ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՆ ԱՆՓՈՒՅԹ ԵՎ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ Է ԱՇԽԱՏՈՒՄ»

«Վիկիլիքս»-ի միջոցով հանրությանը հասանելի դարձած ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերից հերթականը պատմում է Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Հայաստան հրավիրելու մասին: Սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` 2008թ. հուլիսին: Փենինգտոնը զեկուցագրում հանդես է գալիս ուշագրավ մեկնաբանություններով ու գնահատականներով՝ շեշտելով, որ Սարգսյանի աշխատակազմն աշխատում է անփույթ ու անկազմակերպ: Իրավիճակը վերլուծելով՝ դիվանագետն ԱՄՆ կառավարությանը հուշում է Սարգսյանի քաղաքականությանն աջակցելու անհրաժեշտության մասին:

Փենինգտոնը նախ եւ առաջ մեջբերում է ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հայտնած տեղեկությունը, ըստ որի՝ 2008թ. հունիսի 23-ին բանավոր կերպով Հայաստան հրավիրելով Թուրքիայի նախագահին՝ արդեն հունիսի 27-ին Ս.Սարգսյանը Վրաստանի՝ հայկական դեսպանության միջոցով ուղարկել է նաեւ պաշտոնական հրավերը: Ամերիկացի դիվանագետը նշում է, որ Մոսկվայում արած իր հայտարարության մեջ Սերժ Սարգսյանն անփութորեն չէր շրջանցել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թեման: Ավելին՝ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանի համար ընդունելի է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, եթե Թուրքիան առաջինը համաձայնի բացել սահմանները եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Փենինգտոնը արժանանշանակ է համարում, որ Սերժ Սարգսյանը գտնվելիս է եղել բավականին խոցելի վիճակում՝ հրապարակայնորեն համաձայնելով պատմական հանձնաժողովի ստեղծմանը: Դիվանագետը չի զլանում արձանագրել, որ Հայաստանում շատերի համոզմամբ՝ այս քայլը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: Իրավամբ, այս տարիների արդյունքում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացիորեն դադարել է՝ ի հեճուկս իշխանությունների շարունակական շաղակրատումների, թե հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական անկյունաքարերից մեկը:
Փաստաթղթի հաջորդ հատվածում Փենինգտոնը հիշատակում է նախագահականում խորհրդականի պաշտոն զբաղեցնող մի անանուն աղբյուրի, ով դիվանագետի հետ հանդիպման ժամանակ պահանջել է ԱՄՆ կառավարությունից ճնշումներ բանեցնել պաշտոնական Անկարայի նկատմամբ, որպեսզի Գյուլը ընդունի հրավերն ու այցելի Հայաստան: Նույն աղբյուրը հավելել է, որ Սերժ Սարգսյանը նպատակ ունի փոխել երկու երկրների միջեւ հաստատված դինամիկան եւ անկեղծ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մեջ:
Փենինգտոնը նաեւ հաղորդում է, որ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ տպագիր հոդված է նախապատրաստվել համաշխարհային լրատվամիջոցներից մեկում, որը նոր թափ պետք է հաղորդեր Թուրքիայի հետ հարաբերություններին ու վերահաստատեր Սարգսյանի առաջարկը: Փենինգտոնին հայտնել են, որ հոդվածը «Ասսոշիեյթեդ պրեսս»-ում տպագրելու պատրաստակամություն է հայտնել ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Հավելենք, որ ըստ Փենինգտոնի մեկ այլ զեկուցագրի՝ այդ հոդվածի հրապարակումը կասեցվել էր Հայաստանի կառավարության պահանջով:
Դիվանագետը փաստում է, որ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրել է Մոսկվայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալիս: Հեղինակը նկատում է, որ Սերժ Սարգսյանը, բացահայտելով իր «ֆուտբոլային դիվանագիտության» պլանը, համաձայնություն է տվել պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որը պետք է քննի 1915թ. դեպքերը: Մեկնաբանելով այս քայլը՝ Փենինգտոնը արձանագրում է, որ Սարգսյանը դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, ով բացահայտ հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ չէ պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը: Հիշատակելով Հայաստանի նախկին նախագահների վարքագիծը՝ հեղինակը հայտնում է, որ Ռ.Քոչարյանն առաջարկել էր պատմական դեպքերի քննարկումը միջկառավարական մեծ հանձնաժողովի մաս դարձնել, որ պետք է զբաղվեր երկուստեք տարաբնույթ հիմնահարցերի մշակմամբ ու լուծմամբ: Իսկ Լ.Տեր-Պետրոսյանը համաձայն չէր այդ հանձնաժողովի ստեղծմանը, ում խոսնակը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը առաջին հայ ղեկավարն է, ով կասկածի տակ է առել Ցեղասպանության փաստը:
Իր ուշագրավ մեկնաբանության մեջ հեղինակը ստեղծված իրավիճակը գնահատում է որպես «անհավատալի»: Նա, սակայն, արձանագրում է, որ ամեն ինչ ներդաշնակ է այն անփութության պատկերի հետ, որ «նկատել ենք Սարգսյանի աշխատանքում նախագահության ստանձնման սկզբնական ամիսներին»: Փենինգտոնը հավելում է, որ այն ձեւը, ինչպես որ Սարգսյանն անսպասելիորեն Մոսկվայից հայտարարեց Գյուլին Հայաստան հրավիրելու մասին, ավելի մեծ ապացույց է, որ նախագահականի աշխատանքը համակարգում է անկազմակերպ ու թույլ աշխատակազմը:
Փաստաթղթի ավարտին Փենինգտոնը Գյուլին արված Սարգսյանի առաջարկը համարում է մեծ ու դրական քայլ: «Չնայած նախագահն ու իր աշխատակազմը անփութություն ունեցան հրավերը զուգորդել պատմական հանձնաժողովի աննպատակահարմար հիմնահարցի հետ», բայց եւ այնպես, այն ունի մեծ պոտենցիալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար: Փենինգտոնը խորհուրդ է տալիս Վաշինգտոնին հաշվի առնելով իր դիտարկումները՝ մեծապես աջակցել սկսված գործընթացին: Արդ, հաշվի առնելով վերոգրյալը՝ կարելի է չկասկածել, որ ԱՄՆ-ն ՀՀ իշխանությունների հակաժողովրդավարական կեցվածքի նկատմամբ անտարբեր վերաբերմունք էր ցուցաբերում բացառապես աշխարհաքաղաքական շարժառիթներով: Զարմանալի չի լինի, որ ԱՄՆ-ն կրկին հիշի Հայաստանում տեղի ունեցող խայտառակ ընտրությունների մասին, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը նրանց շահերին հակասող քայլեր կատարի:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 
ԻՐԱՔԻ ԵԶԴԻՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նամակ-խնդրանք է ուղարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Նամակով նա, մասնավորապես, խնդրում է, որպեսզի Իրաքի եզդիների մի մասը, որոնք այսօր հայտնվել են ծայրահեղ վիճակում, վերաբնակեցվեն Արցախում: Թամոյանի նամակ-խնդրանքին դեռ պատասխան չկա:

Մինչ Թամոյանի՝ Բակո Սահակյանին նամակ-խնդրանք ուղարկելը, նշենք, որ Արցախի իշխանություններն արդեն հայտնել են Իրաքի եզդիներին օգնելու իրենց պատրաստակամության մասին:
ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արցախի իշխանությունը ճիշտ քայլ կանի, եթե Իրաքի եզդիներին օգնի Արցախում վերաբնակեցնելու հարցում: «Սա մարդասիրական հարց է: Եզդիները՝ որպես մեզ բարեկամ, ուղեկից, ընկեր եւ լավ ժողովուրդ, փաստորեն 100 տարի հետո արժանացան մեր ճակատագրին: Լավ կլինի, որ Արցախի իշխանությունը եւ մեր ժողովուրդը այդ մարդկանց տեղ տա: Եթե Արցախ գան եզդիները, ապա կզբաղվեն նրանով, ինչով որ մենք ենք զբաղվում: Ամեն դեպքում, մեզ համար հաճելի կլինի»,- ասաց Բադասյանը:
«Ժողովուրդ»-ը Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչով է Արցախը պատրաստվում եզդիներին օգնել. «Այդ բոլոր գործընթացները, որը տեղի է ունենում մեր եղբայրական ժողովրդի՝ եզդիների հետ, մենք դիտարկում ենք որպես ողբերգություն: Մենք չենք նշել, թե քանի մարդ ենք վերաբնակեցնելու Արցախում, ընդամենն ասում ենք, որ մեր ուժերի ներածին չափով կփորձենք ինչ- որ ձեւով սատարել: Թե ինչպիսին կլինի այդ օգնությունը, ցույց կտա ժամանակը եւ հնարավորությունները: Բայց այն, որ մենք քաղաքականապես եւ բարոյապես սատարում ենք այդ մարդկանց, դա միանշանակ է: Միայն չենք ուզում մարդկանց խաբել, ոսկե սարեր խոստանալ, չէ՞ որ մեր ռեսուրսներն էլ պետք է հաշվի առնենք: Այնպես չլինի, որ մազապուրծ եղած մարդիկ գան եւ չկարողանանք նրանց որեւէ կերպ օգնել: Այս ամենը տեխնիկական խնդիրներ են, այլ ոչ թե քաղաքական»:
Ի դեպ, ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվեց 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնել Իրաքում ներքաղաքական բախումների արդյունքում տուժած եւ իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու նպատակով: Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ Արագածոտնի մարզի 17 եզդիաբնակ համայնքում դրամահավաք է անցկացվում Իրաքում եզդիներին օգնելու նպատակով: Բացի այդ, եզդիներին օգնելու նպատակով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Օգնիր եզդի եղբորդ» խումբը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 20-ին` ժամը 23:45-ից գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է: «Ժողովուրդ»-ը «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանի հետ զրույցում տեղեկացավ, որ մեր ներքին շուկայում գազամատակարարման խնդիր չկա: «Ներքին շուկայում շարունակվում է գազամատակարարման՝ առանց սահմանափակումների ապահովումը, իսկ թե Վրաստանում երբ կավարտվեն գազամատակարարման վերականգնման աշխատանքները, կտեղեկացնենք հաջորդիվ»,- նշեց Սարդարյանը:

 

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպանը` Լիպարիտ Սիմոնյանը, միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին: Միջնորդությունը մերժվել էր, ինչի կապակցությամբ երեկվա նիստին պաշտպանը հայտարարեց, որ Ա. Աբրահամյանը յուրաքանչյուր կես ժամը մեկ ընդմիջում չի խնդրում դեղորայքն ընդունելու համար, այլ գաղտնի է դա անում: Այդուհանդերձ, նախագահողը եւս մեկ անգամ նշեց, որ դատարանն արդեն որոշումը կայացրել է: Մեղադրող կողմը հայտարարեց, որ չորս ամբաստանյալներին` Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին եւ Վահագն Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Դատաքննության ընթացքում պարզվել է, որ ըստ նոր հանրագումարի` ամբաստանյալների կողմից յուրացվել է ոչ թե 260 մլն 956 հազ 681 ՀՀ դրամ, այլ` 267 մլն 266 հազար 819 ՀՀ դրամ: Պաշտպանների կողմից նոր մեղադրանքին ծանոթանալու նպատակով ողջամիտ ժամկետների նշանակման համար դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 28-ին:
Երեկ պաշտպանական կողմը ներկայացրեց նաեւ ամբաստանյալներին բնութագրող փաստաթղթեր, որոնց թվում էր նաեւ Վազգեն Խաչիկյանինը: Պաշտպան Ժորա Վարոսյանի հրապարակած բնութագիրը, որն ամենակարճն էր, ներկայացրել էր Ախթալայի քաղաքապետը, ով Վազգեն Խաչիկյանի ավագ եղբայրն է: Նա նշել էր, որ Խաչիկյանը պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» շքանշանով: Նիստի վերջում նախագահողը հարցին` անհրաժեշտ է արդյոք նախորդ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահության ժամանակ հարցաքննված վկաներին եւս մեկ անգամ հարցաքննել, բոլորը, բացի պաշտպան Արա Զաքարյանից, բացասական պատասխան տվեցին: Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3 մասի 1, 2 կետերով (յուրացումը` խոշոր չափերով), 178 հոդվածի 3 մասի 1 կետով (խոշոր չափերով խարդախություն) եւ 314 հոդվածով (պաշտոնատար անձի անփութությունը, որը վնասել է գործին):




Լրահոս