ԱՆԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետությունն իր այսօրվա հնարավորություններով  չի կարողանում  երիտասարդների բոլոր խնդիրները կարճ ժամանակահատվածում լուծել»,- Ծաղկաձորում ուսանողների հետ հանդիպման ժամանակ  խոստովանել է Սերժ Սարգսյանը` շտապելով արդարանալ, թե այնուամենայնիվ. «երիտասարդությանն ուղղված պետական  քաղաքականության մեջ վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ զգացել են, եւ այդ  քաղաքականությունը շարունակական է լինելու, իրականացվող ծրագրերն էլ ավելի են ընդլայնվելու»: Նախ, ինչ ասել է կարճ ժամանակահատված: 5 տարին այդքան էլ կարճ ժամանակահատված չէ, համենայնդեպս եւս մեկ նման «կարճ ժամանակահատված», եւ 2007-ին խոստումներ ստացածների երիտասարդությունը կավարտվի: Բացի այդ, երբ 2008թ-ին Սերժ Սարգսյանը խոսում էր երիտասարդ ընտանիքների մասին, նա չէր զգուշացնում, որ խոստացված բարիքներից օգտվելու հնարավորություն են ունենալու  միայն ընտրյալները, իսկ մնացածներին ասվելու է` ճգնաժամ էր, ինչ անենք: Մինչդեռ երիտասարդ ընտանիքները հաստատ լավ են հիշում, որ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հստակ խոստացավ, որ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք  պետք է բնակարան եւ ավտոմեքենա գնելու հնարավորություն ունենա: Հիմա  2012 թվականն է, սակայն  երկրի տնտեսությունն անցած տարիներին` Սերժ Սարգսյանի նշած «կարճ ժամանակահատվածում»,  այնպիսի ողբալի վիճակի է հասցվել, որ անգամ Սերժ Սարգսյանը ռիսկ չի անում խոսել ավտոմեքենայի կամ բնակարանի մասին ու ստիպված ասում է, թե պետության միջոցները չեն բավարարում: Բայց կներեք, պարո՛ն Սարգսյան, այդ դեպքում ինչպե՞ս էիք սրանից ուղիղ մեկ ամիս առաջ` մարտի 10-ին, ՀՀԿ համագումարում ներկայացնում  տնտեսական  աճի մասին նկարված թվերը եւ հպարտությամբ հարցնում` «ասացե՛ք խնդրեմ, որտե՞ղ եք տեսել նման ձախողված կառավարում»:  Վերը ներկայացվածը  հենց ձախողված կառավարման ցցուն օրինակ է. 4 տարի առաջ երիտասարդ ընտանիքներին տվել եք կոնկրետ խոստում, սակայն այսօր ինքներդ եք խոստովանում, որ  չեք կարողացել կատարել այն, քանի որ  պետությունը չունի դրա համար բավարար միջոցներ: Հիմա մենք ենք հարցնում` ասացե՛ք խնդրեմ, ձախողված կառավարումն էլ ինչպե՞ս է լինում:
Եւ այդքանից հետո էլ որեւէ անգամ իշխանության որեւէ ներկայացուցիչ չի ասում` ժողովո՛ւրդ, կներեք, խոսք էինք տվել, բայց չկարողացանք անել. պատճառը ճգնաժամն էր, բայց դրանից առավել` այն, որ չկարողացանք մի քիչ ավելի իմաստուն կառավարել, չկարողացանք ինքներս մեզ ստիպել մի քիչ ավելի քիչ թալանել, չկարողացանք երկրի տնտեսությունն ազատականացնել` մեր մտերիմ օլիգարխներին զրկելով մենաշնորհներից, չկարողացանք օրենքի գերակայություն հաստատել, եւ ամենավատթարը` չկարողացանք կասեցնել այդ ամենի արդյունքում հիասթափված երիտասարդ ընտանիքների արտագաղթը… Ահա այսքանով հանդերձ, խնդրում ենք ձեզ` մե՛կ անգամ էլ հավատացեք, հավատացե՛ք, որ փոխվենք: Ո՞վ գիտի, գուցե այդ դեպքում կգտնվեին հավատացողներ:




Լրահոս