ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՎԵՐՍԱՆՏԻՆ ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ԿԱՊԻՏԱՆԸ ՉԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ

2012 թվականի խորհարդարանական ընտրությունների ժամանակ Ապարանի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Ռազմիկ Պետրոսյանի եղբայրը` Արսեն Պետրոսյանն այն անձն է, ով վնասազերծել է Քարվաճառ ներխուժած դիվերսանտներից մեկին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչ օրս ոչ ԼՂՀ ՊԲ-ն, եւ ոչ էլ ՀՀ ՊՆ-ն կապիտան Արսեն Պետրոսյանին որեւէ կերպ չեն պարգեւատրել այն բանի համար, որ վերջինս վտանգելով սեփական կյանքը դիվերսիոն խմբի անդամներից մեկին վնասազերծել էր հենց Քարվաճառում: Մեր տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը որոշել է, որ եթե անգամ իրեն որեւէ մեդալով պարգեւատրեն, ապա ինքը կհրաժարվի այդ մեդալից:

Հիշեցնենք, որ հուլիսին ԼՂՀ Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խումբ էր ներթափանցել: Ըստ պաշտոնական տվյալների՝ խումբը բաղկացած էր եղել 3 հոգուց ու առաջին դիվերսանտին կարողացել էր վնասազերծել հենց Արսեն Պետրոսյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ա. Պետրոսյանի եղբոր` Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվել:
-Պարոն Պետրոսյան, Ձեր եղբայրն այն մարդն է, ով կարողացել է Քարվաճառ ներթափանցած դիվերսիոն խմբի անդամներից մեկին «բռնել»: Խնդրում եմ նշեք, թե ինչպե՞ս է Ձեր եղբորը հաջողվել դիվերսանտի ճանապարհին դուրս գալ ու բարեհաջող կանխել նրա հետագա քայլերը:
-Այո, զինաթափելու գործը հենց իմ եղբայրն է արել: Կարողացել է դիվերսանտին այն վիճակին հասցնել` հանդարտեցնել, որ վերջում նրան հնարավոր է եղել է բռնել: Իմ եղբայրը շատ փոքրամարմին է, բայց կարողացել է իր ջանքերի շնորհիվ այնպես անել, որ դիվերսանտը չկրակի ու կանխել է այդ ամենը: Իրեն զանգել տեղեկացրել են, որ Քարվաճառում թուրք կա ու ինքն այդ ժամանակ քաղաքի մեջ է եղել` քաղաքացիական համազգեստով: Եղբայրս միանգամից գնացել է, որպեսզի կանխի այն, ինչ պետք է լիներ: Նա իջել ու տեսել է, որ թուրքի ձեռքին զենք կա, թուրքն էլ զենքը պահել է նրանց վրա, թե՝ ձեզ կխփեմ, հետո էլ ասել է, թե՝ գնացեք հեռու, ես ինձ եմ խփում: Եղբայրս այդ ամենը տեսնելուց հետո սկսել է հանգստացնել թուրքին, խոսեցնել, բացատրել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է լինելու: Զրուցելով այն վիճակին է հասցրել, որ կարողանան նրան կենդանի բռնել ու այնպես անել, որ թուրքը որեւէ մեկին չկարողանա զենքով խփել:
-Իսկ Ձեր եղբայրը պարզե՞լ է, թե ինչպես կարող էր ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել Քարվաճառ:
-Լեռնաանտառային տարածք է ու հազար ձեւ կա, որպեսզի նրանք կարողանան ներթափանցել տարածք: Դիրքը շատ բարձր է, ու հաճախ է այնտեղ մառախուղ լինում, չի բացառվում նաեւ, որ իրենք Հայաստանի սահմանը ինչ-որ մի ձեւով անցած լինեն: Բայց ես, անկախ իմ քաղաքական հայացքներից, մի բան եմ ցանկանում նշել. այսօր հսկողությունը ուժեղ է, իսկապես լուրջ հսկողություն է տարվում սահմաններում:
-Տեղեկություններ ունենք, որ այժմ ցանկանում են Արսեն Պետրոսյանին պարգեւատրել, սակայն նա հրաժարվում է այդ պարգեւն ընդունելուց: Ինչո՞ւ:
-Ես համոզված եմ, որ այն տղերքը, ովքեր ճանապարհ են անցել, կամավոր նվիրյալ են եղել ազգին, նրանք ինչ-որ բան չեն արել պարգեւի համար, բայց այսօր այն մարդիկ են ներկայացվում պարգեւատրման, որոնք ընդամենը կողքից օժանդակող են եղել: Նրանց ներկայացնում են ու «Արիության» մեդալ են տալիս, իսկ այն մարդը, որն իր կյանքը վտանգելով նման գործողություն է անում, նրան արհամարհում են: Դա նրա համար հոգեպես ցավ է: Մարդուն, որը հանգիստ է, համեստ, որին անգամ նման բաները չեն հետաքրքրում, որեւէ ձեւով չեն ցանկանում պարգեւատրել: Այսօր մենք հերոսացնում ենք ոչ հերոսին, իսկ հերոսներին էլ փորձում ենք ստվերել, ստորադասել, դա իսկապես ցավ է: Ոչ թե Արսենն իմ եղբայրն է դրա համար եմ ասում, պարզապես նման մարդկանց արհամարհելն, իսկապես եմ ասում, շատ ցավալի է: Պետք է մենք կարողանանք իրական հերոսներին գնահատել, մենք դրանով սերունդ էլ կդաստիարակենք: Ամբողջ Քարվաճառը տեղյակ է, թե ով է այդ ամենն արել, ամբողջ պաշտպանական բանակը գիտի, թե ով է դիվերսանտին բռնել: Ուղղակի մի բան էլ նշեմ, չեմ ուզում հավատալ, որ այդ ամենը կապված է իմ քաղաքական հայացքների հետ, որ այսօր իմ եղբոր հետ նման ձեւով են վարվում: Ժամանակին սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ քարերը հավաքելու ժամանակը չի… բայց ես նայում եմ, արդեն մեկուսացել ենք, հիմա արդեն ժամանակն է, որ մենք հերոսներին հերոս ասենք, վախկոտին էլ վախկոտ, որովհետեւ, հակառակ դեպքում, մենք կկորցնենք վստահությունն ամեն ինչի հանդեպ:
-Այսինքն՝ մինչեւ այսօր Ա. Պետրոսյանին որեւէ պարգեւի չեն էլ ներկայացրե՞լ:
-Դե, կողքի օգնողին «Արիության մեդալ» են տալիս, իսկ իրեն «Բաղրամյանի» հուշամեդալ են տալիս, ավելի լավ է՝ որեւէ բանի էլ չներկայացնեն: Իրեն այսօր պաշտոնապես որեւէ բան չեն հանձնել, ասել են, որ նման կոչում են տալու, Արսենն էլ ասել է, որ ինքը շնորհակալ է ու ինքը դա որեւէ պարգեւի համար չի արել: Ասել է, որ կամավոր է գրվել զինվոր ու պարտավոր է պահել իր հայրենիքը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 
Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՊՆ-Ն ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԵՏ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց պատմամշակութային հուշարձանը հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, սակայն համալիրի սեփականատերն այդ որոշումը պատրաստվում է բողոքարկել:

Երեկ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության առաջարկով Կառավարության նիստում որոշվեց` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնել Պաշտպանության նախարարությանը` որպես գույք պարտքի դիմաց՝ կառավարության միջոցառումների շրջանակում:
Armlur.am-ի հետ զրույցում համալիրի սեփականատեր Բորիս Մուրադյանը երեկ ասել է. «Մենք դեմ ենք այս որոշմանը, քանի որ պատմամշակութային օբյեկտը չի կարող լինել ՊՆ հաշվեկշռում: Մենք բողոքարկելու ենք որոշումը»:
Թե ինչ հանգուցալուծում կունենա ՀՀ կառավարության եւ համալիրի սեփականատիրոջ միջեւ առկա խնդիրը, դեռ վաղ է ասել, բայց մինչ այդ հիշեցնենք, թե որտեղից սկսվեց ամեն ինչ:
ԲԱՄՕ-ն ռուսական ընկերություն է, որը հիմնադրել են մարտունեցի Մուրադյան եղբայրները: 2005 թվականին համալիրի շենքը վաճառվել էր ԲԱՄՕ ընկերությանը 5,7 միլիոն դոլարով: Ընկերությունն այդ ժամանակ նորոգեց Մարզահամերգային համալիրը, եւ այն վերաբացվեց 2008 թվականին: Այդ ժամանակ ընկերությունը հայտարարեց, որ համալիրի նորոգման համար ծախսվել է մոտ 42 միլիոն դոլար: Ավելի ուշ Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Արդյունքում՝ 2009-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում էր ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Սակայն 2011-ից սկսած ԲԱՄՕ-ն թերի է կատարել կամ չի կատարել վարկային պարտավորությունները, որի հետեւանքով ավելի ուշ ԴԱՀԿ-ը պարտքի դիմաց աճուրդի էր հանել համալիրը: Ու քանի որ գնորդ չգտնվեց, ուստի գործադիրը որոշեց գույքը հանձնել ՊՆ-ին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԲԼԹ
«Արտագաղթը ցավ է, բայց ոչ ողբերգություն, ու դրա պատճառները լոկ իշխանության հետ կապելը ճիշտ չէ»:

Գալուստ Սահակյան «Առավոտ»

Փաստացի մոտ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար տարեկան 100 հազարից ավելի մարդու արտագաղթը ոչ թե ցավ է, այլ ողբերգություն, քանի որ նման տեմպերով երկիրը պարզապես կարող է հայաթափվել: Տարիներ անց կարող ենք տեսնել, սեւակյան ոճով ասած, գեթ մեկ հայ, այն էլ՝ թանգարանում: Քանի որ արտագաղթողները գնում, ձուլվում են այլ ազգերին ու կտրվում իրենց էթնոսից: Եվ գոնե երկրի ԱԺ նախագահն իրավունք չունի նման կարծիք հայտնելու: Իհարկե, Գալուստ Սահակյանը մինչ Աժ նախագահ դառնալն էլ չէր փայլում իր մտքերով, սակայն հիմա կարծես թե ոչ ադեկվատ է դարձել:

 
«Այնքան մանր բաների եք անդրադառնում: Դե լավ, թող ԱԺ նախագահն ու վարչապետը «Զապորոժեցով» ման գան»:

Վահրամ Բաղդասարյան 1in.am

Փաստորեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի գիտելիքներն ավտոմեքենաների մասին խիստ սահմանափակ են: Նա գիտի, որ կան թանկարժեք զրհապատ մեքենաներ, օրինակ՝ 600 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Մերսեդես» մակնիշի զրահապատ մեքենան երկրի առաջին դեմքերի համար, կամ 33 միլիոն դրամ արժողությամբ «Toyota Ladn Cruiser»՝ ԱԺ նախագահի համար եւ կամ էլ հին սովետական «Զապորոժեց»: Այլ մեքենաներ՝ կրկին որակյալ, սակայն միջին գնանոց, ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ գոյություն չունեն: Մեր երկիրն էլ ավելի կարեւոր խնդիրներ չունի, քան իր ղեկավարների համար թանկարժեք մեքենաներ ձեռք բերելը:

 

«Անգամ եթե ցանկանամ դիմել պաշտոնապես, չի ստացվի, իսկ կեղծել՝ չեմ ուզում: Ես ձեզանից մեկն եմ, Քաջարանն էլ հավասարապես նաեւ իմ տունն է»:

Վահե Հակոբյան slaq.am

Որքան են սիրում մեր պաշտոնյաները նմանվել իրար, նույնիսկ օգտագործում են նույն արտահայտությունները: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պատգամավոր, կուսակցության ղեկավար, նախարար կամ մարզպետ, նույնիսկ օլիգարխի ընտանիքի ներկայացուցիչ, ժողովրդի ներկայացուցիչների հետ խոսելիս միշտ շեշտում է, որ ինքը նրանցից մեկն է, սակայն պաշտոնյա-ժողովուրդ անջրպետը չի վերանում: Սյունիքի մարզպետն, օրինակ, չի ապրում այնպես, ինչպես իր մարզի բնակիչների մեծամասնությունը: Նա վարում է գերթանկարժեք ավտոմեքենա, հագնում է գերթանկարժեք կոստյումներ եւ այլ: Էլ ինչպե՞ս է նա մեզանից մեկը:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս