ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱ ԵՎ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԺ-ՈՒՄ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, այնուհետեւ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան հաշվետվությունների քննարկումները խորհրդարանում երեկ բավական թեժ ընթացք ստացան:

ՏՄՊՊՀ տվյալների համաձայն՝ Հայաստանում մոնոպոլիաների մասնաբաժինը տնտեսության մեջ նվազել է, քանի որ 2010թ. այն եղել է 56%, 2012-ին` 22%, իսկ 2013թ. կազմել է 12%: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ՏՄՊՊՀ հաշվետվությանը, հայտարարեց, թե այդ կառույցն առաջարկում է քաղցկեղը բուժել «պարացետամոլով» այն դեպքում, երբ այդ հիվանդությունը վերացնելու միակ միջոցը կա՛մ քիմիաթերապիան է, կա՛մ վիրահատական միջամտությունը: «Հայաստանը մահանում է մոնոպոլիստական պարազիտ քաղցկեղից»,-ասաց Զուրաբյանը` հավելելով, որ այս ամենը կարելի է անվանել շառլատանություն: «Պարազիտ-օլիգարխները խոնարհ ԿԲ-ի օգնությամբ բարձրացնում են դրամի գինը` արհեստականորեն բարձրացնելով նաեւ ապրանքների գները, շահույթ ապահովելով մի խումբ իշխանավոր-հարուստների համար»,-նշեց նա: ՀՀԿ-ից, սակայն, այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեցին այս մեղադրանքներին: Միայն իր եզրափակիչ խոսքում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, թե համաձայն չէ հնչած գնահատականների հետ:
Ուշագրավը, սակայն, Շաբոյանի մեկ այլ հայտարարությունն էր. «Ոչ բոլոր մենաշնորհներն են վնասակար Հայաստանի տնտեսության համար: … Իհարկե, կան շուկաներ, որտեղ քիչ թվով սուբյեկտների առկայությունը բացատրվում է ոչ թե տեխնիկական, այլ ուրիշ պատճառներով: Բայց այստեղ եւս մենաշնորհները կամ գերիշխող դիրքը շուկայում խախտում չէ: Մենք ուղղակի հետեւում ենք, որպեսզի այդ սուբյեկտները չչարաշահեն իրենց գերիշխող դիրքը շուկայում»: Տնտեսության համար մենաշնորհների անվնաս լինելու մասին ՏՄՊՊՀ նախագահի հայտարարությունը կարելի է որակել սկանդալ. մենաշնորհների անվնաս լինելու մասին է խոսում այն մարմնի ղեկավարը, որը պարտավոր է պայքարել մենաշնորհների դեմ: Սա, թերեւս, նույնն է, թե, օրինակ, ոստիկանապետը կամ դատախազը հայտարարեր` ոչ բոլոր հանցագործություններն են վնասարար հասարակության համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվության քննարկումը եւս չանցավ առանց միջադեպի: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց. «Ինչո՞ւ գազի դիմաց պետական պարտք գոյացավ, ո՞վ է մեղավորը, եւ ինչո՞ւ են գաղտնի պահել այդ ամենը տարիներ շարունակ, ինչո՞ւ, ո՞վ գնահատեց մեր բաժնեմասի 20 տոկոսը, ո՞ր կառույցն է անկախ աուդիտ արել, եւ մեկ էլ` օրենքի խախտումով օտարում է եղել «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի, ի՞նչ կասեք այդ մասին»: Ռոբերտ Նազարյանը, սակայն, տարակուսանքով հայտարարեց, թե հնչած հարցերն իր գործառույթների շրջանակներից դուրս են: Պարզվեց` Արամ Մանուկյանն այդ հարցերը տվել էր ոչ թե պատասխան ստանալու, այլ ՀՀԿ-ականներին «ստի մեջ բռնելու համար»: «Ես ընտրել էի հենց այն հարցերը, որոնք Ձեր իրավասության մեջ չեն, ուղղակի չգիտեմ` հանրապետական մեր գործընկերները ինչո՞ւ էին երեկ ինձ համոզում, որ այդ հարցերի պատասխանը Դուք պետք է տաք: Ես հիմա իրենց ապացուցեցի, որ այս հարցերի պատասխանը Ձեր լիազորությունների սահմանից դուրս է, եւ հարցերի պատասխանը հանձնաժողով ստեղծելու մեջ էր, դա ԱԺ-ի իրավասության մեջ էր»,-իր հնարքի իմաստը մեկնաբանեց նա: Մանուկյանի քայլը, թերեւս, անակնկալ էր ՀՀԿ-ականների համար, եւ անգամ Հովիկ Աբրահամյանն այսքանից հետո չկարողացավ թաքցնել իր զարմանքն ու ծիծաղը:
Ի դեպ, երբ Լ. Զուրաբյանը Նազարյանից պահանջեց գազի գնագոյացման վերաբերյալ փաստաթղթերը, վերջինս նեղսրտեց. «Կարծես դատախազությունում լինեմ, ես ի՞նչ իմանամ, թե ինչ տվյալներ եք ինձանից ուզելու, ամբողջ արխիվս հո չէի՞ բերելու… Դուք մի անգամ ինձ մոտ եկե՛ք, ես տասը անգամ կգամ, ես ամբիցիաներ չունեմ: Ես ամեն ինչ տեսել եմ, հիմա էլ մայրամուտի մեջ եմ, ոչ էլ պաշտոն եմ ուզում»: Այնուամենայնիվ, Ռ. Նազարյանը երեկ խոսեց գազի գների մասին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցրեց, թե ըստ գազային համաձայնագրերի՝ «Գազպրոմ»-ի շահերը ենթակա չեն փոփոխման, ՀՀ օրենքները չեն ազդելու այդ ընկերության վրա, ուստի անհասկանալի է` ինչպես է ՀԾԿՀ-ն սահմանելու գազի սակագները: «Ոչ ոք չի վերահսկի գազի հայկական սակագները հայրենական պետական մարմինների փոխարեն»,-ասաց Նազարյանը` հավելելով, որ «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի վաճառքից հետո եւս հանձնաժողովն է որոշելու ՀՀ-ում գազի սակագինը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Այս անգամ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը եւս Հայաստան է եկել:

Ավանդաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արդեն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որոնց հետ խոսակցության ընթացքում հիմնական շեշտադրումը արվել է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման եւ 2013թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման անհրաժեշտության մասին:
Պաշտոնական հաղորդագրություններում այդպես էլ չգտանք որեւէ տեղեկություն այն մասին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկած լինեն հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած կրակոցների եւ զոհված երկու զինծառայողների թեման: Մինչդեռ ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի ¥զինված հարձակման, որը սպառնում է նշված անդամ-պետության անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը¤, ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Կազմակերպության մյուս բոլոր անդամ-պետությունները ագրեսիային ենթարկված անդամ-պետության խնդրանքով անհապաղ կերպով տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում` ռազմական»:
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին. հստակ է, որ եղել էր զինված հարձակում, ինչի հետեւանքով խախտվել էր սահմանին առկա կայուն իրավիճակը: Սակայն ՀԱՊԿ-ը ոչ միայն չի արձագանքել, այլեւ պարզվում է, որ այս կազմակերպությունում տեղյակ չեն եղել այդ դեպքերի մասին: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զանետդինովը հունվարի 27-ին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել էր, որ կազմակերպությունում տեղակ չեն հայկական դիրքերի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման մասին, հետեւաբար չի կարող հայտնել, թե ինչ են մտածում այնտեղ:
Ասել է թե՝ ՀԱՊԿ-ն իր հիմնական գործառույթներից կարծես թե կամաց-կամաց շեղվում է, մինչդեռ նրա հիմնական նպատակներն ու սկզբունքներն են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը` ապահովելով իր անդամ-պետությունների անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:
Իսկ ինչո՞ւ ՀՀ-ում որեւէ պաշտոնյա այդպես էլ չի խոսում այս մասին: «Ժառանգություն» կուսակցության արտաքին կապերի գծով փոխնախագահ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ դա պայմանավորված է 2011թ. Ռուսաստանի հետ կնքված պայմանագրով, որով ՌԴ-ն դարձավ Հայաստանի անվտանգության «երաշխավոր»: Սակայն Ռուսաստանի գլխավոր նպատակը ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելն է. «Հայաստանի իշխանությունները պարզապես խեղճացած են ու համարձակություն չունեն այդ մասին բարձրաձայնելու` իրենց պահելով Գիքորի նման»:

ՍԱԻԴ ԱՎԴԱԼՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ

ՀՀ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել եւ միաժամանակ ընդունվել են հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության եւ 2013-ի ֆինանսական հաշվետվությունները: Ներկայացվել են նաեւ հիմնադրամի կողմից 2014-ին իրականացվելիք ծրագրերը: Ըստ այդմ` նախատեսվում է ընթացիկ տարում Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում ընդհանուր առմամբ 35 հեկտար տարածքներում իրականացնել անտառվերականգնողական աշխատանքներ: Կոտայքի մարզում շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածքներում էլ կիրականացվեն սանիտարական ձեւավորման աշխատանքներ: Մարզերում անտառների վերականգնման ծրագրերը կշարունակվեն նաեւ 2015թ.: Միաժամանակ, 2014-ին նախատեսվում է ավարտին հասցնել նաեւ Երեւանի անտառտնտեսության «Էրեբունի անտառպետության» 51 հեկտար տարածքում անտառապատման ծրագիրը: Այն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, որը թույլ կտա խուսափել հնարավոր սողանքներից: Նախորդ տարի տարածքում իրականացվել են ջրագծի եւ ցանկապատի կառուցման աշխատանքներ:

 

ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏՈՒԳԵԼ

Երեկ ԱԺ-ում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները կարող են «Էլցանցեր»-ի հաշվիչների ցուցմունքները վերահսկել ստուգող հաշվիչներով: Նրա խոսքով՝ ՀՀ-ում էլեկտրականության հաշվիչների ցուցմունքների անճշտությունները նվազագույնի են հասցվել: Նազարյանը նաեւ նշեց, որ 2014թ. ՀԾԿՀ-ն մտադիր է հաստատել հաշվետվության նոր տեսակ ինտերնետ-պրովայդերների համար. «Պրովայդերները հաշվետվություն են տալու իրենց ծառայությունների որակի համար, իսկ այդ տեղեկությունը հասանելի կլինի սպառողներին»:

 

70 ՄԼՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Երեւանի քաղաքապետարանը 2013թ. ընթացքում 70 մլն դրամի բժշկական սարքավորումներ է ձեռք բերել մայրաքաղաքի պոլիկլինիկաների համար: Այս մասին երեկ հայտարարեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ընդգծելով, որ առողջապահության ոլորտում ունեն 20 եւ ավելի տարիների ընթացքում կուտակված խնդիրներ, որոնց լուծումն էլ ընդգրկված է «Ավելի լավ Երեւան» ծրագրում: Նրա ներկայացմամբ` մայրաքաղաքում արդեն իսկ կառուցված 11 վերգետնյա անցումների թիվը 2014թ. կավելանա եւս 7-ով: Փոխքաղաքապետը հավաստիացրեց, որ դրանք կկառուցվեն այնպիսի վայրերում, որտեղ խնդիր չեն առաջացնի, ինչպես որ եղավ Բագրատունյաց փողոցի դեպքում: Հիշեցնենք, որ այդ վերգետնյա անցումը կառուցվել էր բազմաբնակարան շենքին չափազանց մոտ եւ հարուցել բնակիչների դժգոհությունը:




Լրահոս