Օգոստոսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Փերիահայ աշուղներ» համերգ-երեկոն, որը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի, Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ անցկացվող Իրանի Փերիո գավառի հայության օրեր Հայաստանում ծրագիրը: Փերիահայ աշուղների ստեղծագործությունները ներկայացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Փերիահայերի ժառանգները հիշում են Փերիան: Եվ այնքան խորը, այնքան ջինջ, այնքան տպավորված են եղել մեր պապերը եւ այնպես են փոխանցել իրենց սերունդներին, որ դուք հիշում եք ձեր ծննդավայրը, ձեր պապերի ծննդավայրը: Եվ այսօր ուզում եք բոլորին պատմել, որ Իրանում կա մի գավառ, որտեղ երեսունից ավելի գյուղեր 400 տարի շարունակ հայկական են եղել: Շնորհակալություն բոլորիդ: Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորս, ամբողջ հայությունը աշխարհին ասում ենք եւ հայտարարում, որ մենք հիշում ենք եւ պահանջում. պահանջում ենք հայ դատի արդարացի լուծում, պահանջում ենք, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի, ճանաչի եւ զբաղվի հետեւանքների վերացման հարցերով: Պահանջում ենք, որպեսզի աշխարհում այլեւս ոչ մի տեղ ցեղասպանություններ չկրկնվեն: Պահանջում ենք, որպեսզի մեր անհատական, համայնքային ազգային իրավունքները հարգվեն:
Պահանջում ենք:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, Թեհրանի մեր թեմական առաջնորդին՝ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, որ հովանավորել է այս ծրագիրը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Թեհրանի Փերիո կրթասիրաց միությանը՝ ազգային, հայրենանվեր գործունեության համար եւ պարգեւատրել ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով»:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռէյիսիի ողջույնի խոսքը փոխանցեց ԻԻՀ դեսպանորդ պարոն Զամանին:
Նա ՀՀ սփյուռքի նախարարին խնդրեց հաստատել, որ ծրագիրը կլինի շարունակական եւ հաջորդը կլինի Ատրպատականի հայության օրեր ծրագիրը: