Արցախի օրենսդիր մարմինն աչքակապոցի է խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի անկախության առաջին իսկ տարիներից առայսօր ռուսաստանյան լրագրող, քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը մեծ հետաքրքրությամբ հետևում է Արցախի կայացման գործին, քաղաքական և տնտեսական զրագացումներին: Այդ իսկ պատճառով նրա այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ: Վերջին օրերին, Վ. Դուբնովը նորից Ստեփանակերտում էր: karabakh-life-ը կարճատև զրույց ունեցավ փորձառու լրագրողի հետ

-Վերջին օրերին, իրավիճակը առաջնագծում բավականին լարված էր: Ինչպես ասում են, չեզոք ու կողքից հայացքը ավելի սուր է լինում: Ի՞նչ կասեք, տիրող մթնոլորտում պատեազմի հոտ կամ մարդկանց մոտ լարվախություն զգացու՞մ էր:

-Ղարաբաղը նման չէ պատերազմող, նույնիսկ անգամ պատերազմի նախապատրաստվող երկրի: Նախ, ես նկատում եմ, որ զբոսաշրջիկների քանակն է տարիների հետ ավելանում : Ասեմ, որ և նրանք, և տեղացիները բավականին հանգիստ են: Կարելի է մտածել, որ նրանք չգիտեն ինչ է կատարվում կամ էլ գիտեն և հենց դրա համար էլ հանգիստ են:

-Դուք արդեն եղել եք դիրքերում, զրուցել եք զինվորների ու սպաների հետ: Հանդիպել եք նաև հասարակ քաղաքացիների: Ի մի բերելով տեսածն ու լսածը, ի՞նչ հանրագումարի եք եկել:

-Առաջնագծում տեղի ունեցած լարվածությունը կարծես մարդկանց մեջ արթնացրեց քսան տարվա վաղեմության հիշողություններ՝ սակայն առանց հուզումների, բայց հպարտ ու միաբան: Լարվածության շուտափույթ հաղթահարումը սովորաբար մեկնաբանվում է ղարաբաղյան բանակի քաջությամբ և ադրբեջանցիների վախկոտությամբ: Սակայն,ինձ թվում է, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Ինչպես ցույց տվեց կարճ բախումը, ադրբեջանական բանակը չցուցաբերեց այն հմտություններն ու տեխնիկական հագեցվածությունը, ինչի մասին այդքան նախանձով խոսվում է Հայաստանում, նկատի ունենալով հակառակորդի ֆինանսական ռեսուրսները: Ըստ իս, Ղարաբաղյան կողմն էլ այնքան համոզիչ չէր երևում: Պատկերացումներն այն մասին, որ սահմանը հուսալիորեն անառիկ է , պարզվեց, որ բավականին կասկածելի է, և այն խոցելի է ոչ միայն Քելբաջարում: Պարզվեց նաև օպերատիվ պատրաստվածությունն ու հետախուզությունը հետազոտման լուրջ կարիք ունեն: Մի խոսքով, եթե տեղի ունեցածը համարենք մարտական ստուգարք, ապա կողմերից ոչ մեկն էլ չի կարող համարել, որ այն լավ հանձնեց :

-Եթե խոսում եք սահմանի խոցելիության մասին, խոսքը երևի տեխնիկական հագեցվածության մասի՞ն է: Որովհետև, միակ բանը, ինչն անհերքելի է ՝ դա հայ զինվորի մարտական ոգին է:

-Այո: Ղարաբաղյան որոշ վերլուծաբաններ, ընդհանուր առմամբ, համամիտ են նման գնահատականի հետ՝ ենթադրում են, որ դրա հիմնական մեղավորը անարդյունավետ իշխանությունն է , որը, նաև, բավականին կոռումպացված է: Զարմանալին այն է, որ իշխանությունները չեն էլ թաքցնում գայթակղություններին տրվելու իրենց հակումները, կարծես այն չհամարելով դատապարտելի:

-Չե՞ն թաքցնում: Ավելի կոնկրետ, ինչի՞ մասին է խոսքը: 

-Oրինակ, փոխվարչապետն ինձ ասում է. Քանի որ Ղարաբաղցիները 140 000 են, պետությանը պետք է 1400 գործարար: Բայց, քանի որ, ժողովուրդը պատրաստ չէ գործարարությամբ զբաղվելուն, ապա, պաշտոնյան, ասենք՝ մինիստրը, ստիպված է մինչև ժամը վեցը լինել պետական ծառայող, իսկ դրանից հետո՝ գործարար: Իմ այն զգուշավոր հարցին, թե՝ իսկ դա շահերի բախում կամ կոռուպցիոն բաղկացուցիչներ չի պարունակում , պետական ծառայողը վստահ պատասխանեց, որ փոքր համայքներում դա բացառվում է. «Բոլորը մեկ մեկու գիտեն և ինչպես կարող են կաշառք տվող- վերցնող մարդիկ մեկ շրջապատում իրար աչքերի մեջ նայել» :

-Իսկ օրենքը ում համար է ընդունված, կամ , օրենսդիր մարմնի գոյությունը ինչ իմաստ ունի, եթե իրար աչքի մեջ նայելով կարգավորում ենք հարցերը: Գուցե ՞, փորձեիք պատասխանը գտնել օրենսդիրում:

-Փորձել եմ հստակեցնել: Ի դեպ, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, չփորձեց ինձ համոզել, որ խնդիրը չկա: Իմիջիայլոց, նա հույսը կապում է նոր սահմանադրության հետ, որը ուժի մեջ կմտնի մեկ տարի հետո, երբ Ղարաբաղում արդեն կլինի լրիվ պրոֆեսիոնալ ազգային ժողով: «Այդ ժամանակ էլ պետական ծառայությունը գործարարության հետ համատեղելը կարգելվի օրենքով»- ասել է Ղուլյանը: Միևնույն ժամանակ, նա խոստովանում է, որ օրենսդրական արգելքներ հիմա էլ կան, սակայն, նաև ավելացնում է. «Առայժմ, մենք ստիպված ենք փակել մեր աչքերը այդ երևույթի դեմ»:

-Գուցե՞ նրանից է, որ հասարակությունը երբեք չի ընդվզում ոչ մի անօրինական , հակապետական երևույթի դեմ: Սա նպաստում է նաև իշխանությունների մոտ զգոնության ու պատասխանատվության թուլացման, ավելի ճիշտ, վերացման:

-Այս հարցում ղարաբաղյան հասարակության ավանդական ժողովրդավարությունը փրկություն չի: Հասարակության անկախությունն իշխանություններից հանգեցնում է երկուստեք օտարացման: Արդյունքում, իշխանությունները իրենք իրենց ազատել են զարգացման ռազմավարական ճյուղեր որոնելուց և հետագա զարգացման մոդելի մասին հարցը մնում է օդի մեջ կախված: Նրանք, ովքեր պատասխանատու են տնտեսական զարգացման համար, պատմում են. «Ղարաբաղում մոշը շատ է /բնությունը շռայլ է հատապուղներով ու մրգերով, ինչը կարելի է եկամտի աղբյուրի վերածել. խմբ/ , իսկ հաշվել, թե Ղարաբաղում քանի մարդ է զբաղված գյուղատնտեսությամբ՝ հնարավոր չէ, քանի որ գյուղատնտեսության մեջ ընդունված է ոչ թե ֆերմերային տնտեսվարումը, այլ տնամերձ հողատարածքների մշակումը, դա նշանակում է, որ պետք է հաշվել բոլորին / Ա. Աղաբեկյան/»:

Սակայն, եթե բոլորը զբաղվում են գյուղատնտեսությամբ, ապա, ինչու, ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության բաժինը կազմում է 13 տոկոս: ՀՆԱ-ում սպասարկման ոլորտի թեման, օրինակ, , պաշտոնյայի համար այնքան էլ հրատապ հարց չէ, իսկ այն ոլորտները, որոնք կարող են տնտեսության զարգացման առանցքները դառնալ՝ հանքարդյունաբերություն ու էներգետիկան, կոռուպցիոն –գրավիչ ոլորտներ են դարձել:

-Զրույցը սկսեցինք լարվածությունից՝ առաջնագծում, սակայն, սահուն անցանք տնտեսական հարցերին:

-Որովհետև, երևույթը շատ վտանգավոր է Ղարաբաղի համար: Այդ ամենը հատկանշական է բոլոր հետխորհրդային պետություններին, սակայն Ղարաբաղի պարագայում՝ չափազանց վտանգավոր: Ամենից առաջ այն պատճառով, որ չճանաչված է, գտնվում է մերձճակատային իրադրության մեջ և որպես հետևանք այս ամենի՝ ներդրումների համար անհրապույր երկիր՝ խիստ սահմանափակ պաշարներով:

Նախկին ղեկավարները , գոնե , խոսում էին այն մասին, որ Ղարաբաղը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի բարեփոխումների ուղությամբ, քան հարևան երկրները:
Այսօր, ինչպես ինձ թվում է, ղեկավարությունը գտնում է , որ ամեն ինչ գնում է իր հունով, ինչի հետ ազգաբնակչությունը կատերգորիկ համաձայն չի: Միասնության միակ կետը մնում է Ադրբեջանից սպասվող վտանգը: Սակայն, միասնության նման մեթոդոլոգիան , ըստ իս, քաղաքականապես և մտայնորեն վտանգավոր է :

Ինչպես պետք է զարգանա Ղարաբաղը, որքանով այն պետք է բխի և կապված լինի միասնությունից հայկական տարածքում և ինչքանով պետք է հենվի քաղաքական ինքնուրույնության վրա : Սա, ինչպես ինձ է թվում, ոչ թե քաղաքական հարց է, այլ շատ ավելի ծավալուն ու խորքային:

-Տարօրինակ է , մի կողմից ունենք ժողովրդավարական հասարակարգ, մյուս կողմից այդ հասարակության բացարձակ անտարբերություն՝ չգիտես վախից թե հուսահատությունից դրդված:

-Հանրությունը ուժ և հնարավորություն չունի այդ հարցերի մասին մտածելու՝ իր առջև ծառացած բազում խնդիրների պատճառով:

Իհարկե, խուճապի համար հիմքեր չկան, ես չեմ կարող խոսել աղետի կամ ռազմական պարտության մասին: Ղարաբաղի փողոցները չեն հանգեցնում այն մտքին, որ կա դեպրեսիա, սակայն նրանք, ովքեր կարող են կայանալ այստեղ՝ մեկնում են կամ մտածում Ղարաբաղից հեռանալու մասին: Այսպիսի պայմաններում զարգացումը իներտ բնույթ է կրում, ինչպես հարևաններից շատերի մոտ: Սակայն, ինձ թվում է , Ղարաբաղի դեպքում դա շատ ավելի մտահոգիչ է:




Լրահոս