«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է ՆՄԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱՆԱՉԵԼԸ»
«Ժողովուրդ»-ի՝ օգոստոսի 16-ի «Բռնաբարվելուց սուտ մատնություն` մեկ քայլ» հրապարակման հետքերով խմբագրություն է դիմել Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը` խնդրելով հրապարակել իր բաց նամակը` ուղղված նշված պատմությանը:
Հիշեցնենք , որ նշված համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա հունվարի 8-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակիչ, 32-ամյա Մարիամ Մանուկյանը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ 25-ից 30 տարեկան Արման Գրիգորյանը Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետեւ հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Ավելի ուշ պարզվել էր, որ Արման Գրիգորյանը «Նուբարաշեն» վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՔԿԱԳ վարչության (ԶԱԳՍ) պետ Մարիամ Մինասյանի որդին է: Արդյունքում, շուրջ 7 ամիս տեւած քննությունից հետո, միանգամայն այլ պատկեր ստեղծվեց եւ Մարիամ Մանուկյանը սուտ մատնության համար դատապարտվեց 6 ամիս ազատազրկման:
««Ժողովուրդ» թերթի հարգելի խմբագիր, սիրով կարդացի Ձեր թերթում «Բռնաբարվելուց սուտ մատնություն` մեկ քայլ» հոդվածը, ինչն էլ իմ մեջ մտորումների տեղիք տվեց: Ասեմ հենց սկզբից, որ Վլադիմիր Գրիգորյանին ճանաչում եմ մոտ երեսուն տարի: Թեեւ` ավելի լավ է` չճանաչեի, քանզի կատարյալ դժբախտություն է նման մարդուն ճանաչելը: Մինչդեռ նրա որդի Արման Գրիգորյանին, ում ճանաչում եմ փոքր հասակից, կարող եմ բնութագրել միայն դրական խոսքով: Նա հաճախ էր գալիս աշխատանքի վայր` հոր մոտ, իրեն պահում էր շատ կոռեկտ եւ չափավոր, ագրեսիայի որեւէ դրսեւորում ես նրա մոտ չեմ նկատել: Իսկ կապված բռնաբարության դեպքի հետ՝ որեւէ բան ասել չեմ կարող, բայց կփորձեմ մասնագիտորեն վերլուծել թերթում տպված հոդվածը: Վլադիմիր Գրիգորյանի կինը մի հոյակապ անձնավորություն է՝ օժտված մարդկային բարձր հատկանիշներով: Ըստ ինձ, որքան բարի էին կինն ու տղան, այնքան հակառակն էր Վոլոդյան, որքան ազնիվ էին նրանք, այնքան խարդախ ու անազնիվ էր Վոլոդյան: Նրա կերպարը ես տվել եմ «Հայի իմ տեսակը» գրքիս էջերում: Նրան եւ նրա նմաններին նկատի ունենալով գրքի նախաբանում գրել էի. կխնդրեի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին (էն ժամանակ նա գլխավորն էր) եւ գալիք բոլոր գլխավոր դատախազներին, ժողովրդին հեռու պահել ամեն կարգի պրոֆեսիոնալ սրիկաներից:
Վ.Գրիգորյանը պրոֆեսիոնալ սրիկա է, խելացի, գրագետ իրավաբան, որն իր ողջ իրավական կարողություններն օգտագործում է հանուն սեփական բարեկեցության: Եթե պարզելու լինենք, թե ինչ ունի ՀՀ-ում այդ պրոֆեսիոնալը, կասի` ոչինչ: Նոր Նորքում՝ առանձնատուն, որը սկսեց կառուցել անցած դարի 90-ական թվականներից, որի ներկայիս շուկայական արժեքը հավանաբար կանցնի մեկ միլիոն դոլարից, բայց այն իր անունով չէ: Այն կառուցվել է կնոջ հաշմանդամ հորաքրոջ անունով, որը երբեք ոչ մի տեղ (Վոլոդյայի տանը եփել-թափելով էր զբաղված) չի աշխատել: Գրիգորյանը հասցրեց սեփականաշնորհել Շահումյանի դատախազության շենքը, մոտ 300 քառակուսի մետր տարածքով եւ այն վերածեց հյուրանոցի: Չգիտեմ, այսօր այն աշխատո՞ւմ է, թե՞ Վոլոդյան կամ ինչպես դատախազությունում տղերքն էին նրան կոչում` Վալոդը, այն օտարել է: Ունի սեփական բազմահարկ հյուրանոց, սեփական կոոպերատիվ բնակարան: Եվ այդ ամենը իր` դատախազի համեստ վաստակով: Դատախազության աշխատողի աշխատավարձը ԽՍՀՄ-ում 200 ռուբլի էր, իսկ անկախության առաջին տարիներին մինչեւ 50-70 հազար դրամ: Կուզենայի հիշեցնել մեր օրերի շատ տխմարների, որոնք հաճույքով ծաղրում են Մարքսին, նրա խոսքերը, թե ցանկացած հարստություն դա գողություն է, թող ասեն, թե Գրիգորյանի հարստությունն ինչ է:
Հիմա փորձեմ վերլուծել կոնկրետ հոդվածը: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, թե սա ուղղորդված է եւ այդ կնոջն ուղարկել են իրենցից շորթում կատարելու: «Դուք հավատում եք, որ ռեստորանի տերը եւ դատավորի որդին պետք է նրա վզից ցեպ հափշտակի» (Կոնկրետ ես, անկեղծորեն ասած, որ տեսնեի էլ, չէի հավատա, որ Արման Գրիգորյանը նման բանի ընդունակ է): Բայց այստեղ կհիշեմ ժողովրդական խոսքը՝ գողը գողից գողացավ, Աստված վերից զարմացավ: Ինչու՞ հենց Գրիգորյանից են փորձել շորթել: Պատասխանը թողնում եմ նրա խղճին, եթե այդպիսին, իհարկե, նա ունի:
ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ինչ բարդություն է ներկայացրել իրենից, որի նախաքննությունը տեւել է յոթ ամիս: Պետք է նշանակվեր ընդամենը մեկ դատաբժշկական փորձաքննություն տուժողի մարմնական վնասվածքների աստիճանը որոշելու համար, հարցաքննվեր տուժողը, պոտենցիալ հանցագործը, վկաները եւ ուրիշ ոչինչ: Եվ այդ մի քանի գործողությունների համար պահանջվել է յոթ ամիս: Կուզենայի հարցնել նախկին դատախազին` ի՞նչ լափ կթափեիր, ինչպիսի՞ բառերով կբնութագրեիր քեզ ենթակա քննիչներին, եթե յոթ ամիս քննեին այդպիսի մի պարզ քրեական գործը: Այստեղ նաեւ կուզենայի հարցնել, իսկ ու՞ր էր նայում դատախազական հսկողությունը, քրեական գործի նախաքննությունը երեք անգամ երկարացնելու որոշումը ստորագրելու ժամանակ:
Չէ, ինչ-որ բան փտել է Դանեմարքայում՝ կասեր Շեքսպիրի հերոսը, իսկ մեր օրերի մասին ես կասեի՝ մեր իրավական համակարգն անբուժելի հիվանդ է: Այդ յոթ ամիսը հավանաբար անհրաժեշտ էր, որ տուժողը մշակվեր եւ վերածվեր մեղադրյալի: Այստեղ կուզենայի հարցնել դատավորի փարաջա հագած Վոլոդյային՝ դու, եթե համոզված էիր, որ դա սարքովի գործ է քեզանից շորթում կատարելու համար, այսինքն՝ այդ անտեր աղջիկը գործիք էր ուրիշների ձեռքին, ինչու՞ չկարողացաք հասնել գործի օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը եւ գնացիր կարճ ճանապարհով` անպաշտպան աղջկան դատապարտելու ճանապարհով: Քո մի խոսքը մյուսին չի բռնում, պարոն Վոլոդյա: Այդ աղջկան նախնական ցուցմունքից հրաժարվելու համար գոնե վճարե՞լ ես. հաստատ` չէ»:
Սոկրատ Հովսեփյան
Հ.Գ. «Ժողովուրդ»-Պատրաստ ենք ներկայացնել նաեւ հակառակ կողմի արձագանքը:
«ԵԶԴԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 44-ՐԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ»
Մինչ իսլամիստները շարունակում են Իրաքի հյուսիսային մասում կոտորել եզդիներին այս ընթացքում Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում բողոքի ակցիաներ են իրականացվում: Իրաքի եզդիներին աջակցելու նպատակով Գերմանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում, Թուրքիայում ստեղծվել են օգնության ֆոնդեր: Իսկ Հայաստանում էլ, ի թիվս այլ միջոցառումների, ստեղծվել է «Օգնիր եզդի եղբորդ» ֆեյսբուքյան էջը:
Միջազգային լրահոսից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ահաբեկիչները հարյուրավոր եզդի կանանց պահում են գյուղերում, այնուհետեւ նրանց բռնաբարելուց հետո բաց են թողնում: Ազատ արձակված աղջիկների մեծ մասն ինքնասպանություն է գործում: Իսկ մի մասն էլ վաճառվում է ստրկության: Ի դեպ, նրանց թվում կան նաեւ անչափահաս աղջիկներ:
Երեկ Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը լրագրողների հետ հանդիպմանը ցավով նշեց, որ Իրաքի հյուսիսային մասում իրականացվող ջարդերն արդեն թվով 44-րդ ցեղասպանությունն է, որը կատարվում է եզդիների նկատմամբ: Թամոյանի համոզմամբ, իսլամիստների նպատակն է եզդիներին քրդացնելն ու աշխարհի երեսից վերացնելը: «Հյուսիսային Իրաքում իսլամիստները եզդիներին ֆիզիկապես ոչնչացնում են, երեխաներին մորթում են, պետք է ինչ-որ կերպ օգնել եզդիներին»,- հայտարարեց Թամոյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հաղորդագություն էր տարածել, որտեղ նշված էր, որ որեւէ ազգային եւ կրոնական փոքրամասնության եւ Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, ինչի համար էլ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: «Սինջար եզդիների ազգային միավորում» հկ-ի նախագահ Բորիս Մուրազին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կազմակերպությունը դրամահավաք է իրականացնում եւ առաջիկայում հստակ ցուցակով հանրությանը կներկայացվի հավաքված գումարի չափը: «Հետաքրքիր է, որ Հայաստանը բարեկամ ժողովուրդի ցավին նախագահի մակարդակով անդրադարձավ բավական ուշ եւ այն ժամանակ, երբ ՀՀ-ում բնակվող եզդիները բողոքի ակցիաներ իրականացրեցին նաեւ ՀՀ իշխանությունների անտարբերության դեմ: Ինչն էր ստիպում ՀՀ իշխանություններին այդքան ժամանակ լռել եւ չտեսնելու տալ Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքները այդպես էլ անհասկանալի մնաց եւ որեւէ մեկը չխոսեց, թե հանուն ինչի էր այդ լռությունը: Այս օրերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանը շարունակում է արտաքին քաղաքականության հարցում ծայրահեղ զգուշավոր լինել: Թեեւ` դժվար է ՀՀ իշխանություններին մեղադրել եզդիների նկատմամբ անտարբերության մեջ, երբ նրանք անտարբեր էին սիրիահայերի ճակատագրի նկարմամբ»,- նշեց Բորիս Մուրազին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ԵՂՎԱՐԴՇԻՆ»-Ը ԿՊԱՏԺՎԻ՞
Օգոստոսի 7-ին Տավուշի ջրամբարից ներքեւ գտնվող տարածքում, Վերին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող խաղողի եւ պտղատու այգիներում հրդեհ է բռնկվել: Այդտեղ է գտնվում մոտ 70 հա այգի: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանի վկայությամբ՝ հրդեհից ոչնչացել է Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներին պատկանող եւ այդ համայնքի պահուստային սեփականություն հանդիսացող 12 հա խաղողի եւ պտղատու այգի: Հրդեհի պատճառած վնասներն ավելի մեծ կլինեին, եթե Վերին Կարմիրաղբյուրի, Տավուշ գյուղի բնակիչներն ու փրկարարները համատեղ ջանքերով չմարեին կրակը: «Եղվարդշին» շինարարական կազմակերպության բանվորները Վերին Կարմիրաղբյուրի այգիներում տեխնիկապես սարքին ջրագծի խողովակները հատել են: Այդ աշխատանքների ժամանակ չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության կանոնները եւ եռակցման սարքից թռած կայծից շրջակայքի չոր, չհնձած խոտերը բռնկվել են:
Կամո Չոբանյանն ասաց, որ օգոստոսի 15-ին հրդեհի պատճառած վնասների մասին ակտ է կազմվել, որի տակ ստորագրել են «Եղվարդշին»-ի, տվյալ ԾԻԳ-ի, ոռոգման ձեռնարկության, Տավուշի մարզպետարանի եւ Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետարանի ներկայացուցիչները: Պայմանավորվել են, որպեսզի շինարարական կազմակերպությունը փոխհատուցի հրդեհից տուժած 6.5 հեկտար խաղողի եւ պտղատու այգիների այս տարվա կորսված բերքի համար: Մեր դիտարկմանը, թե հրդեհից տուժել է 12 հա այգի, ինչու է փողհատուցումը տրվելու 6.5 հեկտար բերքի համար, գյուղապետը պատասխանեց. «12 հեկտարն ամբողջությամբ չի վնասվել, Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներ կան, որոնց այգուց տուժել է 200 քառակուսի մետր տարածք կամ պտղատու մի քանի ծառեր: Այդ մարդիկ ամոթ են համարել դրա համար փոխհատուցում ստանալ»: Կամո Չոբանյանը նշեց, թե եկող տարվա գարնանը կերեւա՝ խաղողի եւ պտղատու այգիները հրդեհից ինչքան են տուժել եւ այդ ժամանակ կորոշվի, թե հրդեհից չորացած ծառերի, վազերի համար ինչքան փոխհատուցում է տրվելու: Գյուղապետը նաեւ ընդգծեց, որ «Եղվարդշին»-ը այգիներում աշխատանքներ կատարելու համար շինարարական թույլտվություն չի ունեցել: «Արդեն դիմել են, օգոստոսի 19-ին մենք կտանք այդ թույլտվությունը»,-ասաց Կամո Չոբանյանը: Վերջինիս վկայությամբ՝ «Եղվարդշին»-ը այգիներում տեխնիկապես սարքին, բայց չգործող ջրագծի խողովակները հատում էր, որպեսզի դրանցով կառուցի Տավուշ գյուղ-Ներքին Կարմիրաղբյուր ոռոգման ջրագիծը:
Նշենք, որ Տավուշի մարզի հակահրդեհային տեսչությունն այս հրդեհի հետ կապված նյութերն ուղարկել է ոստիկանություն: Առանց շինարարական թույլտվության, այսինքն՝ ապօրինի կերպով աշխատանքներ կատարած, նաեւ հակահրդեհային անվտանգության կանոնները խախտած «Եղվարդշին»-ը պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ հարցը կլուծվի «հայկական ձեւով»` «վերեւից» հնչած հեռախոսազանգով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ