Սննդի որակի նկատմամբ մանկապարտեզներում ուժեղացված հսկողություն է իրականացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ուժեղացված հսկողություն է իրականացվում սննդի որակի ապահովման եւ պահպանման ուղղությամբ: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաեւ, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, որում ներգրավված են նաեւ ՀՀ գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունները, ստուգայցեր են կազմակերպվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Լաբորատոր փորձաքննության ուղարկված բոլոր մթերքները եղել են օգտագործման համար պիտանի: Նշվել է նաեւ, որ մանկապարտեզներում սննդի ընդունման համար պատասխանատու անձանց համար (բուժքույր, տնտեսվար, տնօրեն) կազմակերպվելու են հատուկ վերապատրաստումներ:

«Երեք տարի շարունակ Երեւանի քաղաքապետարանը հետեւողական աշխատանք է տանում մանկապարտեզներում սննդի որակի ապահովման ուղղությամբ: Եվ այսօր իսկապես անընդունելի է, որ այսքան ջանքերից հետո անբարեխիղճ մի մատակարարի պատճառով ստվեր ընկավ մեր աշխատանքի վրա: Ըստ այդմ՝ եղեք ավելի խիստ, ու եթե որեւէ մանկապարտեզում հայտնաբերվի սննդի պահպանման պայմանների կամ ժամկետների խախտման դեպք, ապա, վստահեցնում եմ, որ պատասխանատուները խստորեն կպատժվեն: Երեխաների սննդի հետ կապված որեւէ մեկը իրավունք չունի անգամ չնչին թերացում թույլ տալու: Խորհրդակցություն հրավիրեք եւ բոլոր պատասխանատուներին մեկ անգամ եւս խստորեն զգուշացրեք լինել ավելի ուշադրիր ու հետեւողական»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այսուհետ հաղթող ճանաչված ընկերությունների կողմից մատակարարվելիք սննդամթերքի նմուշները պարտադիր կուղարկվեն փորձաքննության:




Լրահոս