ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒՇԱՑՐԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՈՒՇԱՑԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր աշխատասենյակում հանդիպում է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ից՝ Վահրամ Բաղդասարյանը: Տեղեկացանք, որ խորհրդարանական 6 ուժերը որոշել են համատեղ նախագիծ մշակել սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու մասին: Թեեւ ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը ներկա չեն եղել հանդիպմանը, այնուամենայնիվ նրանք եւս պատրաստակամություն են հայտնել՝ միանալու նախաձեռնությանը: Ավելին՝ ՀԱԿ ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, թե ինքը մասնակցել է հանդիպմանը: Նշենք, որ նման նախագծով արդեն հանդես են եկել նաեւ ՀՀ կառավարությունն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Անշուշտ, լավ ու, կարելի է ասել, մի փոքր էլ ուշացած նախաձեռնություն է: Ի վերջո, որեւէ մեկի համար բացահայտում չէր, թե ինչ վիճակում են գտնվում մեր երկրի սահմանամերձ համայնքները: Սակայն մինչ օրս որեւէ պաշտոնյա, որեւէ պատգամավոր հարկ չէր համարում զբաղվել այդ խնդրով: Ինչ է, պիտի Ադրբեջանը դիվերսիաներ կազմակերպեր, սահմանում իրավիճակը լարվեր, որ գործող իշխանությունն ու խորհրդարանական ուժերը գյուղեր այցելեին ու որոշեին արտոնությունների հարցը բարձրացնե՞լ: Համաձայնեք՝ այս իրավիճակից փոքր-ինչ պոպուլիզմի հոտ է գալիս: Ցավոք:

 

 

Եվրասիական տնտեսական միություն մտնելու գաղափարով ոգեւորված քաղաքական ուժերն ու գործարարները շտապում են «աչքալուսանք» տալ, թե մեզ համար լայն հնարավորություն է բացվելու դեպի ռուսական շուկա: Սակայն դատելով այսօր մեր երկրում առկա արտահանման եւ ներմուծման վիճակագրական տվյալներից, պետք է նկատել, որ ամենեւին էլ հուսադրող թվեր չկան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը բոլոր առումներով նվազել է. արտահանումը պակասել է 9, ներկրումը՝ 3.1 տոկոսով: Ընդ որում, նվազել է Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ 6.4 տոկոսով, իսկ ներկրումն ավելացել է 1.4 տոկոսով: Նվազել է ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը նաեւ Եվրամիության անդամ երկրների հետ. արտահանումը՝ 7, ներկրումը՝ 0.2 տոկոսով: Սրանք, թերեւս, համարվում են Հայաստանի հիմնական գործընկերները: Հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է փոխվի մեր երկրում մի քանի ամսվա ընթացքում, որ արտահանման ծավալներն աճեն:

 

 

Այն, որ մեր երկրում օրեցօր սնկի պես աճող արագաչափերը համարվում են եկամտաբեր բիզնես, վաղուց հայտնի ճշմարտություն է: Լուրեր են պտտվում, թե արագաչափերի, ինչպես նախկինում երթուղային տաքսիների գծերի բիզնեսը սկսել են բաշխվել տեղական քրեական հեղինակությունների, պատգամավորների եւ որոշ պաշտոնյաների միջեւ: Ըստ այդմ՝ ՀՀ մարզերից մեկում տեղադրված մի քանի արագաչափից գանձված եկամուտը բաժին է հասնում այդ մարզի պատգամավորին կամ բարձրաստիճան պաշտոնյային: Ասել է թե՝ վարորդների գրպանի հաշվին հարստացող «Սեքյուրեթի դրիմ»-ը «լավություն» է անում որոշ արտոնյալների: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել շրջանառվող լուրերի հավաստիությունը. հնարավո՞ր է կոնկրետ արագաչափը սպասարկի քրեական կամ քաղաքական հեղինակության: Հարցին ի պատասխան՝ «Սեքյուրեթի դրիմ»-ի տնօրեն Ալիկ Զաքարյանն ասաց. «Դա հերթական սուտն է: Նման բան չի կարող լինել: Այդ ամբողջը ոստիկանության սեփականությունն է եւ բոլոր տուգանքները վճարվում են պետբյուջե: Այդ խոսակցությունները հիվանդ մարդու երեւակայությունն է»:

 

 

ՀՀ Արագածոտնի մարզի 17 եզդիաբնակ համայնքներում այս պահին Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով դրամահավաք է անցկացվում: Արագածոտնի մարզի Կանչ համայնքի ղեկավար Մրազ Բշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր համագյուղացիները, ովքեր ապրում եւ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպական երկրներում, Միջինասիական հանրապետություններում, բոլորն էլ պատրաստ են Իրաքի եզդիներին օգնել: «Բացի գումարից, մենք նաեւ կարող ենք հագուստով եւ ուտելիքով օգնել Իրաքի մեր ազգակիցներին: Մենք այս պահին Իրաքում եզդի բարեկամներ ունենք, որոնց հետ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կապ չենք հաստատել: Հավանաբար սարերն են բարձրացել ու այնտեղ են թաքնվել, կամ էլ… չեմ համարձակվում նույնիսկ բարձրաձայն ասել: Ոչ մի կապ չունենք»,-դառնացած ասաց գյուղապետը: Ըստ նրա՝ առայժմ չգիտեն, թե ինչպես պետք է օգնությունը տեղ հասցնեն:

 

 

ՀԱՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, որն անցած տարեվերջից սկսած` անզիջում պայքար էր մղում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ, շատերի մեջ հույս էր արթնացրել, թե մեր երկրում հնարավոր է հստակ փոփոխությունների հասնել քաղաքացիների անկոտրում կամքի եւ կազմակերպված պայքարի արդյունքում: Սակայն, ինչպես գրեթե միշտ է լինում մեր երկրում, յուրաքանչյուր լավ նախաձեռնություն կարճ ժամանակ անց տարբեր օբյեկտիվ, իսկ ավելի շատ` սուբյեկտիվ պատճառներով, մարում է եւ, ի վերջո, վերածվում շարքային ձեւականության:
Թե ինչու եւ ինչպես սկսեց մարել «Դեմ եմ»-ը` թերեւս դժվար չէ պատկերացնել: Ժամանակին նախկին վարչապետի հետ երկխոսությունից հրաժարվող նախաձեռնության անդամները` ձախողվելով իրենց հռչակած հիմնանպատակին հասնելու հարցում, հիմա պատրաստ են տարբեր նամակներով դիմել ներկայիս վարչապետին` տխրահռչակ «Կուտակային կենսաթոշակների մասին օրենք»-ում նոր փոփոխություններ անելու խնդրանքով, սակայն այլեւս ոչ թե «պարտադիր» բաղադրիչն իսպառ հանելու, այլեւ երիտասարդ դասախոսներին եւ բուհերի այլ աշխատողներին օգնելու նպատակով: «Օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, այդ թվում՝ բուհերի վարձու աշխատողների համար: Այս հանգամանքը մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես այն դասախոսների համար, ովքեր համատեղությամբ աշխատում են նաեւ մասնավոր ընկերություններում, քանի որ բուհում աշխատելու պատճառով նրանցից կպահվի ոչ միայն համալսարաններից ստացվող աշխատավարձից, այլեւ մասնավոր հատվածից ստացվող աշխատավարձից սոցիալական վճար»,-նշված է նախաձեռնության` նախօրեին տարածած հաղորդագրությունում:
Ինչ խոսք, սա եւս շատ կարեւոր հարց է, սակայն այն վերաբերում է քաղաքացիների անհամեմատ ավելի փոքր խմբի շահերին, քան պարտադիր բաղադրիչի վերացմանը։ Հետեւաբար` ստացվում է, որ «Դեմ եմ»-ը համակերպվել է իր կրած պարտության հետ, եւ օրենքի փոփոխված տարբերակի ընդունումից հետո որեւէ զանգվածային ակցիայի չդիմելով` արդեն իսկ գրեթե վերածվել է «Կողմ եմ»-ի:
Իհարկե երիտասարդներին ճանապարհի կեսից հետ դառնալու եւ պայքարը կիսատ թողնելու մեջ մեղադրելն ամենահեշտ բանն է. նրանք, թերեւս, պայքարեցին այնքան, որքան կարողացան: Սակայն մյուս կողմից էլ` նրանք ստանձնել էին այս պայքարը մինչեւ վերջ տանելու պարտավորություն եւ նրանց հավատացած բազմաթիվ քաղաքացիներ այս ամենի արդյունքում խնդիրներ ունեցան իրենց գործատուների հետ, իսկ ոմանք անգամ կորցրեցին իրենց աշխատանքը:




Լրահոս