Ծառայակցին դիվերսանտի հետ շփոթած և սպանած զինվորը ազատազրկվեց 4 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ ՊԲ N զորամասում մարտական դիրքում զոհվել է 1994թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը: Նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավճիռ է կայացվել նախորդ ամիս:

Այսպես, Հադրութի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, և նախաքննական մարմինն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ զինծառայողին վիրավորվել է իր ծառայակիցը՝ շարքային Տիգրան Հակոբյանը:

Դատական տեղեկատվական համակարգից Armlur.am-ը տեղեկանում է, որ քրգործը մակագրվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին և ուղարկվել է դատավոր Լեռնիկ Աթանյանի վարույթ:

Գործով մեղադրանք է առաջադրվել նաև զինծառայող 21-ամյա Արթուր Մարտիրոսյանին և դիրքի ավագ 24-ամյա Արթուր Զոհրաբյանին: Մարտիրոսյանի մասով մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի զինծառայող, մարտական դիրքում հերթապահության ժամանակ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք. չի հերթապահել դիտակետում, այլ գտնվել է գետնատնակում, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ ՔՕ 365 հոդվածի 2-րդ մաս):

Իսկ Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պարտավոր լինելով վերահսկել կազմված դիտորդների հերթափոխի գրաֆիկի ճիշտ կատարումը, դրսևորել է իշխանության անգործություն, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ (ՀՀ ՔՕ 375 հոդվածի 1-ին մաս):

21-ամյա Տիգրանն էլ մեղադրվում է նրանում, որ N զորամասի մարտական դիրքում հերթապահության ժամանակ կարծելով, թե իր ձախ կողմից եկողը հակառակորդի դիվերսիոն խմբի զինվոր է, կրակել է նրա ուղղությամբ, որից մահացել է մարտական հերթապահություն իրականցնող Խ. Խաչատրյանը (ՀՀ ՔՕ 365 հոդվածի 3-րդ մաս):

2014 թվականի հուլիսի 3-ին կայացրած դատավճռով երեք ամբաստանյալներն են համարվում են ենթակա պատասխանատվության և պատժի:

Այսպես` Մարտիրոսյանն ու Զոհրաբյանն իրենց առաջադրված մեղադրանքներով դատապարտվել են ազատազրկման երկու տարի ժամկետով, իսկ Տիգրան Հակոբյանը` չորս տարվա ազատազրկման:

Նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցներից պարզ է դառնում, որ Հակոբյանը չի կատարել կանոնադրության պահանջները. հերթապահություն իրականացնելիս նրան արգելվում էր այլ գործողություններով ծառայությունից շեղվել և թուլացնել աչալրջությունը, ինչի արդյունքում 2013թ. սեպտեմբերի 15-ին ժամը 02:50-ի սահմաններում` դիտակետում հերթապահելու ժամանակ, Հակոբյանը քնել է, ապա արթնացել ձայներից և, տեսնելով իրենից ձախ մոտ 10 մետր հեռավորության վրա մարդկային պատկեր, չհասկանալով, որ դա իր հետ տվյալ ժամին դիտակետում հերթապահություն կատարող շարքային Խաչատուր Խաչատրյանն է, կարծելով թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել մարտական դիրք, պետական սահմանի հատումը կանխելու համար` լիցքավորել է իրեն կցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը և թվով 10 հատ փամփուշտ արձակել տեսած մարդկային պատկերի ուղղությամբ: Արդյունքում, ստացած հրազենային մարմնական վնասվածքներով, Խ. Խաչատրյանը տեղափոխվել է Մարտունու զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 05:15-ին մահացել է:

Առաջադրված մեղադրանքում երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր են ճանաչել և հրաժարվել ցուցմունք տալուց:

Նշենք, որ քրեական գործով վկա Թելման Վարդումյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը` ժամը 2-ից 4-ը, դիտակետում նրանց հետ պետք է որպես դիտորդ հերթապահեր Ա. Մարտիրոսյանը, ով, սակայն, ոչ մի անգամ չի կատարել իր պարտականությունները, ինչի մասին տեղյակ է եղել դիրքի ավագ Ա. Զոհրաբյանը: Ա.Զոհրաբյանը և Ա. Մարտիրոսյանը դիտորդների հերթափոխ կատարել են միայն այն ժամանակ, երբ տվյալ ժամին վերադաս հրամանատարությունը գտնվել է դիրքում:

Տիգրան Հակոբյանը և Խաչատուր Խաչատրյանը ինքնուրույն կատարել են հերթափոխը: Ժամը 2:50-ի սահմաններում գետնատնակ է եկել Տիգրան Հակոբյանը և հայտնել, որ հակառակորդ է մտել խրամատ, և նա կրակ է բացել խրամատ ներխուժած հակառակորդի վրա: Անմիջապես գնացել են դիտակետ, որտեղ հայտնաբերել են Խաչատուր Խաչատրյանին` բազմաթիվ հրազենային վնասվածքներով:

Ի դեպ, տեղակացնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Տիգրանը մի քանի անգամ ասել է, թե «պառոլը ասա, պառոլը», սակայն որևէ արձագանք չլսելով` մի քանի կրակոց է արձակել դեպի իրեն եկող շողքի ուղղությամբ:

Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

Տաթև Հարությունյան




Լրահոս