ՖՐԱՆՍԻԱՑԻ ԵՐԱԺԻՇՏԸ ՊԱՐԶԵԼ Է, ՈՐ ՀԱՅ Է
Լիբանանում ծնված, Ֆրանսիայում մեծացած երաժիշտ Աբաջին վերջերս պարզել է, որ ինքն ազգությամբ հայ է: Հյուրընկալվելով «Ժողովուրդ»-ի խմբագրությունում` երաժիշտը պատմեց, որ երկար փնտրտուքներից հետո ավագ եղբորը հաջողվել է բացահայտել իրենց ազգությունը. ինքը դեռեւս հայերեն խոսել չգիտի, սակայն պատրաստվում է լրացնել այդ բացը:
Թե երաժշտական որ գործիքների վրա է նվագում Աբաջին, հայ գործիչներից ում հետ է համագործակցել եւ ինչ բացահայտեց իր համար Հայաստանում` այս եւ այլ հարցերի շուրջ երաժիշտի զրույցը «Ժողովուրդ»-ի հետ ներկայացնում ենք ստորեւ.
-Պարոն Աբաջի, ի՞նչ զգացիք այն պահին, երբ իմացաք Ձեր` հայ լինելու մասին:
-Անկեղծ ասած` ես այնպես չէ, որ շատ հուզվեցի կամ կորցրի ինձ։ Պարզապես դա ինձ համար իսկապես անակնկալ էր, անսպասելի նորություն: Դեռեւս տարիներ առաջ, երբ մայրս 75 տարեկան էր, եղբայրս հարցրել էր նրան` ի՞նչ էր ուտում, երբ գնում էր մեծ տատի տուն, ի՞նչ էր այնտեղ անում, ինչո՞վ էր զբաղվում, մայրս պատասխանել էր, թե ինչ-որ յուրահատուկ եւ սուր հոտով ուտեստ էր: Եղբայրս ասել էր` միգուցե բաստուրմա՞, մայրս էլ հաստատել էր: Իսկ այն ժամանակ բաստուրմա մեծամասամբ ուտում էին հայերը: Ի դեպ, ես դեռ մանկուց շատ եմ սիրել դուդուկ։ Այն ինձ հոգեհարազատ է եղել բոլոր ժամանակներում: Իմանալով, որ հայ եմ` հասկացա` ինչու եմ այդքան շատ սիրում դուդուկը (ծիծաղում է): Իսկ ընդհանուր առմամբ` ես ինձ դեռեւս հայ չեմ զգում, իմ մեջ մեծ հաշվով ոչինչ չի փոխվել:
-Դուք առաջին անգամ եք Հայաստանում: Ո՞րն է Ձեր այցելության նպատակը:
-Ես այս ընթացքում նպատակ չունեի Հայաստան գալ։ Այցելությունս շատ պատահական ստացվեց: Հուլիսին պետք է մեկնեի Աֆրիկա` համերգային ծրագրով: Շատ պատահաբար այդ ընթացքում ֆեյսբուքով տեսա, որ ինչ-որ մեկը երաժշտության հղում է տարածում, լսեցի այն եւ ինձ շատ դուր եկավ: Տարածողի ազգանվան մի մասը երաժշտական գործիքի անուն էր հիշեցնում: Հարցրեցի` ո՞վ է նա եւ որտեղի՞ց, ասաց` հայ է, Երեւանից: Ապա ինձ հրավիրեց Հայաստան եւ խնդրեց, որ հյուրընկալվեմ իր տանը: Առաջին պահին անակնկալի եկա եւ ասացի նրան. «Չէ՞ որ ես քեզ չեմ ճանաչում», նա էլ թե. «Բայց ես եմ Ձեզ ճանաչում»: Հետո այնպես ստացվեց, որ Աֆրիկայում կայանալիք իմ համերգը հետաձգվեց, եւ ես եկա Հայաստան: Այստեղ ցանկանում եմ համագործակցել իմ բնագավառի հայ գործիչների հետ եւ նպատակ ունեմ մի շարք նոր ծրագրերով հանդես գալ: Արդեն ծանոթացել եմ դուդուկահար Վարդան Գրիգորյանի հետ:
-Երաժշտական ո՞ր գործիքների վրա եք կարողանում նվագել, եւ ինչպե՞ս եք պատրաստվում անվանել Ձեր` Հայաստանում ծրագրած պրոեկտը:
-Կարողանում եմ նվագել կլառնետ, դուդուկ, կիթառ, քամանչա, դաշնամուր եւ այլն: Ի դեպ ասեմ, որ կիթառ նվագել սովորելու համար ընդամենը երկու-երեք պարապմունքների եմ այցելել: Ուսուցչիս` Ժոզեֆ Իշխանյանին, ասացի, որ այլեւս ինձ պետք չէ սովորել, ես մի քանի բան նվագել գիտեմ, ինձ հերիք է: Ուսուցիչս ինձ փորձում էր համոզել, որ դեռեւս պետք է սովորեմ, ես հրաժարվեցի: Իսկ որոշ ժամանակ անց արդեն երգեր էի գրում:
Ինչ վերաբերում է Հայաստանում նախաձեռնած իմ պրոեկտին, այն պատրաստվում ենք կոչել «Արարատ սար»: Ասեմ, որ իմ ստեղծագործությունները լացելու համար չեն։ Դրանք կոչված են ապացուցելու իրականությունը եւ ցույց տալու այն, ինչն իսկապես եղել է:
-Ասացիք, որ քամանչա նվագել գիտեք: Իսկ ծանո՞թ եք Սայաթ-Նովայի ստեղծագործություններին:
-Այո, Սայաթ-Նովային, նրա գործունեությանը ծանոթ եմ եղել շատ վաղուց: Սակայն ասեմ, որ իմ քամանչան այն քամանչան չէ, որի վրա նվագում էր աշուղը: Արտաքին տեսքով էլ մեր քամանչաները տարբերվում են:
Հայ գործիչներից միշտ փորձել եմ ծանոթանալ եւ համագործակցել Շառլ Ազնավուրի հետ: Ի դեպ, իմ եւ Շառլ Ազնավուրի պրոդյուսերը նույն մարդն է, եւ դա ավելի մեծ հնարավորություն էր տալիս նրա հետ ծանոթանալու: Մի անգամ նրան հրավիրեցինք մեր փորձերին, սակայն ասաց, որ համերգային ծրագրով պետք է դուրս գա Ֆրանսիայից եւ չկարողացավ գալ: Հետո ես իմ նոր ստեղծագործությունը կոչեցի «Շառլին սպասելով» (ծիծաղում է): Շատ եմ սիրում Ջիվան Գասպարյանի կատարումները:
-Ի՞նչ տվեց Ձեզ Հայաստանը, ի՞նչ տպավորություններով եք վերադառնալու Ֆրանսիա եւ ի՞նչ կպատմեք Ձեր ընկերներին Հայաստանի մասին:
-Հայաստանում շատ շոգ է, ու ինձ շատ զարմացնում են հայ աղջիկների բարձր կրունկներով կոշիկները (ծիծաղում է): Ինձ զարմացնում է նաեւ այն, թե ինչպե՞ս է հնարավոր այսքան շատ հին քարերից նոր Հայաստան կառուցել: Ես բոլոր ընկերներիս կհորդորեմ անպայման այցելել Հայաստան. այստեղ է հնարավոր ծանոթանալ իրական, չզավթած քաղաքակրթությանը:
Զրուցեց ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՍՅՈՒՆՅԱՑ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում օգոստոսի 23-ին առաջին անգամ անցկացվող «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը կդառնա ամենամյա: Այդ մասին երեկ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը. «Փառատոնի նպատակն է նաեւ, որ այն նպաստի Գորիսում եւ շրջակա համայնքներում զբոսաշրջության զարգացմանը»,- նշել է նա: Փառատոնը կամփոփվի մրցանակաբաշխությամբ, նախատեսված են «Լավագույն թթի օղի», «Լավագույն դոշաբ», «Լավագույն չորացրած թութ» անվանակարգերը: Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան անձամբ տեսնել, թե ինչպես է թորվում օղին, պատրաստվում թթի դոշաբը, չորաթանը, նրանք նաեւ ականատես կլինեն ավանդական ճաշատեսակների պատրաստմանը:
ՍԵՓԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է մասնավոր տաճար կառուցել իր, կնոջ՝ Քիմ Քարդաշյանի եւ իրենց 1 տարեկան դստեր՝ Նորդ Ուեսթի համար: Նախագծի համար երաժիշտը պատրաստ է վճարել 5 մլն դոլար անձնական միջոցներից, իսկ դրա կառուցման նպատակով մտադիր է համացանցով իր երկրպագուների շրջանում նվիրատվություն հավաքել: Ուեսթին շատ է դուր գալիս Բարսելոնի պարծանքը՝ հանրահայտ Անտոնիո Գաուդիի «Sagrada Familia»-ն, որը կառուցվում է 1882-ից ու մինչ օրս դեռ անավարտ է: Երաժիշտը ցանկանում է, որ իրենց մոտ տեղ լինի հարսանիքների, կնունքների ու ապագայում՝ ընտանեկան թաղումների համար: Ռեփերը ցանկանում է անգամ եկեղեցում տեղադրել վիտրաժ իր, Քիմի ու դստեր պատկերով:
ՊՏՏՎՈՂ ՏՈՒՆԸ
Թեհրանում ստեղծվել է «իր շուրջը պտտվող տուն»: Յոթհարկանի շինությունը տարածք խնայող շարժական սենյակներ ունի, որոնք պտտվում են ընդամենը կոճակի սեղմումով: «Շարիֆի-հա» անվանումով շինության սենյակները պտտվում են 90 աստիճանով: Տան ճաշասրահը, հյուրասենյակը եւ աշխատասենյակը պտտվում են՝ ստեղծելով լրացուցիչ տարածություն: Դա կարեւոր է հատկապես ամռան շոգ ամիսներին: Ձմռանն էլ, փակվելով, սենյակներն օգնում են տաք պահել տունը: Պտտվող հատվածները նման են փայտե արկղերի: Սա կարելի է բնակարանային շինարարության ապագան անվանել: Այս տունը ներկայացված է այս տարվա Համաշխարհային ճարտարապետության փառատոնին:
ԳԱՐԵՋՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը «Երեւանյան ամառ- 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպում է Երեւանի Գարեջրի փառատոն:
Միջոցառումը տեղի կունենա այսօր Կարապի լճի շրջակայքում եւ կսկվի ժամը 18:00-ից մինչեւ 23:00:
Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել եւ ծանոթացնել հայկական գարեջրի առանձնահատկություններին, ինչպես նաեւ մեկ հարթակի ներքո համախմբել հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին:
ԱՄԵՆԱՄԵԾ «ՄՈԼ»-Ը
Դուբայի տեսարժան վայրերի սիրահարները շուտով հնարավորություն կունենան բազմազանել իրենց ծրագիրը: Պլանավորվում է, որ գլխավոր ճարտարապետական օբյեկտ կդառնա առեւտրի կենտրոնը, որն իր չափերով հավասարը չի ունենա: Շինարարության համար մշակված գծագիրը ենթադրում է, որ դրա տանիքն ապակե գմբեթ կունենա:
Գմբեթի խնդիրը ոչ միայն էսթետիկ է, այն նաեւ ամբողջ տարվա համար հարկավոր ջերմաստիճան է ապահովում, քանի որ բացվելու եւ փակվելու հնարավորություն ունի:
«Mall of the World»-ը կկառուցեն Շեյխ Զայեդի անվան ավտոմայրուղու կողքին: Այն 4,45 միլիոն քմ տարածք կզբաղեցնի:
Առեւտրի կենտրոնի տարածքը մոտավորապես 740 հազար քմ կկազմի: Դուբայում գտնվող նմանատիպ օբեյկտներից «Mall of the World»-ը կտարբերվի նրանով, որ դրա շուրջ թեմատիկ փակ այգի կլինի: Նաեւ՝ հսկայական մի տարածք կտրամադրվի մշակութային եւ բժշկական զբոսաշրջությանը: Այնտեղ մի քանի առողջարաններ եւ թանգարաններ կկառուցվեն: Կլինեն նաեւ հյուրանոցներ, որոնց համարների ընդհանուր քանակը կգերազանցի 20000-ը: