ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՂԲԻ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Փետրվարի 4-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցած դանակահարությունը խորը արմատներ ունի: Հարեւաններ Արթուր Հովհաննիսյանը, որը Կողբում հայտնի է «Մուլտիկ» մականունով, եւ հայր ու որդի Աշոտ եւ Գարիկ Բարսեղյանները չեն հասկացել միմյանց, որից հետո էլ Արթուրը դանակահարել է Բարսեղյաններին: Ինչո՞ւ:
Մինչ մանրամասներին անդրադառնալը տեղեկացնենք, որ դեպքից հետո հայր եւ որդի Բարսեղյանները տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: 60-ամյա Աշոտ Բարսեղյանը ստացել է գլխի ճակատային մասի վիրավորում, իսկ 32-ամյա Գարիկ Բարսեղյանը՝ ձախ նախաբազկի վնասվածք: Հավելենք, որ Աշոտ Բարսեղյանը ունի երեք երեխա՝ երկու որդի եւ մեկ դուստր: Ինչպես տեղեկացանք, Բարսեղյանները գյուղում մթերային եւ հագուստի խանութներ ունեն, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը:
Եվ այսպես, դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց դանակահարված Աշոտ Բարսեղյանի հետ: Նրա խոսքով՝ ինքը որեւէ բան չունի Արթուրի դեմ, իսկ վիճաբանությունը սկսվել է հայհոյանքից: «Կողբի իմ խանութում սովորականի պես աշխատում էի ու դրսից հայհոյանքներ լսեցի: Տեսա, որ այդ հայհոյանքներն Արթուրն է տալիս: Ճիշտ է, ինձ չէին ուղղված դրանք, բայց դե հաճելի չէ: Ուզում էի ասել, թե չի կարելի այդպես բարձր հայհոյել փողոցում, բայց չհասցրի, նա մեքենայով արագ գնաց: Հետո զանգեցի, ասացի, թե ինչու ես հայհոյում, եկավ ինձ մոտ, որ խոսենք: Դե ի՞նչ ասեմ, բռնկվեցինք, չհասկացանք իրար, քաշքշեցինք, ու նա էլ դանակահարեց ինձ ու որդուս»,-նշեց Աշոտ Բարսեղյանը՝ հավելելով, թե ինքն ու Արթուրը այլ թշնամանք ու այլ չպարզաբանված հարցեր չեն ունեցել միմյանց հետ:
Ըստ մեր զրուցակցի՝ դեպքից հետո իր որդու ձեռքը Նոյեմբերյանի հիվանդանոցում վիրահատել են. «Ուրեմն դեռ քիչ չէ, որ հայր ու տղա դանակահարվել ենք, Արթուրը շարունակում է սպառնալ մեզ: Մինչեւ գիշերվա երկուսը զանգահարել է հեռախոսահամարիս, չեմ պատասխանել, սկսել է սպառնալից վատ նամակներ գրել, թե պատասխանի՛: Ի՞նչ պատասխանեմ, ի՞նչ գործ ունեմ»:
Արթուրի սպառնալիքների մասին Աշոտ Բարսեղյանը հայտնել է ոստիկանությանը, որտեղ նրան խորհուրդ են տվել պահել այդ նամակները. «Դե ասացին՝ պահի՛ր, քննությանը պետք կգա, մենակ տեսնեք, թե ինչ այլանդակ ձեւի նամակներ է գրում: Նա դատված տղա է, ի՞նչ կարող եմ ասել»:
Պարզեցինք, որ դեպքից հետո Արթուրին տարել են ոստիկանություն եւ ստորագրությամբ ազատ արձակել:
Արդյո՞ք կատարվածի միակ պատճառը փողոցում հնչած հայհոյանքներն են, կարո՞ղ էր այն կողմերին այնպես վիրավորել, որ ծեծեին միմյանց եւ վերջում դանակահարեին: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ գոնե դանակահարող կողմից:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արթուր Հովհաննիսյանը մանրամասնեց, որ վիճաբանությունը խորը արմատներ ունի: Ինչպես պարզեցինք մեր զրուցակցից, Բարսեղյանները բավականին երկար ժամանակ իր «վրա ատամ են ունեցել». «Ընկերներով կանգնած ենք եղել, խոսքի մեջ ես հայհոյել եմ, բայց Աշոտի խանութը այնքան հեռու է, որ իրենք չէին կարող լսել: Պարզապես նրանց համար իմ կողմից հնչեցրած հայհոյանքը պատճառ դարձավ, որ մենք կռվեինք»:
Ըստ Արթուրի՝ ինքն անգամ Աշոտի խանութ չի գնացել, այլ նրա որդին` Գարիկն է կանգնեցրել մեքենան, ու մեքենայի մեջ էլ սկսել են հարվածել միմյանց: Մեր հարցին, թե ինչու է նա շարունակում սպառնալից նամակներ գրել Աշոտ Բարսեղյանին, Արթուրը պատասխանեց. «Մեր մեջ չէր կարող նման բան լինել, ուզում եմ հետը խոսեմ, հասկանանք իրար»:
Մի փոքր անկեղծանալուց հետո Արթուրը պատմեց, որ իրականում դանակահարությունը մեկ այլ պատճառ ունի. «Երկար ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ իբր ես իրենց հարսի հետ եմ ման գալիս: Արդեն 6 ամիս կլինի, ինչ այդ խոսակցությունները գնում են, ու ես իր որդուն կանչել եմ, ասել, թե նման բան չկա, ու այս խոսակցություններից հետո էլ թարսվել են հետս: Ի՞նչ ասեմ, իրենք ամեն անգամ առիթ էին ման գալիս իմ հետ վիճելու համար, ու սա էլ հարմար առիթ էր»:
Նշենք, որ Արթուր Հովհաննիսյանը գողության եւ խուլիգանության համար նախկինում դատապարտվել է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԺԱՄԿԵՏԱ՞ՆՑ Է

Այս օրերին երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում կրկին սկսվել է ներկրված ձվի վաճառքը: «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների պատմելով՝ «Կրպակ» խանութների ցանցում վաճառվող հավկիթի վրա մակնշված է, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 12-ին եւ պիտանի է մինչեւ այս տարվա մարտի 12-ը: Հայաստանի սպառողների միությունը նույնպես այս խնդրով ահազանգ է ստացել մի շարք քաղաքացիներից: Միության նախագահ Արմեն Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ այդ մակնշմամբ ձուն արդեն ժամկետանց է: «Մակնշումն է սխալ: Դա անթույլատրելի է: Ձուն երեք ամիս չի կարող թարմ լինել: 25 օրից ավելի գոյություն չունի պիտանելիության ժամկետ: Իսկ 25 օրվա եւ երկու ամսվա մեջ հսկայական տարբերություն կա»,-ավելացրեց նա: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղ խոստացան, որ վաղը (այսօր-խմբ.) կպատասխանեն:
Ի ՎԻՃԱԿԻ ՉԻ ԵՂԵԼ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի վիճակը կտրուկ վատացել է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նրա մոտ՝ ՔԿՀ, երեք բժիշկ են ուղարկել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը, սակայն այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ բժիշկներն արձանագրել են, որ Հարություն Սարգսյանը բարձր ջերմություն ունի, ճնշման հետ կապված խնդիրներ, ուստի չի կարող ներկայանալ դատարան:

 

ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՆ

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին վիճաբանություն տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջեւ ու հերթական անգամ ավարտվեց միմյանց «անգրագետ» անվանելով: Զուրաբյանը բարձրացրեց Որոտանի հէկ-ը վաճառելու հարցը, բայց Թովմասյանի պատասխանը նրան չբավարարեց: «Այն, ինչ որ դուք արեցիք, ուղղակի լիակատար դեմագոգիա է: Որովհետեւ առաջինը` օրենքում գրված չէ` արդյոք խոսքը գույքի մասին է, որ տնօրինում է կառավարությունը, թե պետական ձեռնարկությունը: Օրենքում գրված է հստակ մեկ բան՝ պետական գույքը չի կարող մասնավորեցվել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգն է»,-ասաց Զուրաբյանը` հավելելով, որ կատարվածը «հանցագործություն է, որի համար երբեւէ պատասխանատվություն կրելու եք»:
Թովմասյանն էլ հակադարձեց. «Անհեթեթություն ասել այստեղ՝ այս բարձր ամբիոնից, որեւէ մեկին պատիվ չի բերում: Եվ տարրական իրավաբանական գիտելիքների պակասը որեւէ պատգամավորի պատիվ չի բերում»: «Ա՛յ Միշիկի սպասարկու, դու ավելի լավ է` գնա՛ տերերիդ սպասարկի՛»,-արդեն տեղից բղավեց Լեւոն Զուրաբյանը: Կատարվածին միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` կոչ անելով լինել կոռեկտ:
Երեկ «Ժողովուրդ»-ը Հրայր Թովմասյանին հարցրեց, թե արդյոք չի հոգնել ընդդիմադիր պատգամավորներին անիմաստ վիրավորելուց: «Ես որեւէ մեկին չեմ վիրավորել, դա Ձեր ընկալումն է»,-փորձեց նահանջել նախարարը:

 

 

 

 

 
ԲԼԹ

«Մեկն անկեղծորեն մի բան հարցրեց՝ դա («Գրիբոյեդով» ակումբը) սեպտեմբերի 3-ից հետո չի՞ ստեղծվել: Ինչպե՞ս կարելի է այդքան քառակուսի մտածել»:

Շուշան Պետրոսյան Irates.am
Եթե կարելի է դառնալ Հանրապետական կուսակցության անդամ, ապա նույն հաջողությամբ էլ կարելի է մտածել քառակուսի, եռանկյունի, ուղղանկյունի եւ մնացած բոլոր երկրաչափական մարմիններին համապատասխան: Այնպես որ, ՀՀԿ-ական պատգամավոր դարձած երգչուհին, որը հիմա նաեւ ակտիվորեն հայ-ռուսական «բարեկամությանը» նվիրված հերթական՝ «Գրիբոյեդով» ակումբի իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, զարմանալու կարիք բնավ չունի: Քառակուսի եւ նման այլ կարգի անոմալ մտածելակերպը տարածված է ամենուր, եւ առաջին հերթին այն կուսակցությունում, որի ներկայացուցիչն է Շուշան Պետրոսյանը:

 
«Մենք իրավունք չունե՞նք բան քննարկենք կամ խոսենք: Գաղտնիք չէ, սովորական քննարկում է, որի հետաքրքրության շրջանակը, կարծում եմ, այլոց պիտի չվերաբերի»:

Գալուստ Սահակյան 7or.am
Բանն այն է, որ երբ հանրապետականները առանձին իրար մեջ ինչ-որ բան են շտապ կերպով քննարկում, ապա սովորաբար դա լինում է հերթական ապազգային եւ հակաժողովրդական մտահղացումը: Դժվար թե ԱԺ միջանցքով դեպի Հովիկ Արգամիչի կաբինետ արագ քայլերով գնացող ՀՀԿ-ականները շտապեին քննարկել, թե, ասենք, տվյալ օրը՝ երեկոյան, որ «քյաբաբնոցն» են այցելելու, եւ ամեն մեկը քանի չափաբաժին պետք է ուտի: Ավելի հավանական է, որ հղացել էր հերթական հրեշավոր միտքը, օրինակ՝ ինչպես խոչընդոտել գազային փաստաթղթերը բացելու եւ ուսումնասիրելու համար հանձնաժողով ստեղծելը:

 

 

«Կարծում եմ՝ Մաքսային միությանը անդամակցումը նպաստավոր կլինի մեր սոցիալական վիճակի բարելավման համար, իսկ եթե մարդիկ հարուստ են, ապա ավելի գաղափարական են»:

Վազգեն Մանուկյան Ankakh.com
Եթե մեր իշխանությունները նույնիսկ ՄՄ մտնելու ռիսկերը չեն հաշվարկել, ապա ի՞նչ հիմքով է Հանրային խորհրդի նախագահը կարծում, թե Մաքսային միությանն անդամակցումը նպաստավոր կլինի մեր սոցիալական վիճակի բարելավման համար. ընդամենը ասում է իշխանությունների դիրքորոշումը պաշտպանելու համա՞ր: Չէ՞ որ արդեն հայտնի է, որ մոտ 800 անուն ապրանք առաջիկայում շեշտակի կթանկանա: Դա՞ է բերելու մեր սոցիալական վիճակի բարելավման: Ախր գոնե ինչ-որ բան խոսելուց առաջ պաշտոնական լրահոսն ուսումնասիրեն: Անգամ վարչապետն է խոստովանել, որ թանկացումներն անխուսափելի կլինեն:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ 




Լրահոս