ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ԱՐԴԵՆ «ՊԱՀԵԼ» ԵՆ

Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ ինքը «կողմ» է քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, սակայն կարծում է, որ այսօր հասարակությանը ոչ պատշաճ ձեւով են տեղեկացնում համակարգի ներդրման գործընթացի մասին: Պատգամավորը նշեց, որ ինքն այդ հարցն արդեն ուղղել է Հայաստանի կառավարությանը եւ հավաստիացումներ ստացել, որ առաջիկայում այդ բացը լրացվելու է:

-Պարո՛ն Մարտիրոսյան, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կարծես թե սկսել է գործել՝ չնայած այն բանին, որ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշ հոդվածներ կասեցրել է: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս իրավիճակին:
-Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է կայացրել, այսինքն՝ մինչեւ վերջնական վճիռ կայացնելը, որը տեղի է ունենալու մարտ ամսին, երկու հոդված կասեցրել է: Հիմա քննարկումն այն մասին է, թե այդ երկու կասեցված հոդվածներն արդյոք պարտավորեցնում են գործատուներին փոխանցումները կատարել, թե ոչ: Կառավարությունը կարծում է, որ գործատուները ճիշտ են անում, որ փոխանցումները կատարում են, թեեւ ՍԴ որոշմամբ` չփոխանցելու դեպքում տույժեր, տուգանքներ չեն լինելու:
-Տեսակետ կա, որ ՍԴ-ն «ճարպկորեն» կարողացել է խույս տալ հստակ որոշումից ու խնդիրը բարդել գործատուների վրա:
-Ամեն դեպքում, գործատուն պարտավոր է եկամտահարկը եւ այլ պարտադիր վճարները, տվյալ դեպքում պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը, պահել աշխատողի աշխատավարձից կամ եթե ցանկանում է ավելացնել աշխատավարձը, ավելացվածից պահել ու փոխանցել պետբյուջե:
-Մեր տեղեկություններով՝ Դուք եւս դժգոհ եք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից ու անգամ այդ մասին բարձրաձայնել եք ՀՀԿ խմբակցությունում՝ չնայած նրան, որ Ձեզ արգելել են դրա մասին բարձրաձայնել: Իսկապե՞ս Դուք եւս դեմ եք համակարգին:
-Ես բարեփոխումից դժգոհ չեմ, սա ընդհանուր առմամբ լավ գաղափար է եւ կարեւոր է մեր երկրի համար: Ես «կողմ» եմ քվեարկել, բայց ես իմ վերապահումներն արել եմ ՀՀ կառավարությանը, որովհետեւ այս բարեփոխման հետ կապված PR-ը կատարվում է, մեղմ ասած, վատ, եթե չասեմ՝ շատ վատ: Ու ես այդ ամենի մասին բարձրաձայնել եմ ՀՀ կառավարությանը: Ու կարծեք թե կառավարությունը դրա հետ համաձայն է. պատճառաբանվում է, թե քանի որ բարեփոխումը նոր է, մենք նոր ենք մտնում իրականացման փուլ, կան որոշակի խնդիրներ, որոնք նախատեսված չեն եղել: Կառավարությունը խոստանում է, որ ակտիվացնելու է միջոցառումների ծրագիրը, տեղեկացվածությունը, մարդկանց իրազեկումը:
-Պարո՛ն Մարտիրոսյան, եթե Դուք նման մտահոգություններ եւ վերապահումներ ունեիք, ինչո՞ւ համակարգին «կողմ» քվեարկեցիք: Ի վերջո, այդքան քննադատություններ հնչեցին` կապված համակարգի անկատարության հետ, ԱԺ ընդդիմադիր ուժերը նշեցին, թե ինչ վտանգների առաջ ենք կանգնելու: Ինչո՞ւ ականջալուր չեղաք այդ ամենին:
-Ես բարեփոխմանն եմ կողմ, այս բարեփոխմանը կողմ եմ… բոլոր ռիսկերով հանդերձ, որովհետեւ բարեփոխումն ինքը երկարաժամկետ աշխատանք է պարունակում: Սրա արդյունքները մենք տեսնելու ենք ամենաշուտը 23 տարի հետո: Եթե, իհարկե, այդ ընթացքում կենսաթոշակային տարիքը չփոխվի, չբարձրացվի, չգիտեմ ինչ-որ այլ փոփոխություն տեղի չունենա: Երկարաժամկետ բարեփոխում է, բայց նմանատիպ բարեփոխումները միշտ էլ ռիսկային են, եւ դա ոչ միայն Հայաստանում է այդպես, այլ ամբողջ աշխարհում: Դա չի նշանակում, որ բարեփոխում պետք չէ անել կամ դա այսօրվա ներքաղաքական շահարկումների առիթ դարձնել ու դրանից դիվիդենտներ քաղել: Բայց որ կան խնդիրներ՝ բարեփոխումն իրականացնելու հետ կապված` իրազեկելու, տեղեկացնելու, որ մարդկանց դուր չի գալիս, որ իրենցից ավել գումար պետք է պահվի, այն էլ պարտադիր կարգով, դա հասկանալի է:
-Իսկ Ձեր աշխատավարձից արդեն կուտակային կենսաթոշակի համար գումար պահվե՞լ է:
-Արդեն պահվել է, իհարկե: Ես բարձրաձայնել եմ, որ խնդիր կա, ու կառավարությունը համաձայնել է՝ կապված իրազեկման հետ, ու նշվել է, որ արդեն աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ դա շուտով ակնհայտ կդառնա:

 

 

 

 
ԻՆՁ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ, ԵՍ ԷԼ ԱՍԵԼ ԵՄ` ԱՅՈ

Նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարական տալու մասին դիմում է ներկայացրել: Ըստ ԲՀԿ-ականների՝ Գ. Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ որոշել է հրաժարվել հանձնաժողովի տեղակալի պաշտոնից: Նշենք, որ ինքը` Գ. Գրիգորյանը, խորհրդարան չի գալիս, ուստի հնարավոր չեղավ տեղեկությունը ճշտել անձամբ նրանից:
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները միաբերան պնդում էին, թե Գ. Գրիգորյանի հրաժարականը կապված է նրա առողջական խնդիրների հետ: Նրանք նշում էին, որ իրենք անձամբ դեռեւս չեն խոսել Գ. Գրիգորյանի հետ, բայց տեղեկություններ ունեն, որ նրա որոշումն անձնական խնդիրների պատճառով է: Այս առթիվ փորձեցինք մի քանի հարց ուղղել ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին (Հայկոոպի Աբո), որն էլ Գ. Գրիգորյանին փոխարինելու է հանձնաժողովում:
-Պարո՛ն Մանուկյան, որոշվել է, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Դուք եք փոխարինելու Գրիգոր Գրիգորյանին: Տեղյա՞կ եք, թե ինչու է Ձեր գործընկերը հրաժարականի դիմում ներկայացրել:
-Ոչ մի բան էլ չի եղել, ուղղակի նման որոշում է կայացվել:
-Իսկ ինչո՞ւ են հենց Ձեզ նշանակել այդ պաշտոնում:
-Ֆրակցիան է նման որոշում կայացրել, ես ոչ մի բան չեմ կարող ասել, ես որեւէ տեղեկություն չունեմ:
-Այս հարցի շուրջ Դուք ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ խոսակցություն ունեցե՞լ եք:
-Քննարկում է եղել, առաջարկել են ինձ, ես էլ համաձայնել եմ: Ես ասել եմ՝ այո՛, պատրաստ եմ այդ հանձնաժողովում աշխատել: Ուրիշ ոչ մի բան չի եղել:
-Տեղեկություններ կան, որ Դուք եք պարոն Ծառուկյանից պահանջել, որպեսզի Ձեզ պաշտոն տա` հայտարարելով, թե ԱԺ ընտրությունների ժամանակ Դուք շատ ձայներ եք «բերել» կուսակցությանը: Իրականում նման բան կա՞:
-Ի՞նչ կապ ունի դա, չէ՛, նման բան չի եղել: Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Գ. Գրիգորյանն իր դիմումի մեջ էլ է գրել, որ ինքն առողջական խնդիրներ ունի: Այսքան բան, այլ բան չկա:
-Իսկ Գ. Գրիգորյանի հետ խոսե՞լ եք իր որոշման մասին:
-Չէ՛, չեմ խոսել: Տեղեկություն չունեմ:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԼԱՐՎԵԼ ԵՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խիստ լարվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀԿ-ական, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները: Սա հատկապես այն բանից հետո, երբ Դ. Հարությունյանը հրապարակավ մի քանի անգամ քննադատական ակնարկներ է արել վարչապետի ու կառավարության հասցեին: Ու պատահական չէր, որ երեկ ԱԺ-ն սկսեց քննարկել խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչների ներկայացրած «Դատախազության մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, եւ ամբիոնից նախագիծը ներկայացրեց ոչ թե հիմնական հեղինակ Դ. Հարությունյանը, այլ համահեղինակներից Հովհաննես Սահակյանը:
Բանն այն է, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին, եւ որպեսզի Դ. Հարությունյանն ամբիոնից չքննադատի կառավարությանը, ՀՀԿ-ում որոշվել է հարցի զեկուցող ընտրել Հ. Սահակյանին: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սահակյանը հերքեց այդ լուրերը` պարզաբանելով, թե Դ. Հարությունյանն այդ նույն ժամանակ մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին:

 

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

ՀՀԿ-ն իր անհեթեթ ու անտրամաբանական քայլերով չի զլանում ապշեցնել հասարակությանը՝ տպավորություն ստեղծելով, որ ոչ թե քաղաքական ուժ է, այլ մսուր-մանկապարտեզի խմբակ: Հիշո՞ւմ եք՝ նախօրեին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց ու մերժեց ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների` ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011թ.-ից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Սակայն դրանից մեկ օր անց` երեկ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, եւ մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար` ժամանակավոր, ստեղծելու ենք եւ բոլոր հարցերը քննարկելու ենք անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերն ակտիվ մասնակցություն ունենան»: Այսպիսով՝ Հ. Աբրահամյանն ի ցույց դրեց ԱԺ-ի թշվառությունը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, զարմանք հայտնեց ՀՀԿ-ի կողմից նման ամբիցիաներ դրսեւորելու կապակցությամբ: «Անկեղծ ասած` որեւէ կերպ չեմ կարող հասկանալ, եթե պիտի ստեղծեին այդ հանձնաժողովը, ո՞րն էր մեր առաջարկը մերժելու նպատակը»,-տարակուսեց նա` հավելելով, որ այս ոլորտում կան խնդիրներ, բաց հարցեր, եւ ՀՀԿ-ի քայլը գալիս է ապացուցելու` խնդիրը, միեւնույն է, լուծման կարիք ունի: «Եթե նրանք բարձրացնեն մեր կողմից նախանշված հարցերը, ապա որեւէ խնդիր չկա, մենք կհամաձայնենք ու կմասնակցենք այդ հանձնաժողովի աշխատանքներին»,-ասաց Է. Վարդանյանը:




Լրահոս