ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅՏՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԻ ՈՐԴԻՆ ԸՆԿԵԼ Է ՊԵԿ-Ի ՃԱՆԿԸ

Հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանը, հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Նարեկը հոր նկարը վերադարձնելու համար տուգանքի է ենթարկվել:

Պարզեցինք, որ հունիսի 3-ին վերաարտահանում մաքսային ռեժիմով Նարեկ Մինասի Ավետիսյանի անունով հայտարարագրվել են նկարներ: Հունիսի 4-ին հայտարարագիրն ընդունվել է մաքսային մարմնի կողմից, սակայն Նարեկ Ավետիսյանը հայտարարագիրն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում չի ապահովել համապատասխան հայտարարագրի ներկայացումը մաքսային հսկողությանը` թույլ տալով մաքսային կանոնների խախտում, ինչի հետեւանքով էլ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 50.000 դրամի չափով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նարեկ Ավետիսյանն ասաց, որ երեկ ինքը եղել է մաքսային ծառայությունում եւ խնդիրը կարգավորվել է: «Գերմանիայում ցուցահանդեսի եմ մասնակցել, նկարներից մեկը հայրիկիս աշխատանքներից էր, իսկ մյուսները իմ նկարներն են եղել: Խնդիրն առաջացել էր հայրիկիս նկարի հետ, քանի որ այն չափերով մեծ էր եւ մյուս նկարներից առանձին տեղափոխվեց Հայաստան: Որոշակի խնդիրներ առաջացան փաստաթղթերը սահմանված ժամանակում մաքսային մարմին ներկայացնելու մասով: Կրկնում եմ՝ այդտեղ որեւէ տարօրինակ բան չկա, ամեն ինչ կարգավորվել է»,-հավաստիացրեց Մինաս Ավետիսյանի որդին:
Ըստ Նարեկ Ավետիսյանի՝ սա առաջին դեպքն էր, որ իրենք նկարների համար տուգանքի են ենթարկվել:
Նշենք, որ հայտնի գեղանկարչի աշխատանքների հետ կապված դեռեւս 2011թ. մեծ աղմուկ էր բարձրացել: Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները տեղափոխվել էին Երեւան՝ վերականգնվելու նպատակով, իսկ հետագայում դրանք պետք է տեղադրվեին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալի մեկնման համար նախատեսված սրահում, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Այս որոշման դեմ էին դուրս եկել մի խումբ գյումրեցիներ, ովքեր պահանջում էին Մինասի որմնանկարները վերադարձնել իրենց իսկական տերերին:
Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանը հավաստիացրել էր, որ Մինասի «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարները Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը, Գյումրիից Երեւան է տեղափոխել թաքուն, այն ժամանակ, երբ իրենք 8 ժամ բանակցել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ երկու որմնանկարները Գյումրիում վերականգնելու եւ տեղում պահելու հարցերի շուրջ:
Որմնանկարների շուրջ իրավիճակն այն աստիճանի էր թեժացել, որ անգամ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը, դատի էր տվել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Բանն այն էր, որ ակումբի կայքում գեղանկարչի որդու արժանապատվությունը ոտնահարող հրապարակումներ էին եղել, թե իբր վերջինս առանց գյումրեցիների հետ խորհրդակցելու, Էռնեկյանի պատվերն է կատարել:
«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ պարզաբանել էր, որ նա իր հոդվածներով որեւէ վիրավորանք չի հասցրել Մինասի որդուն, այլ հնչեցրել է գնահատականներ:
Այսպիսով, Մինաս Ավետիսյանի նկարների շուրջ պարբերաբար աղմկոտ պատմություններ են հյուսվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատի նորանշանակ տնօրեն Արտակ Հարությունյանը տուն- ինտերնատում կադրային ջարդ է սկսել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինս անխտիր աշխատանքից հեռացնում է նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի կադրերին:
Հիշեցնենք, որ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի համար «մեծ ջանք էր թափում» երիտհանրապետականների փուչիկասեր առաջնորդ Կարեն Ավագյանը` փորձելով իր հարազատ հորեղբորորդուն` ինտերնատի նախկին գանձապահ Արմեն Ավագյանին, կարգել այդ պաշտոնում: Սակայն նրա ջանքերն ապարդյուն անցան:
Եվ ահա տուն-ինտերնատում ստեղծված իրավիճակի հետ կապված զրուցեցինք Արտակ Հարությունյանի հետ:
-Ինչո՞ւ եք կադրային ջարդ սկսել տուն-ինտերնատում:
-Ինձ մոտ կրճատում չունեմ եւ,առհասարակ, նման խնդիր չկա:
-Ասում են, որ նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի կադրերին եք հատկապես հեռացնում:
-Բացարձակապես նման խնդիր չկա: Նվեր Հովհաննիսյանի որդին ինձ մոտ է աշխատում:
-«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Ձեր հայրը Նորքի հոգեբուժարանի գլխավոր բժիշկն է: Տպավորությունն այնպիսին է, որ Ձեզ մոտ ժառանգաբար է հոգեբուժարաններում պաշտոն ստանալը:
-Նման բան չկա:
-Այդ դեպքում, Ձեր ո՞ր արժանիքի համար են նշանակել տնօրենի պաշտոնում:
-Իմ գիտելիքների:
-Օրերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ Վարդենիսի տուն-ինտերնատում 450 բնակիչներին ընդամենը մեկ հոգեբույժ է սպասարկում: Ի՞նչ եք պատրաստվում անել խայտառակ իրավիճակը փոխելու համար:
-Մինչեւ ամսվա վերջ, սեպտեմբերի սկիզբ այդ հարցը կկարգավորեմ:
-Եվ ինչպե՞ս եք պատրաստվում դա անել:
-Սեւանի հոգեբուժարանի նախկին բժիշկն իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Ես խնդրել եմ իրեն, որ գա մեզ մոտ աշխատի:
-Ընդունե՞լ է Ձեր առաջարկը:
-Ինքը համաձայն է եւ ասել է, որ մինչեւ սեպտեմբերի կեսերը կգա ու կաշխատի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ
Երեկ Ավան-Առինջ թաղամասում վաղ առավոտյան՝ ժամը 05:20-ի սահմաններում, դաժան ծեծի է ենթարկվել նույն թաղամասի բնակիչ, 37-ամյա Կարեն Երեմյանը: Կարենին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների հայտարարության՝ վերջինս ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է սկսվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարեն Երեմյանը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է:

 

ԳՈՐԾ ՉԵՆ ՀԱՐՈՒՑԻ
Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով ամբաստանյալներից Վարդան Վարդանյանի այն հայտարարությունը, թե ոստիկանության բաժանմունքում իրեն բռնության են ենթարկել, եւ դա արել է անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՔԾ-ն չի պատրաստվում հիմք ընդունել եւ քրեական գործ հարուցել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ: Այս մասին ԳԱԼԱ-ին ասել է Հատուկ քննչական ծառայության պետի մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ ոստիկանապետի կողմից Շանթ Հարությունյանին ծեծի ենթարկելու մասին հարցը բարձրաձայնել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որից հետո ՀՀ ոստիկանությունը հերքող տեղեկություն էր տարածել, իսկ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն էլ ասել էր, որ եթե ինքը ծեծեր Շանթին, ապա նրանից բան չէր մնա:

 
ԲԼԹ

«Ես ինչ ՕԵԿ-ից դուրս եմ եկել, շփումներ չեն եղել ՕԵԿ-ականների հետ, բայց մշտապես էլ ասել եմ, որ Արթուր Բաղդասարյանն իմ ընկերն է»:

Արմեն Երիցյան 1in.am

Նախկին ՕԵԿ-ական արտակարգ իրավիճակների նախարարի մոտ հումորի սուր զգացողություն կա: Նա չի ցանկանում վիրավորել Արթուր Բաղդասարյանին՝ դեռեւս համարելով իր ընկերը: Սակայն «օդային» ընկերության մասին նրա ակնարկը թերեւս նման է ֆեյսբուքյան ընկերության, որտեղ մարդիկ ընդհանրապես միմյանց չեն ճանաչում, սակայն ընկերություն են անում, «լայքում» իրար, երբեմն միմյանց գրառումների տակ մեկնաբանություններ են գրում… եւ այլ առցանց դրսեւորումներով շփվում վիրտուալ դաշտում: Իսկ իրական կյանքում ընկերություն ասվածը մի փոքր այլ ընկալում ունի:

 
«Ռուսաստանի հետ տեղի ունեցածը կարող է առաջացնել ե՛ւ խնդիրներ, ե՛ւ նոր հնարավորություններ: Այդ տեսակետից ես չեմ կիսում դեսպանի արտահայտած կարծիքը»:

Գագիկ Մինասյան tert.am

Նախ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի ասածն այն մասին, թե եթե ԱՄՆ-ի պատժամիջոցներն ազդեն Հայաստանի վրա, ապա Հայաստանը կարող է մեղադրել Ռուսաստանին, ոչ թե արտահայտած կարծիք էր, այլ բավականին ցինիկ հայտարարություն, ինչի մասին արդեն խոսել ենք: Եվ ՀՀԿ-ական պատգամավորին չէր խանգարի մի փոքր համարձակություն ունենալ՝ իրերն իրենց անուններով կոչելու: Նա բավարարվում է Հեֆֆերնի հետ անհամաձայնություն արտահայտել շատ զգուշավոր ձեւով: Դրա համար էլ այլ երկրների ներկայացուցիչները Հայաստանում սկսում են իրենց չափից ավելի «լավ զգալ»:

 

 

«Քառյակի ծրագրերում ոչինչ չի փոխվել եւ չի բացառվում 4 առաջնորդի հանդիպումը մինչեւ հանրահավաքը… Քառյակն այդ ամենը կամփոփի սեպտեմբերի վերջին»:

Ստեփան Մարգարյան tert.am

Հավանաբար ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է, թե շատ լուրջ հայտարարություն է արել, եւ ողջ հասարակությունը ցնցված է նրա ասածից: Իսկ ի՞նչը կարող էր փոխվել քառյակի ծրագրերում, երբ քառյակը ոչինչ չի էլ անում, այլ վայելում է իր ամառային արձակուրդները: Ինչ վերաբերում է 4 առաջնորդների հանդիպմանը, ապա այն հերթական անպտուղ եւ անիմաստ նախաձեռնությունը կարող է լինել: Մեկ անգամ ավելի կհանդիպեն, թե պակաս՝ ի՞նչ տարբերություն, միեւնույն է՝ մինչեւ սեպտեմբեր անգործության են մատնված: Իսկ սեպտեմբերի վերջին կարող են որոշել հերթական «արձակուրդի» տեւողությունը:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս