ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՇԱԲՈՅԱՆԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ խորհրդարանում ուշագրավ հայտարարություն է արել. «Ոչ բոլոր մենաշնորհներն են վնասակար Հայաստանի տնտեսության համար: …Իհարկե, կան շուկաներ, որտեղ քիչ թվով սուբյեկտների առկայությունը բացատրվում է ոչ թե տեխնիկական, այլ ուրիշ պատճառներով: Բայց այստեղ եւս մենաշնորհները կամ գերիշխող դիրքը շուկայում խախտում չէ: Մենք ուղղակի հետեւում ենք, որպեսզի այդ սուբյեկտները չչարաշահեն իրենց գերիշխող դիրքը շուկայում»: Այսպիսով՝ վերջապես պաշտոնապես հայտնի դարձավ, որ մեր երկրում անհնար է պայքարել մենաշնորհների դեմ: Ավելին, տնտեսության համար մենաշնորհների անվնաս լինելու մասին խոսեց այն մարմնի ղեկավարը, որը պարտավոր է պայքարել մենաշնորհների դեմ: Սա թերեւս նույնն է, թե, օրինակ, ոստիկանապետը կամ դատախազը հայտարարեն, որ ոչ բոլոր հանցագործություններն են վնասարար հասարակության համար:

 
Ազգային Ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ցողունային բջիջների թերապիան շատ բարդ բժշկական գործողություն է: Եվ եթե կա արյան հիվանդություն, ցողունային բջիջների միջոցով ստեղծում են նորմալ բջիջներ, որպեսզի դրանք պայքարեն հիվանդ բջիջների ստեղծման դեմ: «Ցողունային բջիջներ կառավարելն այդպես հեշտ գործ չէ… բարդություններից մեկն այն է, որ կարող են չարորակ ուռուցքներ զարգանալ»,-բացատրեց մեր զրուցակիցը: Երբ փորձեցինք պարզել, թե Սերժ Սարգսյանը Կորեայում ցողունային բջիջների ինչ թերապիա է անցել, Բաբլոյանը վրդովվեց, թե կորեական լրատվամիջոցներն իրենց սենսացիայի համար են նման տեղեկություն տարածել. «Ա՛յ մարդ, էդ լեգենդները թող տանեն իրենց տները, ես օֆիցիալ հայտարարում եմ… ո՛չ խոսել եմ իր հետ (նկատի ունի Ս. Սարգսյանին) եւ ո՛չ էլ իմանում եմ, բայց որպես մասնագետ՝ ուզում եմ ասել, որ դա անհնար բան է»:

 
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի տարեկան գնումների պլանում մեծ տեղ է հատկացված հիգիենայի պարագաներին: Օրինակ` այս տարվա ընթացքում նրանք գնելու են 500 հատ ավել, որի համար վճարելու են 450 հազար դրամ, 100 հատ հատակ մաքրելու ձող` 100 հազար դրամով, 240 հատ դույլ` 144 հազար դրամ արժողությամբ: Այս ամենից բացի՝ նրանք ծրագրել են գնել 120 հազար դրամի ատամնափորիչ (300 հատ), 450 հազար դրամի զուգարանի թուղթ (4500 հատ), 1 մլն 200 հազար դրամի ձեռքի թղթե սրբիչներ (1500 հատ), 200 հազար դրամի գոգնոց (100 հատ), 112 հազար դրամի զուգարանի խոզանակ (150 հատ), 111 հազար դրամի հոտազերծող միջոցներ (300 հատ), 408 հազար դրամի հատակի մածիկ` մաստիկա (300 հատ), 398 հազար դրամի լվացքի փոշի (500 հատ) եւ այսպես շարունակ: Նախագահի նստավայրն այս տարի պետք է գնի նաեւ պատառաքաղներ, խոհանոցային դանակներ, կաթսաներ, բաժակներ, ափսեներ, էլեկտրական սրճեփներ ու թեյի պատրաստման էլեկտրական սարքեր: Բնականաբար, ՀՀ պետական բյուջեի հաշվին:

 
Անցած տարվա օգոստոսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր տվյալներ, թե ինչպես էին մի շարք կազմակերպություններ համառորեն խուսափել պարտադիր աուդիտ անցնելուց: 941 խոշոր ընկերություններից միայն 642-ն էին աուդիտ անցել: Աուդիտից հրաժարվողների ցանկում էր նաեւ «Արմենիա վայն» ՍՊԸ-ն: Զարմանալին այն է, որ այս ընկերությունը ոչ միայն պարտադիր աուդիտ չի անցել, այլեւ ՀՀ մաքսային օրենսգրքի խախտում է թույլ տվել: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Արմենիա վայն» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Հարությունյանը դեկտեմբերի 25-ին Այրումի մաքսային կետով ՌԴ-ից Հայաստան է ներմուծել մեծ քանակությամբ էթիլ սպիրտ եւ հայտարարագիր չի ներկայացրել, ինչի համար էլ տուգանվել է 50.000 դրամով:

 

 

 

 

 
ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ Ազգային ժողովում, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին, հայտարարել է. «Ոչ ոք չի վերահսկի գազի հայկական սակագները հայրենական պետական մարմինների փոխարեն»: Նազարյանը հավաստիացրել է, թե հանձնաժողովը կշարունակի ամբողջ ծավալով կատարել իր հիմնական գործառույթները, այդ թվում եւ` «Հայռուսգազարդ»-ի հայկական բաժնեմասի վաճառքից հետո. «Մենք կքննարկենք սակագների հետ կապված գազային օպերատորի հետագա հայտերը եւ կթողնենք այնտեղ միայն արդարացված ծախսերը: Ոչ ոք մեր փոխարեն գազի սակագին չի որոշի»:

Նազարյանի այս հայտարարություններից այնպիսի տպավորություն է, որ ՀԾԿՀ նախագահը պարզապես չի կարդացել տխրահռչակ գազային համաձայնագիրը: Հակառակ դեպքում դժվար է հասկանալ նրա տրամաբանությունը. եթե սույն համաձայնագրով ստանձնած պարտավորություններով մինչեւ 2043 թվականը Հայաստանը զրկված է «Գազպրոմ»-ից բացի որեւէ այլ աղբյուրից գազ ստանալու հնարավորությունից (իրանական տարբերակը, մեղմ ասած, քիչ հավանական է` հաշվի առնելով այն փաստը, թե ում ձեռքում է Իրան-Հայաստան գազատարը), ապա ստացվում է, որ Ռոբերտ Նազարյանը խոստանում է վերահսկել մի բան, որն ի սկզբանե արդեն իր վերահսկողության սահմաններից դուրս է:
Պատկերացրե՛ք մի իրավիճակ, երբ «Գազպրոմ»-ը ցանկանում է բարձրացնել գազի սակագինը, իսկ քաջն Ռոբերտ Նազարյանն էլ ասում է` «ո՛չ, պարոնա՛յք գազպրոմականներ, մենք չենք ընդունում ձեր առաջարկությունը»: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կանի «Գազպրոմ»-ը: Ճիշտ եք. պարզապես կդադարեցնի գազամատակարարումը: Իսկ դրան ի պատասխան՝ ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը` ոչինչ: Քանզի նույն այդ տխրահռչակ համաձայնագրի 7-րդ կետով «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ապագա որեւէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի կամ չեղյալ հայտարարի կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» ԲԲԸ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ եւ դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները եւ շահերը»:
Թեեւ ներկայացված իրավիճակն ինքնին արդեն ֆանտասմագորիայի ժանրից է, քանզի տասը տարվա ընթացքում դժվար է հիշել որեւէ դեպք, երբ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովը պաշտպանած լինի հանրության շահերը եւ չբավարարի հանրային այս կամ այն ծառայությունը թանկացնելու հայտերը: Լավագույն դեպքում դրանք բավարարվել են մասնակի, այն էլ` ի սկզբանե միտումնավոր ներկայացվել են անտրամաբանական սակագներ, որոնք էլ հանձնաժողովը «հերոսաբար» նվազեցրել է:
Այնպես որ, «պաշտոնի ծարավ չունեցող» Ռոբերտ Նազարյանը լավ կանի՝ խուսափի նման անհեթեթ հայտարարություններից, առավել եւս` «կյանքի մայրամուտին»:




Լրահոս