ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԸ ՌԴ-ՈՒՄ ՃԱՆԱՉՎԱԾ Է
Oրերս Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան արձանագրություն ստորագրեցին թուրքական պարենային ապրանքների ներմուծումն ընդլայնելու մասին: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ տարով արգելել է ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական ապրանքների, հումքի եւ սնդդամթերքի ներմուծումը Ռուսաստան: Հայաստանի կառավարության անդամների համոզմամբ, ՌԴ նախագահի այս արգելքի շնորհիվ ռուսաստանյան շուկայում գյուղատնտեսական մթերքների իրացման համար հայ արտադրողների առջեւ մեծ հնարավորություններ են բացվում: Այդպես է արդյոք: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:
-Պարոն Պետրոսյան, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պարենային ապրանքների հետ կապված վերջին պայմանագիրն արդյոք չի՞ փակում հայկական գյուղմթերքի իրացման հնարավորությունները ՌԴ-ում:
-Նախ` դա որեւէ կերպ Հայաստանի վրա չի կարող անդրադառնալ: Այս պահին ես չեմ կարծում, որ Թուրքիան կունենա այնքան ազատ արտահանման ենթակա մթերքներ, ապրանքատեսակներ, որով կարող է ծածկել ռուսական շուկայի պահանջարկը: Իսկ ռուսական շուկան շատ մեծ է, տարողունակ եւ բոլորին է հայտնի, որ այսօր ՌԴ-ն Լատինամերիկյան երկրների հետ է բանակցում, տարբեր քայլեր են կատարվում, որ կարողանան իրենց պահանջարկը բավարարել: Այնպես որ, չեմ կարծում, թե Թուրքիայի հետ այդ առեւտրային բանակցությունները, պայմանագրերի ստորագրումը որեւէ կերպ կազդեն մեր արտահանումների վրա: Առավելեւս հայկական գյուղատնտեսական ապրանքները ռուսական շուկայում շատ ճանաչված են եւ դրանք շատ մեծ պահանջարկ ունեն: Մեզ համար բավականին լուրջ հնարավորություններ եւ հեռանկարներ են բացվել: Բացի այդ, առեւտրային սահմանափակումները, որոնք կիրառվում են ՌԴ-ի նկատմամբ, ժամանակավոր երեւույթ են: Իսկ Մաքսային միությանն անդամակցությունը մեզ համար կայուն, լուրջ հեռանկարներ ստեղծելու հնարավորություն է:
-Գյուղմթերքի տեղափոխման խնդիրների հետ կապված գյուղատնտեսության նախարարությունն ինչպիսի՞ լուծումներ է նախատեսել: Գործող ճանապարհից բացի, ավելի մատչելի առաջարկ կամ այլընտրանքային տարբերակ առաջիկայում կլինի՞:
-Ավելի մատչելի տարբերակ կլիներ, եթե երկաթուղին գործեր: Ես բերեմ խորհրդային տարիների օրինակը. հուլիս ամսին ՀՀ-ից հեշտ տարբերակով արտահանվում էր շուրջ 10 հազար տոննա պարենային վաղահաս կարտոֆիլ, բարձվում էր Մատիս կոչվող կայարանում եւ այնտեղից տեղափոխվում էր արդեն համապատասխան քաղաքներ: Բայց հիմա պետք է տարվի Փոթի, որտեղից լաստանավով տեղափոխվի Նովոռոսիյսկ եւ այլն: Իսկ դա, բնականաբար, ծախսատար է: Այսօր լավագույն տարբերակը, արագության առումով, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով է:
-Իսկ հայ ֆերմերին հնարավորություն տրվելո՞ւ է ինքնուրույն, իր սեփական ավտոմեքենայով կատարել այդ տեղափոխությունը: Թե՞ նա պետք է անպայման իր ապրանքը հանձնի մթերող ընկերություններին , իսկ վերջիններն էլ ընդունման կամայական գին թելադրեն:
-Նշեմ, որ լավագույն տարբերակը կլինի այն, որ լինի մրցակցություն: Որպեսզի ոչ միայն խոշոր, կայացած ընկերությունները կատարեն ներկրումներ, այլեւ ցանկացած ֆերմեր, որը կունենա փոքր խմբաքանակ: Այսօր որեւէ դժվարություն չկա այդ ապրանքները արտահանելու հարցում: Բայց հիմա փոքր խմբաքանակներով ապրանք արտահանելու դեպքում դժվարություն կծագի, քանի որ անհատ ֆերմերները կայուն եւ մշտական կապեր չունեն արտաքին շուկայում եւ այդ ապրանքի իրացումը դժվարույթւններ կառաջացնի:
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կա՞ այն քանակությամբ մթերք, որը մեր ինքնաբավությունն ապահովելուց հետո` ենթակա լինի արտահանման: Օրերս հայ գործարարներից մեկը հայտարարեց, թե մեր հանրապետությունը չունի այնքան մթերք, որ կարողանանք լուրջ ծավալներով այն արտահանել: Ավելին, ըստ նրա՝ մենք նույնիսկ մեր ներքին պահանջարկը չենք կարողանում հավուր պատշաճի բավարարել:
-Ռուսական շուկայի պահանջարկը աննկարագրելի մեծ է: Մենք եթե նույնիսկ հարյուրապատկենք մեր արտադրության ծավալները, դարձյալ չենք կարող ռուսական շուկայի պահանջարկը բավարարել: Բայց մենք մի շարք ապրանքատեսակների առումով ինքնաբավ ենք եւ լուրջ հնարավորություններ ունենք նույնիսկ այդ ծավալներն ավելացնելու մասով: Մեզ մոտ վաղուց կարտոֆիլի արտադրության ինքնաբավության մակարդակն անցել է 100 տոկոսից: Եվ կարտոֆիլի լուրջ քանակության ավելցուկ ենք ունենում, որը մենք ստիպված ենք լինում օգտագործել որպես անասնակեր: Հիմա մեր կարտոֆիլի ցանքատարածքները մոտավորապես 3000 հեկտարով կրճատվել են, բայց պահանջարկի դեպքում բոլոր հնարավորությունները կան նորից դրանք վերականգնելու եւ ավելացնելու կարտոֆիլի արտադրության ծավալները: Էլ չեմ խոսում պտուղների, խաղողի արտահանման հնարավորությունների մասին:
-Մեր գյուղատնտեսները պարբերաբար բողոքում են, որ իրենց աճեցրած գյուղմթերքը չի իրացվում, քանի որ շուկան հեղեղված է թուրքական գյուղմթերքով, որը գնային առումով ավելի մատչելի է: Թեեւ, հայ ֆերմերների պնդմամբ` թուրքական գյուղմթերքն իր որակով զիջում է հայկականին: Հիմա՝ եթե Թուրքիայի համար ռուսական շուկան բացվել է, հնարավո՞ր է, որ թուրքական ապրանքների ճնշումը փոքր-ինչ մեղմանա հայկական շուկայում:
-Եթե դուք ինձ թվարկեք, թե թուրքական որ ապրանքները նկատի ունեք, բացի լոլիկից, ես կշարունակեմ:
-Թեկուզ թուրքական վարունգը…
-Ոչ: Թուրքիայից Հայաստան կարճ ժամանակահատվածում` ձմռան ամիսներին, երբ մեր ջերմոցային տնտեսությունները չէին կարողանում սպառման պահանջարկը բավարարել, այդ ժամանակ որոշակի քանակություններ ներմուծում էին: Մյուս ապրանքատեսակները չեն ներմուծվում:
-Այսինքն, Դուք պաշտոնապես հայտարարում եք, որ որպես գյուղմթերք Թուրքիայից Հայաստան միայն լոլի՞կ է ներմուծվում:
-Եթե ինչ-որ այլ մթերք գա, ապա դա կլինի շատ չնչին քանակություններով: Թուրքիայից մենք այլ մթերքներ գրեթե չենք ստանում:
ԵԶԴԻԱԲՆԱԿ ԳՅՈՒՂԵՐԸ ԻՐԱՔԻ ԵԶԴԻՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԵՆ
Իրաքի հյուսիսային հատվածում ծայրահեղ ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով ՀՀ եզդիաբնակ համայնքների ղեկավարները ոտքի են կանգնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Արագածոտնի մարզի տասից ավելի համայնքներում այս պահին դրամահավաք է անցկացվում` Իրաքի եզդիներին օգնելու նպատակով: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կանչ համայնքի ղեկավար Մրազ Բշարյանի հետ:
-Պարոն Բշարյան, Իրաքի եզդիներին օգնելու համար ի՞նչ եք ձեռնարկում:
-Արդեն սկսել ենք դրամահավաքը, բայց կոնկրետ չգիտենք, թե այդ գումարը որ հաշվեհամարով փոխանցենք, ուղարկենք:
-Որքա՞ն գումար է հավաքվել:
-Հստակ թիվ չգիտեմ, բայց գյուղի յուրաքանչյուր ընտանիք օգնել է. մեկը՝ 50 հազար դրամ, մյուսը՝ 20: Բոլորն էլ մտահոգ են, պատրաստակամ են օգնելու հարցում: Մենք ՌԴ-ում երկու համագյուղացի հարուստ եզդի ունենք, որոնք նույնպես կարող են միլիոններով օգնել Իրաքի եզդիներին:
-Բացի համայնքի բնակիչներից, ովքե՞ր են Ձեզ այս հարցում օգնել:
-Մեր համագյուղացիները, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպական երկրներում, Միջին Ասիական հանրապետություններում, բոլորն էլ պատրաստ են մեզ օգնել:
-Ի վերջո, ինչպե՞ս եք փոխանցելու հավաքված գումարը:
-Ամեն օր մեկը զանգում է ու պահանջում, թե գումարը տվեք մենք կուղարկենք: Բայց մենք չենք վստահում ոչ ոքի: ՄԵնք ցանկանում ենք, որ հավաքված գումարը ծառայի իր նպատակին:
-Ովքե՞ր են զանգում եւ նման բան պահանջում:
-Երեւանում ինչ-որ կուսակցություններ կան, ովքեր իրենց ազգի լիդեր են զգում: Հիմնականում անհատներ են զանգահարում ու հայտարարում, թե կարող են այս հարցով օգնել մեզ: Եթե չկարողանանք Հայաստանում բացված հաշվեհամարների միջոցով ուղարկել, ապա գումարը կուղարկենք ՌԴ:
-Իսկ Իրաքում Ձեր համագյուղացիներից կա՞ն:
-Մենք այս պահին Իրաքում եզդի բարեկամներ ունենք, որոնց հետ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կապ չենք հաստատել: Հավանաբար սարերն են բարձրացել ու այնտեղ են թաքնվել, կամ էլ… չեմ համարձակվում նույնիսկ բարձրաձայն ասել: Ոչ մի կապ չունենք:
-Բացի Ձեր համայնքից, կա՞ն այլ համայնքներ, որտեղ այս նպատակով դրամահավաք է կազմակերպվել:
-Բոլոր համայնքներն էլ եզդիներին օգնելու են, նույնիսկ հայ համայնքները: Այս պահին Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում ութ եզդիաբնակ համայնք եւ Ապարանի տարածաշրջանի 9 համայնք դրամահավաք են կազմակերպել: Բացի գումարից, մենք նաեւ կարող ենք հագուստով եւ ուտելիքով օգնել Իրաքի մեր ազգակիցներին:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՀԱՑԻ 30 ՏՈԿՈՍԸ ՕԴ Է
«Հացի որակը զգալիորեն լավացել է, եւ դա չի կարելի չնկատել»,-երեկ հրավիրած ասուլիսում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա` Հայաստանում հացաբուլկեղենի ոլորտի բարելավման համար նախ պետք է պետական մարմինները ստուգայցեր կատարեն հացի արտադրամասեր եւ լաբորատոր փորձաքննություն անցկացնեն, որից հետո տուգանեն խախտում կատարողներին: Ա. Պողոսյանը նշեց, որ Սպառողների միությունը ժամանակին կատարել է ստուգայցեր, որոնց արդյունքում պարզվել է, որ հացի մեջ մինչեւ 30 տոկոս օդ կա. «Երբ մենք հաց ենք գնում, մեզ թվում է՝ մենք գնում ենք հաց: Իրականում այդ հացի 30 տոկոսը օդ է: Առողջությանը վտանգ չկա, բայց սրա շնորհիվ մեր գրպանին են հարվածում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ինձ փորձում է համոզել, որ դա իրենց ֆունկցիան չէ: Եթե մեկը ոչ օրինական եկամուտ է ստանում՝ գնի մեջ դա արտահայտելով, մի՞թե տնտեսական մրցակցության խնդիր չէ»: Ա. Պողոսյանն անդրադարձավ նաեւ հացաբուլկեղենի ոլոտում առկա հիմնական թերությանը՝ հացի տեղափոխմանը, որը շատ անփույթ է կատարվում. «Փոշու տակ չի կարելի հացը տեղափոխել: Մեքենան պետք է հատուկ այդ նպատակի համար հարմարեցված լինի, հիգիենայի կանոնները պետք է պահպանվեն»: Հացի փաթեթավորումը եւս պատշաճ կերպով չի արվում: Ընդհանրապես հացը պետք է թղթե փաթեթների մեջ լինի: Իսկ եթե խանութում գրած է՝ «հաց՝ 180 դրամ», սա չի կարող համարվել գնապիտակ: Գնապիտակի վրա պետք է գրված լինի ձեռնարկության անունը, հացի տեսակը, գինը, քաշը եւ տվյալ վաճառախանութի կնիքը. «Վիճակագրությունն ասում է, որ մեր երկրում մարդու սննդակարգի մեջ հացը կազմում է օրական մոտ 400 գրամ: Սա աղաղակող փաստ է: Այսպիսի վիճակ լինում է պատերազմական ժամանակ, աղետների դեպքերում, երբ մարդիկ հիմնականում հացով են սնվում: Սա անընդունելի ցուցանիշ է»։
ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ
Ցանկացած պատերազմի ավարտին նախորդում են բանակցությունները եւ ԼՂՀ պաշտպանության բանակը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները ցանկացած մակարդակում: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումը: «Շփման գծում խաղաղություն հաստատվեց օգոստոսի 5-ին, մինչեւ նախագահների հանդիպումը, քանի որ հայկական զինվորները արժանի հարված հասցրեցին ադրբեջանական դիվերսիային եւ սադրանքներին: Օգոստոսի 5-ին ադրբեջանական կողմը դադարեցրեց դիվերսիայի իրականացման փորձերը, ինչպես նաեւ մեր դիրքերի ինտենսիվ գնդակոծությունը»,- նշեց ԼՂՀ ՊԲ հրամանատարը: Մեկնաբանելով Սոչիի հանդիպման արդյունքները՝ նախարարը նշեց, որ այն չի հանգեցնի տեւական հրադադարի. «Ադրբեջանը մտադիր չէ Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Ես ակնկալիքներ չունեմ, որ ղարաբաղյան հարցը մոտակա մի քանի տարիների ընթացքում կլուծվի»: