ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽԱԲԵՑ ՈՒ ԳՆԱՑ»

Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ աշխատակիցներն ամիսներ շարունակ իշխանություններից պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը: Գործարանի ղեկավարությունը 700 աշխատողներին պարտք է մոտ 360 մլն դրամ:

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը խոստացել էր մինչեւ հուլիսի վերջը կամ օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում մարել աշխատողների պարտքերը, բայց դարձյալ խոստումը չկատարեց:
Քիմպրոմցիները հույսեր էին կապում նաեւ նորանշանակ վարչապետի հետ, ով ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի բացմանը մասնակցելու նպատակով Վանաձոր կատարած այցի ժամանակ լսելով նրանց բողոքն ու պահանջները` խոստացել էր հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին: Սակայն վարչապետի խոստումներն էլ, փաստորեն, չիրագործվեցին. քիմպրոմցիների աշխատավարձը մնում է չվճարված:
Երեկ գործարանի անվտանգության պետը հայտնեց, որ նորից է դիմել Արմեն Մովսիսյանին եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Վերջինս խոստացել է խոսել վարչապետի հետ եւ փոխանցել նրա պատասխանը, բայց դեռ չի զանգել:
«Անցյալ շաբաթ պետք ա տային մի ամսվանը գոնե, էդ էլ չկա, հույս էլ չկա, ոչ մի տեղեկություն էլ չունենք, 11 ամսվա պարտք ա, 5 տարվա էլ արձակուրդային:
Սա մեր խայտառակությունն ա: Վարչապետը գալիս ա աշխատողներին խաբում ա, 3 օր սպասեք, 5 օր սպասեք, արդեն ամիսուկես ա սպասում ենք:
Էլի գործեր են տալիս, փչացած բաներ կա փոխում ենք, հույս կա, որ ասում ա՝ աշխատենք, բան, բայց արդյո՞ք հույս կա: Էս մի տարի ա չարչարվում ենք, խողովակներն ենք վերանորոգում, մի օր էլ հանգիստ չենք ունեցել, որ գնում ենք, հանգիստ չենք ունենում»,-«Ժողովուրդ»-ին բողոքեցին գործարանի աշխատողները:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Վանաձոր

 
ՃԱՆԱՊԱՐՀԻ ԽՆԴԻՐ

Օգոստոսի 15-ից բացվել է Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Այն փակվել էր սահմանագծում լարվածության, միջպետական ճանապարհի վրա ադրբեջանական հենակետերից կատարվող գնդակոծությունների պատճառով: Սակայն հիմա էլ, հիմնական ճանապարհի բացվելուց հետո, Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքար սարով ձգվող ճանապարհով երթեւեկը չի դադարում: 6.3 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհը կառուցվել է 2006-2007 թվականներին, պետական բյուջեից 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Դժվարամատչելի տեղանքով ձգվող այդ ճանապարհը շահագործման հանձնվելուց հետո մի քանի տարի անգործության էր մատնվել, քանի որ սողանքի պատճառով 2 ոլորանում ճանապարհը քանդվել էր: Այն պետական միջոցներով նորոգվեց:
Սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ երբ մարդիկ երթեւեկում են իրենց ընտանիքներով, երեխաների հետ, չեն ուզում ռիսկի դիմել եւ երթեւեկում են ադրբեջանական գնդակոծություններից անվտանգ ճանապարհով` Հարսնաքարի շրջանցիկ ուղիով: Գյուղապետի խոսքերով՝ սահմանագծով անցնող, Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհով երթեւեկողների մեջ քիչ չեն այդ տեղանքին անծանոթները, ովքեր պատկերացում չունեն սահմանի այդ հատվածում հնարավոր վտանգի, ադրբեջանական ռազմական հենակետերի ներկայության մասին: Բաղանիսի գյուղապետը հայտնեց նաեւ, որ գիշերային ժամերին վարորդների մեծ մասը գերադասում է հեռու մնալ ադրբեջանական գնդակոծության վտանգից եւ գերադասում է սահմանի այդ հատվածն անցնել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհով: Տարիներ առաջ Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհի առավել վտանգավոր հատվածում, մեքենաների երթեւեկը ազերիների գնդակներից պաշտպանող հողապատնեշ կար: Այն, չգիտես ինչու, քանդվեց, հեռացվեց: Եվ հիմա ցանկացած ժամանակ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այդ հատվածը կարող է գնդակոծության թիրախ դառնալ։
Նոյեմբերյանի սահմանամերձ Դովեղ գյուղից սերված, Ղարաբաղյան պատերազմի մասին «Սեւ եւ կանաչ. Արցախյան օրագրություն» գրքի հեղինակ, լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ ճանապարհի մասին ասաց. «Ես տարեկան առնվազն քսան անգամ այցելում եմ Տավուշի սահմանային գյուղեր եւ ամեն անգամ Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցնելիս մտածում, որ իմ կյանքն ադրբեջանցի դիպուկահարի ձեռքերում է: Կարելի է մտածել այդ ճանապարհի երկայնքով պաշտպանիչ համակարգ՝ պատ կամ այլ բան ունենալու մասին: Կամ՝ ճանապարհն իջեցնել այնքան, որ դուրս լինի դիպուկահարների ու կրակոցների թիրախից»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ՍՊՈՐՏ

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ
Նանջինգ քաղաքում տեղի են ունենում պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերը, որին մասնակցում է 14 հայ մարզիկ, այդ թվում՝ հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Հրաչիկ Բաբայանը: Նրանք խաղերին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ: Օգոստոսի 18-ին օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժությունում Զավեն Իգիթյանը գրավել է 5-րդ տեղը: Օգոստոսի 20-ին մրցասպարեզ է դուրս եկել 18-ամյա Հրաչիկ Բաբայանը եւ գրանցել 2-րդ բարձր արդյունքը: Այս վարժության մեջ մրցել են 20 երկրի պատանի հրաձիգներ: Որակավորման փուլում առաջատարներն այսպիսի արդյունքներ են գրանցել. 1. Հաորան Յանգ, Չինաստան՝ 629,4 միավոր, 2. Հրաչիկ Բաբայան, Հայաստան՝ 624,8, 3. Իշտվան Փենի, Հունգարիա՝ 624,2, 4. Շաո-Չուան Լու, Տայպեյ՝ 623.5, 5. Անդրիջա Միլոնանօվիչ, Սերբիա՝ 615.4, 6. Մարկո Սուպպինի, Իտալիա՝ 614.9, 7. Ժոզե Սանտոս Վալդես Մարտինեզ, Մեքսիկա՝ 614.8, 8. Վադիմ Սկոռովարդով, Ուզբեկստան՝ 613.9։

 

ԼԵԳԵՆԴԱՐ ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԸ` ՄՈՒՐԱՑԿԱՆ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ֆիլադելֆիա» ակումբի լեգենդար պաշտպան Ալեն Այվերսոնը դարձել է մուրացկան:
39-ամյա բասկետբոլիստը, ով բազմաթիվ դատական գործերի պատճառով զրկվել է ամբողջ ունեցվածքից, մուրացկանությամբ է զբաղվում Ատլանտայում: Նրան նկատել են առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները:
Այվերսոնն իր սպորտային կարիերայի ընթացքում վաստակել է 200 միլիոն դոլարից ավելին: Նա իր կարիերան ավարտել է 2011 թվականին: Մուրացկան դարձած սպորտսմենը 2030-ին կկարողանա ստանալ «Reebok»-ի հետ պայմանագրով նախատեսված 30 միլիոն դոլարը:

 

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն ավարտեց ելույթն Իսպանիայի Պոբլա դե Լիլեթ քաղաքում անցկացված շախմատային մրցաշարում:
Նա 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր՝ դառնալով հաղթող: Մրցաշարին մասնակցում էին 48 շախմատիստներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի Բադալոնա քաղաքի մրցաշարի հաղթող էր դարձել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, իսկ Բելգիայի Շարլռուա քաղաքում լավագույն արդյունքն էր ցուցադրել միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը:

 




Լրահոս