ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց

Երեկ ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց ՀՅԴ կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի եւ երիտասարդական թեւի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Այս կերպ նրանք դիմավորում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք երեկ Բաքվից ժամանել էին Երեւան: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Ո՛չ երկակի ստանդարտներին», «Մենք դեմ ենք Մինսկի խմբի համանախագահների վարած քաղաքականությանը»: Բայց, սովորության համաձայն, համանախագահները հրաժարվեցին կանգնել եւ պատասխանել նրանց հարցերին: Հուսանք՝ գոնե հասկացան, որ ՀՀ-ում դժգոհությունը արդեն ծայրահեղ աստիճանի է հասել:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Տղաս արդեն 8 ամիս է` ծառայության մեջ է գտնվում, բայց ոչ մի կերպ չի համակերպվում իր զորամասի հետ: Նա պնդում է, որ միակ լուծումը իր զորամասը փոխելն է: Հնարավո՞ր է դա անել, եթե այո, ապա ի՞նչ է պետք դրա համար: Խնդրում եմ ներկայացնել օրենսդրական հիմնավորումներ:

Սուսաննա Վարդանյան (42 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայության վայրի տեղափոխումը (փոխադրումը) ծառայության այլ վայր իրականացվում է «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում եւ կարգով: Վերը նշված ակտերի շրջանակներում զինծառայողի՝ ծառայության համապատասխան վայրում ծառայության պայմաններին չհամակերպվելը հիմք չէ նրան ծառայության նոր վայր տեղափոխելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, զորամասերում հանդիպում են տհաճ եւ ոչ ցանկալի հանգամանքներ եւ պայմաններ, բայց մեր զինվորներին հորդորում ենք լինել համբերատար եւ ուժեղ, իսկ սպայական կազմին էլ՝ առավել աչալուրջ եւ պատասխանատու` զորամասում առկա բարոյահոգեբանական վիճակի վերահսկման հարցում:

 

 
ՀԱՐՑ. Ես ապրում եմ բազմաբնակարան շենքում: Արդեն 1 ամիս է` դուրս եմ եկել համատիրության անդամությունից: Ամիս-ամիս վճարում ենք 2760 դրամ, բայց ընթացիկ վերանորոգման աշխատանքները կատարվում են բնակիչների միջոցներով: Ստացվում է, որ գումար ենք վճարում, բայց ոչինչ չենք ստանում: Ցանկանում եմ իմանալ, քանի որ այլեւս անդամ չեմ, իրավունք ունե՞մ սպասարկման վարձը չվճարել:

Էմմա Գրիգորյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են, շինության սեփականատերերի ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հաստատված նորմերից ելնելով, կատարել համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները: Այսինքն՝ Դուք կարող եք գումար չվճարել:
Նշված օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` շինության սեփականատերն իրավունք ունի նախօրոք, սույն օրենքով նախատեսված կարգով, իրազեկելով շենքի կառավարման մարմնին կամ շինության սեփականատերերին, իր ուժերով վերացնել ընդհանուր բաժնային սեփականության այն թերությունները, որոնք անմիջական վտանգ են սպառնում ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ անձանց գույքին, մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին: Նշված թերությունների վերացման ծախսերը պետք է հատուցվեն շինությունների սեփականատերերի կողմից այն չափով, որքան դրանք կլինեն հիմնավորված, համաչափ եւ չեն գերազանցի պատճառվելիք վնասի չափը թերությունները չվերացնելու դեպքում:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ մեր երկրում համատիրությունների համակարգն այդպես էլ չի կայանում, կարող է փաստել բազմաբնակարան շենքի գրեթե յուրաքանչյուր բնակիչ: Մի դեպքում շենքերի վերանորոգման աշխատանքներն են ձգձգվում, մի դեպքում աղբահանությունը ժամանակին չի կատարվում եւ այսպես շարունակ: Իսկ համատիրության նախագահներն էլ ի հայտ են գալիս միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է գումարների գանձմանը:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե պահքի ընթացքում ինչու ենք հրաժարվում կենդանական սննդից: Կարծում եմ, որ եթե մենք փորձում ենք կրկնել Քրիստոսի 40-օրյա ծոմապահությունը, ապա այն տեղի է ունեցել նրա մկրտվելուց անմիջապես հետո, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք նրա հարությունից առաջ պաս պահում:

Մարինա Անթառանյան (26 տարեկան, լեզվաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք չենք փորձում կրկնել Քրիստոսի ծոմապահությունը, քանի որ Քրիստոս ծոմ պահեց, իսկ մենք պահք ենք պահում: Եկեղեցին պահեցողության շրջանը սահմանել է այն նպատակով, որ մարդը քառասնօրյա պահքի ընթացքում հնարավորինս մաքրագործվի, մաքուր սրտով, հոգով եւ մտքով ընդառաջ գնա Տիրոջ հրաշափառ հարության մեծ տոնին: Սակայն դա չի նշանակում, որ պահքի ավարտից հետո մենք պետք է մոռանանք քրիստոնեական սկզբունքները եւ վարենք ցոփ ու շվայտ կյանք: Պահքի նպատակներից է մարդուն դաստիարակելը կամ սովորեցնելը քրիստոնեական բարոյականության ընթացքին: Հակառակ դեպքում պահքը կորցնում է իր իմաստը: Սակայն պահքն անիմաստ է, եթե կարեւորում ենք ուտել-չուտելը՝ մոռանալով հոգեւոր պահեցողության մասին, որն էլ, ըստ էության, նշանակում է հեռու մնալ ամեն տեսակ պիղծ մտքերից, գաղափարներից, զգացմունքներից, աշխատել հնարավորինս հրաժարվել բոլոր վատ սովորույթներից եւ ոչ խրախուսելի ընթացքից:
Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, մարդն իր ընտրության առջեւ ազատ է. նա կարող է կա՛մ պահք պահել, կա՛մ հրաժարվել դրանից: Բայց, այս ամենից զատ, կարեւորն այն է, որ նա ապրի քրիստոնյային վայել կյանքով եւ զերծ մնա մեղքեր գործելուց, ինչը մեր օրերում մի փոքր բարդացել է:




Լրահոս