի տարածքում:
ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
զ) Սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու եւ երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար»: