ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉՈ՞Ւ Է Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ ՆՄԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԱՅԼԻ

Հունվարի 24-ին կորեական լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանին ցողունային բջիջների փոխպատվաստում է արվել Հարավային Կորեայի հեղինակավոր բուժհաստատություններից մեկում: Նշվում էր նաեւ, որ բժշկական կենտրոնի մատուցած ծառայությունների համար վճարվել է 200 միլիոն հարավկորեական վոն, որը համարժեք է մոտ 187 հազար դոլարին: Պարզելու համար, թե որ դեպքերում են դիմում ցողունային բջիջների փոխպատվաստման, «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Վերջինս շատ վրդովված էր տարածված տեղեկատվությունից ու պնդում էր, որ անհնար է ցողունային բջիջների թերապիա կատարել:

-Պարո՛ն Բաբլոյան, որպես բժիշկ՝ խնդրում եմ բացատրե՛ք, թե իրենից ինչ է ներկայացնում ցողունային բջիջների թերապիան, եւ որ դեպքում են մարդիկ նման թերապիա անցնում:
-Ցողունային բջիջը այն նախաբջիջն է, որից ստեղծվում են բոլոր բջիջներն ու հյուսվածքները: Երբ որ սկսվում է օրգանիզմի ստեղծումը, զարգացումը, այդ ցողունային բջիջները իրենք գնում են դեպի դիֆերենցման, ցողունային բջիջից գնում է մի մասը մկանների առաջացման, մի մասը գնում է երիկամի առաջացման եւ այլն. ես սա բացատրում եմ այնպես, որպեսզի հասարակության համար հասկանալի լինի: Որպես նախահայր, որպես նախապապ՝ իրենք ունեցել են ցողունային բջիջներ, այդ ցողունային բջիջները կարելի է հայտնաբերել հենց մարդու արյան մեջ ուսումնասիրելով, զատելով: Բայց ավելի շատ ցողունային բջիջները հայտնաբերվում են, երբ որ, ասենք թե, պորտալարը կապում են, այդ հատվածից կարող են արյունը վերցնել ու օգտագործել ցողունային բջիջ ստանալու համար: Ի՞նչ են անում ցողունային բջիջների հետ. որպեսզի նորից մատչելի լինի, նշեմ, որ ցողունային բջիջի զարգացումը կարողանում են ուղղորդել: Գիտությունը կարողացել է հասնել նրան, որ ցողունային բջիջը ներարկում են: Դա անում են, որ դու ստեղծես նոր արյան բջիջներ: Եվ եթե կա արյան հիվանդություն, ինքը այդ ցողունային բջիջների միջոցով կարողանում է նորմալ բջիջներ ստեղծել եւ պայքարել հիվանդագին բջիջների ստեղծման դեմ: Բայց ցողունային բջիջներին կառավարելը այդպես հեշտ գործ չէ: Եթե լիներ այդպես հեշտ, ապա դա աջ ու ձախ բոլորն էլ կանեին, չէ՞: Դա այն փուլում է, որ գիտությունը դեռեւս չի կարողանում այնպես անել, որ բարդություններ չառաջանան: Իսկ բարդություններից մեկն այն է, որ կարող են չարորակ ուռուցքներ զարգանալ: Հիմա ասե՛ք` ինչպե՞ս մարդիկ այսքանից հետո կգնան այդ քայլին, որ ստից բանից ցողունային բջիջ ընդունեն, ներարկեն կամ չգիտեմ ինչ անեն: Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչքան բարդ բան է: Մի հատ ապուշ, ինչ-որ իդիոտ մի հատ ինչ-որ բան ասել է, ու բոլոր մնացած ապուշները ուզում են դրան հետամուտ լինել: Ես ուզում եմ, որ Դուք գրե՛ք, որպեսզի մարդիկ հասկանան, որ չի կարող նման բան լինել:
-Բայց այդ տեղեկությունը տարածել են կորեական լրատվամիջոցները, որոնք անգամ տեսանյութ էին պատրաստել այն մասին, թե ինչպես է Սերժ Սարգսյանը թերապիա ընդունում:
-Դե որովհետեւ իրենց ի՞նչ է պետք, իրենց պետք է՝ մի հատ սենսացիա լինի, փող աշխատեն: Իրենց պետք չէ… իրենց պետք է ուղղակի գումար աշխատել, իսկ թե ոնց կաշխատեն, իրենց համար դա մեկ է: Հիմա իմ այսքան բացատրելուց հետո Դուք հասկանո՞ւմ եք, որ չի կարելի մի ստից բանի համար ցողունային բջիջ օգտագործել:
-Հիմա, ըստ Ձեզ, Սերժ Սարգսյանը ցողունային բջիջների թերապիա չի՞ անցել:
-Ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս. իհարկե չի կարող օգտագործել ու չի էլ օգտագործել, չի էլ կարող օգտագործել:
-Այսինքն՝ լեգենդներ են…
-Ա՛յ մարդ, էդ լեգենդները թող տանեն իրենց տները, ես օֆիցիալ հայտարարում եմ… ես ո՛չ խոսել եմ իր հետ (նկատի ունի Սերժ Սարգսյանին-Ս. Գ.) եւ ո՛չ էլ իմանում եմ դրա մասին, բայց ես՝ որպես մասնագետ, ուզում եմ Ձեզ ասել, որ դա անհնարին բան է, դա աբսուրդ է, ինչ որ տարածում են: Ճիշտ է, ես ցողունային բջիջներ ներարկելու մասնագետ չեմ, բայց ինքս էլ օրգաններ, հյուսվածքներ պատվաստող եմ, շատ մոտիկ եմ կանգնած այդ գործին, եւ երբ տարբեր օրենքների քննարկման ժամանակ մեծ վեճեր եղան, թե արյան օրենքի մեջ ցողունային բջիջները մտցնենք, ես դեմ կանգնեցի: Ինչո՞ւ, որովհետեւ անկախ նրանից, որ ցողունային բջիջները ստանում ենք արյունից, անկախ նրանից, որ ցողունային բջիջները կիրառվում են արյան հիվանդությունների բուժման համար, ցողունային բջիջները արյան դոնորության հետ որեւիցե կապ ւնեն: Ցողունային բջիջները կապ ունեն օրգանիզմում ամեն ինչի հետ: Ես ուսումնասիրել եմ, որպեսզի օրենսդրական դաշտը կարգավորվի:
-Բայց այժմ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման եւ օգտագործման տեխնոլոգիաներ է մշակում:
-Ծրագիր կա, բայց դեռ խոսքը ցողունային բջիջների ստացման ու լայն կիրառման մասին չէ:
-Նշվեց նաեւ, որ այդ ցողունային թերապիան Սերժ Սարգսյանն արել է երիտասարդացման համար:
-Նայե՛ք, դա մի ուղղություն է այդ ցողունային բջիջների կիրառման, որը երեւի թե ամենահետամնացն է ու չկիրառվողը աշխարհում, որովհետեւ առաջին փորձերը բերել են այնպիսի բարդությունների, այնպիսի անվերադարձ երեւույթների, որ կյանքի կորուստներ են եղել: Դրա համար որեւիցե մեկը ջանք չի դնում այդ ուղղությունը զարգացնելու համար: Եթե մարդն ունի արյան չարորակ հիվանդություն, ու ինքը գիտի, որ այլ ճանապարհ չկա, իր փրկությունն ընդամենը 5 տոկոս է, այն էլ ցողունային բջիջների կիրառմամբ… այսինքն՝ ռիսկը արդարացված է, դա մի դեպք է: Մյուսը` երբ կա մեծ բարդությունների հավանականություն, ու գնալ երիտասարդացման, որը հայտնի չէ՝ ինչպիսի էֆեկտիվություն կունենա, մեծ փորձեր էլ չկան, այդ դեպքում ո՞վ կգնա նման քայլի: Չեմ ուզում անուն տալ, բայց լուրջ մարդը կգնա՞ այդ քայլին: Ես Ձեզ հարց եմ տալիս` այդ մարդը կգնա՞ այդ քայլին, ինչի՞ն է պետք: Ես Ձեզ բացատրեցի՝ ինչ է ցողունային բջիջը` առանց որեւէ մեկի հետ կապելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

 
ԲՀԿ-Ի ԽՈՍՔԸ ԴԱՐՁԱՎ ԳՈՐԾ. ՊԱՇՏՈՆ՝ ՁԱՅՆԵՐԻ ԴԻՄԱՑ

ԲՀԿ-ական խաղերը նոր ընթացք են ստանում. ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարական տալու մասին դիմում է ներկայացրել Հովիկ Աբրահամյանին: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շերիֆի այս քայլը մեկնաբանել է նրա ունեցած անձնական խնդիրներով:
Երեկ հայտնի դարձավ, որ Գրիգորյանի փոխարեն այդ պաշտոնը տրվելու է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանին (Հայկոպի Աբո), որը պատերազմի տարիներին աշխատել է որպես «Հայկոպ»-ի Երեւանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայի փոխտնօրեն: Իհարկե, բավականին լուրջ պաշտոն է, բայց ի՞նչ կապ ունի դա պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հետ… Բացի այդ՝ նա նախկին ՀՀԿ-ական է, նույնիսկ 2003-2007-ին ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր է եղել: Ավելին, նա Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի մտերիմն էր ձեւանում: Սակայն հանկարծակի մտերմացավ Գագիկ Ծառուկյանի հետ ու ինչ-ինչ պատճառներով ճողոպրեց ՀՀԿ-ից՝ դառնալով ԲՀԿ-ական: Ու դեռ հայտնի չէ՝ ժամանակավո՞ր, թե՞ մշտական, քանի որ ճամբարափոխությունը թմրամոլության նման մի բան է, կախվածություն է առաջացնում:
Ի տարբերություն Հայկոպի Աբոյի՝ Շերիֆի անցած ուղին ուժային կառույցներում բավականին հարուստ է՝ դրան գումարած նրա մասնակցությունը Արցախյան ազատամարտին եւ մեծ ներդրումը: Ավելին, ժամանակին հրապարակվել էր, որ Գրիգոր Գրիգորյանը եղել է այն մարդկանցից մեկը, որը մարտի 1-ի դեպքերի ժամանակ իր ղեկավարած ստորաբաժանումներով բարիկադների մյուս կողմում էր, սակայն հրաժարվել էր կրակել ժողովրդի վրա: Հաշվի առնելով Գրիգորյանի անցած ուղին՝ միանշանակ է, որ վերը նշված պաշտոնին նա լիովին համապատասխան էր, եւ կամավոր հրաժարական տալու հիմք դժվար թե ունենար:
«Ժողովուրդ»-ի աղբյուրներն այս առնչությամբ հետաքրքիր տեղեկություններ փոխանցեցին: Հիշո՞ւմ եք՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին խոստացել էր, որ շատ ձայներ բերողները կգնահատվեն, պաշտոններ կստանան: Եվ ահա ԲՀԿ-ի համար ձայն բերող Աբրահամ Մանուկյանը, տեսնելով, որ ըստ արժանվույնս չի գնահատվում, վերջերս Ծառուկյանին հիշեցրել է իր հավաքած ձայների մասին: Ու քանի որ ԲՀԿ առաջնորդի խոսքը գործ է, նա որոշեց «զոհաբերել» Շերիֆին: Սակայն ԲՀԿ-ն, բնականաբար, հերքեց սա:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՔՎԵԱՐԿԵՑԻՆ

ԱԺ մեծամասնությունը երեկ մերժեց ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011թ.-ից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 44 պատգամավոր` ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները, դեմ էին 58-ը, ձեռնպահ` 3-ը: Ուշագրավն այն է, որ ձեռնպահ պատգամավորները հենց ՀՀԿ խմբակցության անդամներն էին` Գարեգին Նուշիկյանը, Լեւոն Մարտիրոսյանը եւ Արթուր Գեւորգյանը, իսկ ՀՀԿ-ականներ Մհեր Սեդրակյանը, Մանվել Բադեյանը, Շուշան Պետրոսյանն ու Սպարտակ Մելիքյանը չեն մասնակցել քվեարկությանը: Նախաձեռնության հեղինակ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատահական չհամարեց քվեարկության նման պատկերը. «Քարը ջրի կաթիլով են մաշում, ճիշտ է` ժամանակ շատ է տանում, բայց փաստ է»: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, Մանուկյանի խոսքով՝ դա պետք է ոչ կոալիցիոն խմբակցությունները համատեղ քննարկեն ու որոշեն. «Անձամբ ես կարծում եմ, որ սա կառավարությանն անվստահություն հայտնելու համար լավ ճանապարհ է բացել»:

 

ՖԻԼՄԻ ԶԵՆՔԵՐԸ

Երեկ՝ երեկոյան, «Դուքֆենդո» արեւելյան մարտարվեստի ֆեդերացիայի շենքից հայտնաբերված զենքերը ոստիկանությունում ուսումնասիրվում են, որպեսզի պարզեն, թե ում են պատկանում դրանք: Հիշեցնենք, որ ֆեդերացիայում խուզարկություն կատարվեց այն բանից հետո, երբ քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալվեց ֆեդերացիայի նախկին անդամ Իսրայել Սարգսյանը` Իսոն: Ու թեեւ ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանն ասել էր, թե հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով, սակայն չի բացառվում, որ այդ զենքերով հանցագործություններ եւս կատարված լինեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին ուսումնասիրվում է նաեւ այդ խնդիրը: Ի դեպ, «Հայ ազգային կոնգրես»-ի պնդմամբ՝ այդ նույն տարածքը, որտեղ հայտնաբերվել են զենքերը, 2008թ. մարտի 1-ին եւ դրան նախորդած օրերին, եղել է «զորանոց»: Հենց այնտեղ է տեղակայվել ժողովրդի վրա հարձակվելու համար կազմված ջոկատներից մեկը: Ջոկատ, որը կազմավորել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարկիսովը:

 

ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մի քանի կադրային փոփոխություն է արել. նա աշխատանքից ազատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին` իբր սեփական դիմումի համաձայն, եւ նրա փոխարեն նշանակել Սերգեյ Ավետիսյանին: Երեկ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է ՀՀ մշակույթի փոխնախարար, իսկ Արմեն Հայրապետյանը` ֆինանսների փոխնախարար: Տ. Սարգսյանի մեկ այլ որոշմամբ էլ Արթուր Սարգսյանն ազատվել է կառավարության իրավաբանական վարչության պետի պաշտոնից` նշանակվելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ:




Լրահոս