ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԼՈՂԱՓՆՅԱ ՔԱՆԴԱԿՆԵՐ

«Architecturendesign.net»-ը ներկայացրել է ավազե քանդակների հոյակապ ընտրանի, որոնք իրենց շքեղ տեսքով ու մանրակրկիտ աշխատանքով չեն զիջում բազմադարյա ամրոցներին: Տարբեր ծովափնյա քաղաքներում լողափնյա փառատոն-մրցույթներ են անցկացվում, որոնց ընթացքում հանգստացողներն իրենց ձեռքի շնորհքն են ցույց տալիս՝ ավազե անհավանական քանդակներ պատրաստելով: Դրանցից մեկն էլ աշխարհի ամենաբարձր ավազե ամրոցն է, որը կառուցվել է 2013-ի հոկտեմբերի 29-ին: Քանդակի հեղինակ Էդ Ջարեթը չորրորդ անգամ ռեկորդ է սահմանել Գինեսի գրքի համար: Ավազե ամրոցի երկարությունը 11.6 մետր էր: Այն կանգնեցվել էր Նյու Ջերսիի լողափերից մեկում:

 

ԼՈՒՐԵՐ

ԱՆՆԱ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԸ ԴՈՒՍՏՐ Է ՈՒՆԵՑԵԼ
ԱՄՆ-ում բնակություն հաստատած Աննա Արմենակյանն իր տարեդարձից երկու օր առաջ կրկին մայրացել է. լույս աշխարհ է եկել երգչուհու դուստրը: Ծնողները նրան Անգելինա են անվանակոչել: «Հարազատներս դստերս նմանեցնում են թե՛ ինձ, թե՛ ամուսնուս: Անգելինան ժառանգել է մեր արտաքինի լավագույն գծերը, հուսով ենք` նաեւ բնավորության»,-«Bravo.am»-ի հետ զրույցում ասել է երգահան-երգչուհին եւ հավելել, որ քրոջ լույս աշխարհ գալն առանձնահատուկ ոգեւորություն է պարգեւել որդուն` Ալեքսին:
«Նրա կյանքում իսկական տոն է. հրճվանքի եւ երջանկության մեջ է: Առաջին իսկ հանդիպմանը համբուրել է նրան: Ամբողջ օրը «Էնջի քույրիկ» ասելով ման է գալիս»,-նշել է երգչուհին:

 

«ՍԱՏԱՆԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ»
«Warner Bros. TV» ընկերությունը մտադիր է Էնդրյու Նայդերմանի «Սատանայի փաստաբանը» վեպի հիման վրա սերիալ նկարահանել: Այս վեպի հիման վրա նաեւ լիամետրաժ ֆիլմ է նկարահանվել՝ Կիանու Ռիվզի եւ Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարմամբ:
Նկարահանումների մեկնարկի եւ սյուժեի մասին մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում։ Գլխավոր դերակատարների մասին տեղեկությունը եւս կհայտնվի ավելի ուշ:
«Սատանայի փաստաբանը» ֆիլմն էկրաններին է հայտնվել 1997-ին: Ֆիլմում պատմվում է երիտասարդ փաստաբան Քեւին Լոմաքսի մասին, ում հերթական գործատուն՝ Ջոն Միլթոնը, պարզվում է՝ գերբնական ծագումով մարդ է:

 

ՀԱՄԱՏԵՂ ԿԱՏԱՐՈՒՄ
«The Beatles»-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին եւ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը համատեղ ալբոմ են ձայնագրում:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ երաժիշտները կարող են ոչ միայն միասին ձայնագրված երգեր, այլեւ՝ համատեղ ալբոմ թողարկել: Աղբյուրը նաեւ հաղորդում է, որ Մաքքարթնիի եւ Ուեսթի երգերի մեջ «Piss on My Grave» աշխատանքային վերնագրով երգ է պատրաստվել: Նշվում է նաեւ, որ երգի՝ նման սկանդալային վերնագիրն ընտրել է ռեփերի կինը՝ Քիմ Քարդաշյանը:
Մաքքարթնին ավելի վաղ հայտնել է, որ իր վերջին «New» ալբոմի աշխատանքի ընթացքում մտածել է ռեփերի ներգրավման մասին եւ նշել, որ մեծ սիրով կցանկանար համագործակցել Քանյե Ուեսթի եւ Jay-Z-ի հետ:

 

ԱՂԲԻ ՄԻՋԻՑ՝ 12 000 ԵՎՐՈ
Անցած հանգստյան օրերին անցկացված «Ուիքենդ» երաժշտական փառատոնից հետո Հելսինկիում պահակներն աղբի կողքին մոտ 12 000 եվրո են գտել: Կիրակի գիշերը 2 պահակ շրջել է տարածքով, որտեղ անցկացվել է փառատոնը: Նրանց պարտականությունների մեջ է մտնում ստուգել՝ արդյոք մասնակիցների թողած աղբի մեջ մոռացված անձնական իրեր չե՞ն մնացել:
Աղբի կոնտեյներներից մեկում նրանք գտել են փողով լի պայուսակը՝ թղթադրամներով ու մետաղադրամներով: Պայուսակը պատկանել է ձեռնարկատերերից մեկին, ով մասնակցել է փառատոնին:
«Մենք չկարողացանք այդ ամենն ինքնուրույն հաշվել, բայց պայուսակում ստացական կար, որում նշված էր նաեւ տիրոջ անունը: Այդպես էլ կարողացանք գտնել նրան»,-պատմել է պահակներից մեկը:
Ուշադիր եւ ազնիվ պահակներին պարգեւատրում է սպասվում:

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ
Շատերը չեն զարմանա՝ իմանալով, որ Լեդի Գագան որոշել է տիեզերքում ամուսնանալ: 28-ամյա Գագան եւ նրա 33-ամյա ընտրյալը՝ Թեյլոր Քիննին, մտադիր են ամուսնանալ «Virgin Galactic» տիեզերանավի վրա: Ոչ երկրային մասշտաբի հարսանիքը պլանավորված է 2015-ի սկզբին:
Հարկ է նշել, որ աստղի ցանկացած հագուստ այս հարսանիքի համար հարմար կլիներ, նույնիսկ ամենօրյա հագուստը: Երգչուհու շրջապատից աղբյուրը հայտնում է. «Գագան եւ Թեյլորը մտածում են, որ այսպիսի հնարավորությունը պետք չէ բաց թողնել: Դա նրա ոճով է, բոլոր հնարավոր տարբերակներից ամենայուրահատուկն է ընտրել: Իհարկե, այնտեղ քահանա չի լինի, սակայն դա նրանց չի խանգարի միմյանց սիրո, հավատարմության երդումներ տալ»: Նշենք, որ բոլոր ցանկացողներին տիեզերք ուղարկող Ռիչարդ Բրենսոնի ընկերության ծառայություններից մտադիր են օգտվել նաեւ Էշթոն Քաթչերը, Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին: Ընդ որում, Գագան տիեզերք անվճար է թռչելու, քանի որ նա առաջին երգչուհին է, ով համերգ կտա ոչ մեր մոլորակի վրա:

 




Լրահոս