ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ԿԴԱՌՆԱ «ԷԼԻՏԱՐ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆ»
ՀՀ կառավարությունը Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով Գյուղատնտեսության նախարարությանն անհատույց հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսվում է Սեւանա լճի ավազանում ստեղծել Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան եւ ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 մլրդ եւ 600 մլն ՀՀ դրամ: Սակայն առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ 2 մլրդ ՀՀ դրամն արդեն հատկացվել է:
Այսպիսով` կառավարությունը հետեւողականորեն իրագործում է Սեւանա լիճը հսկայական ձկնաբուծարանի վերածելու իր կործանարար ծրագիրը` ականջալուր չլինելով մասնագետների ահազանգերին: Ինչպես տեսնում ենք, երբ խոսքը վերաբերում է սեփական շահերին (այդ ձկնաբուծարանների վերահսկողությունն իրականացվում է ՀՀ նախագահի նստավայրի կողմից) կառավարությունում կարողանում են գումարներ գտնել: Իսկ, օրինակ, սահմանամերձ բնակիչների կրած վնասներն ամբողջությամբ փոխհատուցելու գումար գործադիրը չունի:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվետվության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գազի ներկրման ծավալներն ավելացել են 4.1, իսկ սպառման ծավալները՝ 1.7 տոկոսով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնական սպառողները ոչ քաղաքացիներն են եղել, ոչ էլ արդյունաբերական ընկերությունները. ընդհակառակը՝ բնակչության սպառման ծավալները նվազել են 2.2, իսկ արդյունաբերությանը՝ 16.4 տոկոսով: Փոխարենը՝ 14.2 տոկոսով ավելացել է էներգետիկ ընկերությունների գազասպառումը: Իսկ գազ, ինչպես հայտնի է, Հայաստանում սպառում է «Հրազդան ՋԷԿ»-ը, որը համարվում է ամենաթանկ էլեկտրաէներգիա արտադրող ՋԷԿ-ը, ավելին՝ այս տարվա հունիսին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց հենց ՋԷԿ-ի պատճառով: Ասել է թե՝ հիմա ռուսական ընկերությունները ՀՀ քաղաքացիների հաշվին բիզնես են անում:
Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների գնդակոծություններից հետո Պաշտպանության նախարարությունն ակտիվացրել է հրամանատարական հավաքների կազմակերպումը: Այս օրերին տարածքային զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում շատերին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը միայն հրամանատարական հավաքի մասնակիցներին սննդով ապահովելու համար մոտ 3 մլն դրամ է ծախսել: Այդ գումարով սնունդ է գնվել 600 հոգու համար, այսինքն՝ 1 անձի համար 5 հազար դրամի չափով: Իսկ սննդի տրամադրման գործընթացը, ինչպես ավանդաբար, իրականացրել է «Զինառ» ՓԲԸ-ն, որը մշտապես հաղթում է Պատշպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ «Զինառ» ընկերությունը փաստացի պատկանում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի տեղակալին:
Ապարանի նախկին քաղաքապետ, պայմանագրային գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի եղբայրը` Արսեն Պետրոսյանն, այն անձն է, ով քաղաքացիական հագուստով զրուցել, ապա հետաքրքիր հնարքով «ձերբակալել» է Քարվաճառ ներխուժած դիվերսանտներից մեկին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչեւ այսօր ոչ ԼՂՀ ՊԲ-ն, եւ ոչ էլ ՀՀ ՊՆ-ն կապիտան Արսեն Պետրոսյանին պարգեւ չեն շնորհել: Իհարկե, ՀՀ ՊՆ-ն մտադիր է դիվերսանտին «բռնած» կապիտանին պարգեւատրել, բայց քանի որ Ռազմիկ Պետրոսյանն ակտիվ ընդդիմադիր է, եղբորն ավելի ցածր պարգեւ են պատրաստել ՊՆ-ում: Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավ հայտնեց, որ այսօրվա հերոսները չեն գնահատվում: «Դե, կողքի օգնողին «Արիության մեդալ» են տալիս, իսկ իրեն «Բաղրամյանի» հուշամեդալի են ներկայացրել: Ավելի լավ է, ոչինչ չտան: Արսենն արդեն ասել է, որ ինքը շնորհակալ է, ոչինչ չի ուզում: Նա բացատրել է, որ պարգեւի համար չի արել դա, այլ, որպես կամավոր, պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը»,- հավելեց «Ժողովուրդ»-ի զրուցակիցը:
ՈՎ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Թեեւ Հայաստանում օպերատիվ արձագանքման տարբեր գերատեսչություններ սիրում են տեղի-անտեղի պարծենալ, թե իրենք տարածաշրջանում ամենակազմակերպվածն են, ամենաարագ արձագանքողը եւ այլն, փաստը ցույց է տվել, որ արտակարգ իրավիճակների դեպքում նրանք պարզապես կաթվածահար են լինում: Եվ եթե դա այդպես է առաջին օգնության ծառայությունների դեպքում, ապա կոմունալ ծառայությունների` ջրմուղի կամ էլեկտրական ցանցերի դեպքում առհասարակ իրավիճակը տխուր է: Առանց այդ էլ թերի ծառայություններ մատուցող այս կառույցները, բառիս բուն իմաստով, անհասանելի են դառնում, երբ խնդիրներ են ծագում ոչ աշխատանքային օրերին կամ գիշերային ժամերին:
Դրա լավագույն օրինակը երեկ երեկոյան Երեւանի կենտրոնական` Սայաթ-Նովա, Տերյան, Մոսկովյան փողոցների տեւական ժամանակով անսպասելի հոսանքազրկումն էր: Երեք ժամից ավելի Երեւանի կենտրոնական փողոցները թաղված էին խավարի մեջ, իսկ երթեւեկությունը կաթվածահար էր եղել: Սակայն բնակիչների համառ զանգերը էլցանցեր այդպես էլ մնում էին անպատասխան: Համենայն դեպս` երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ը բազմաթիվ ահազանգեր ստացավ այդ հատվածի բնակիչներից եւ անցորդներից:
Իսկ այդ փողոցներում տեղակայված խանութների եւ սպասարկման օբյեկտների սեփականատերերն էլ հուսահատ կերպով փորձում էին մեր միջոցով պարզել, թե, ի վերջո, երբ է վերականգնվելու էլէներգիայի մատակարարումը, քանզի նրանց խոսքով` ամռան այս շոգ եղանակին սուպերմարկետների չաշխատող սառնարաններում սննդամթերքը փչանում էր:
Իհարկե` չնախատեսված վթարները որեւէ կերպ հնարավոր չէ բացառել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ նման դեպքերում համապատասխան ծառայության աշխատակիցները գոնե պարտավոր են հնարավոր բոլոր միջոցներով` այդ թվում եւ լրատվամիջոցներով, բնակչությանն իրազեկել հոսանքազրկման հստակ պատճառի մասին եւ ամենակարեւորը` նշել, թե որքան ժամանակ անց կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Էլ չասած, որ նույն էլցանցը, որտեղ տեղի է ունեցել վթարը, պարտավոր է փոխհատուցել իր սպասարկման տիրույթում գտնվող բնակիչների եւ ձեռներեցների կրած վնասների համար: Թեպետ` մեր իրականությունում անգամ բնական աղետների դեպքում փոխհատուցումների մասին խոսակցությունները համարվում են ավելորդ ճոխություն: