ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ

2002թ. ամերիկացի լուսանկարիչ Կորեյ Առնոլդը մեկնեց Ալյասկա՝ բավարարելու իր կիրքը դեպի ձկնորսությունը: Նա աշխատանքի պայմանագիր ստորագրեց Բերինգի ծովի վտանգավոր ջրերում լողացող ձկնորսական նավերից մեկի անձնակազմի հետ: Լուսանկարիչը նավի տախտակամածում չմոռացավ նաեւ իր ֆոտոապարատը եւ արդյունքում ստեղծեց տպավորիչ փաստավավերագրական ֆոտոշարք:

 

 

ԼՈՒՐԵՐ

4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
«Մանկական նոր ալիք»-ում այս տարի Հայաստանը ներկայացրած 12-ամյա Դավիթ Վարդանյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Մրցութային երկու օրվա ընթացքում նա 110 հնարավորից 104 միավոր է վաստակել: Հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն, ով ամենաբարձր միավորներին է արժանացել: Բացի մրցութային տեղերից՝ եղել է նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որին էլ արժանացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Մանեշինան: Հիշեցնենք, որ «Մանկական նոր ալիք-2014» երաժշտական մրցույթն այս տարի անցկացվեց Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում: Ժյուրիի կազմում էին անվանի արտիստներ, իսկ այն ղեկավարում էր մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը:

 

ԲԵՅՈՆՍԵՆ ԲՈԼՈՐԻՆ ԽԱԲԵԼ Է
Երգչուհի Բեյոնսեի ու նրա ընտանիքի շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Հիմա էլ լուրեր են պտտվում, թե աստղն անձամբ չի ունեցել իր դստերը՝ Բլու Այվիին։ Թինա Սիլս անունով մի կին Նյու Յորքից պնդում է, որ ինքը եղել է Բեյոնսեի դստեր փոխնակ մայրը: Լրագրողները սկսել են հիշեցնել, որ Բեյոնսեի առաջին հղիությունն անհաջող ավարտ է ունեցել, եւ ըստ ամենայնի՝ երգչուհին դարձյալ ռիսկի դիմել չի ցանկացել: Բացի դրանից՝ բազմաթիվ ԶԼՄ-ներ գրում էին, թե աստղի փորը անբնական տեսք ունի, կարծես դնովի լինի: Ըստ Թինա Սիլսի՝ ինքը պայմանագիր է կնքել աստղային զույգի հետ, որով համաձայնել է մի շարք ծառայություններ մատուցել, մինչ Բեյոնսեն հղի կլինի: Կինը պահանջում է մի շարք անալիզներ, որպեսզի պարզի արդյոք Բլու Այվին նրա՞ դուստրն է:

 

ՍԿՍԵԼ ԵՆ ՄԱՔՐԵԼ ԲԻԳ-ԲԵՆԸ
Լոնդոնում սկսել են մաքրել Եղիսաբեթ 2-րդի աշտարակի վրա տեղակայված հայտնի ժամացույցը` Բիգ-Բենը: Մաքրումը կտեւի մի քանի օր՝ անկախ հիդրօդերեւութաբանական պայմաններից: Ներկայում աշտարակի վրա աշխատում է 4 մասնագետ, ովքեր պարանով իջել են հատուկ պատշգամբից: Ժամացույցի թվացույցի շառավիղը 7 մետր է: 1859թ. կառուցված Վեսթմինսթերյան աբբայության աշտարակը, որտեղ հիմա գտնվում է Բրիտանիայի խորհրդարանը, ժամանակի ընթացքում փոխել է իր անվանումը: 2 տարի առաջ այն ստացավ Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհի Եղիսաբեթ 2-րդի անունը:

 

ՇՈԿՈԼԱԴԵ ԼՈԳԱՐԱՆ
Շոկոլադից պատրաստված վաննան, զուգարանակոնքը, բիդեն եւ լվացարանը միասին պարունակում են 9.4 մլն կալորիա: Լոգասենյակի պարագաների հեղինակը բրիտանացի շոկոլադագործներն են եւ «Bathrooms.com» կայքը: Շոկոլադե կահույքը, որն ամբողջությամբ պատրաստված է մաքուր բելգիական շոկոլադից, վաճառվում է առցանց՝ մոտ 133.000 դոլարով: «Քաղցր» կահույքը վաճառվում է նաեւ առանձին. բիդեն արժե 11.700 դոլար, լվացարանը՝ 15.000 դոլար, զուգարանակոնքը՝ 23.400 դոլար, վաննան՝ 83.600 դոլար: Շոկոլադե կահույքը կարող է պահպանվել 6 ամիս սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

 

ՇՈԳԻՑ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մահացել է 3 մարդ, 2.230 հոգի էլ հոսպիտալացվել ջերմային հարվածով:
Առավել շատ տուժածներ գրանցվել են Օսակա պրեֆեկտուրայում (272 մարդ) եւ Տոկիոյի շրջանում (202 մարդ): Նրանց մեծամասնությունը տարեցներ են:
Վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայում օդի ջերմաստիճանը զգալի նվազել էր՝ «Հալոն» ցիկլոնի պատճառով. ցերեկն օդի ջերմաստիճանը կազմել էր մոտ 30-32 աստիճան: Սակայն անցած կիրակի ջերմաստիճանը կրկին բարձրացել է մինչեւ 35 աստիճան: Դա չափազանց բարձր է կղզու վրա գտնվող Ճապոնիայի համար:

 

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՎԱՅԵԼՔ
Անգլիայի թագավոր Ռիչարդ III-ի մասունքների հետազոտությունը ցույց է տվել, որ նա օրական ամենաքիչը մեկ շիշ գինի է խմել: Ըստ հետազոտության՝ Անգլիայի թագավորի սննդակարգում եղել է կարապի, կռունկի եւ ձկնկուլի միս: Նման տվյալներ են ցույց տվել ազդրերի, կողերի եւ ատամների ոսկորների իզոտոպերի անալիզները: Գիտնականները նշում են, որ Ռիչարդ III-ն իր ժամանակակիցներից շատ ավելի լավ է սնվել: Նա շատ խնջույքներ է կազմակերպել եւ այդ ընթացքում շատ գինի է օգտագործել:




Լրահոս