ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԽԱԲՎԱԾ ԵՆ ԶԳՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի փետրվարի 3-ի նիստի ընթացքում խորհրդարանը քննարկեց եւ հաջորդ օրը` փետրվարի 4-ին, ընդունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի եւ Կարինե Պողոսյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւ նախագահի առաջարկությամբ եւ առարկությամբ ԱԺ վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագծերի փաթեթը:
Հիշեցնենք` այս օրինագծի համաձայն՝ առաջիկայում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակը կարող է հասնել 450-500 հազար դրամի: Այս մասին ԱԺ-ում հայտարարել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ չարձագանքեց:
Ո՞ՐՆ Է ԽՆԴԻՐԸ
Ինչո՞ւ ՍԴ դատավորները կարողացան ապահով ծերություն ունենալ, իսկ ՀՀ-ում գործունեություն ծավալող 230 դատավորներ պետք է մնան 160.000 դրամ կենսաթոշակի հույսին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, երբ այս օրինագիծը մշակվել ու ներկայացվել է ԱԺ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանի մոտ բավականին լուրջ լոբբիստական աշխատանք է իրականացրել՝ բացատրելով, թե հիմնական դատավորների կենսաթոշակը բարձրացնելու կարիք չկա, քանի որ նրանք մեծամասամբ ապահովված մարդիկ են եւ ունեն լրացուցիչ եկամուտներ, մինչդեռ ՍԴ դատավորներն ապրում են չոր թոշակով, ուստի անհրաժեշտ է հենց նրանց թոշակը բարձրացնել:
Ու քանի որ Ս. Սարգսյանի մոտ Գ. Հարությունյանի խոսքն ընդունելի է, հետեւաբար զարմանալի չէր, որ պետք է ընդառաջեր նրա խնդրանքին: Իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ դատական համակարգի որեւէ ներկայացուցիչ այդպես էլ չկարողացան բարձրացնել դատավորների ապահով ծերության հարցը: Արդյունքում՝ «անտեր մնացած» դատավորները ստիպված են բավարարվել եղածով:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանից հետաքրքրվել՝ արդյոք իրենք գոհ են, որ ՍԴ դատավորների թոշակները բարձրացվեցին: Պապիկյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցին:
ԱՐՄԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ ՏԵՂՈ՞ՒՄ ՉԷ
Իսկ ինչո՞ւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը պասիվություն ցուցաբերեց եւ չկարողացավ պաշտպանել «իր դատավորների թասիբը»: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն ասաց. «Դատավորների իրավունքները եւ սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ անկախության երաշխիքը պաշտպանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Օրենքով նախատեսված պաշտպանությունից բացի՝ որեւէ մեկն իրավասու չէ կատարել այլ գործողություններ»: Փաստորեն, ամենազոր Արման Մկրտումյանն իրականում անզոր է դատավորների իրավունքը պաշտպանել կամ նրանց խնդիրներն ու դժգոհությունները բարձրաձայնել: Չէ՞ որ խոսքը հենց օրենքը փոխելու մասին էր:
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀՈՒՅՍԻՆ
Զրուցեցինք նաեւ գործող դատավորներից մի քանիսի հետ՝ հասկանալու, թե նրանք ինչ են մտածում իրենց ապագայի մասին: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանը, որը շուտով պետք է թոշակի գնա, իրեն խաբված է զգում. «Ես շատ դժգոհ եմ ու շատ վիրավորված, ինչո՞ւ մեզ խաբեցին: Նախկինում մենք մեր ունեցած կարգի, տարիների ստաժի համար նախատեսված գումար էինք ստանում, դա հանեցին: Փոխարենը խոստացան աշխատավարձը բարձրացնել եւ 75 տոկոսով էլ՝ թոշակը: Ու հիմա եկել է թոշակս ստանալու ժամանակը, գնալով այն իջեցնում են: Դատավորներին փող չեն տալիս: Անգամ թոշակի գնալուց հետո մենք իրավունք չունենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. ասում են՝ թոշակը կկտրեն: Լավագույն դեպքում պետք է փաստաբանություն անենք: Այսինքն՝ ուղարկում են մեռնելո՞ւ: Սենց բա՞ն կլինի»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանն էլ էր մտահոգ. «Յուրաքանչյուր մարդ, որ տարիների վաստակ ունի, բնական է, որ ուզում է հանգիստ ապրել: Դատարանների նախագահների խորհուրդն այդ հարցով զբաղվում է, իսկ թե ինչ կլինի, դեռ չեմ կարող ասել: Բայց դրանից հետո երեւի մեր կամքը կարտահայտվի»:
Վերջում նշենք, որ խնդրի առնչությամբ բավականին դիպուկ էր արտահայտվել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով գաղտնիքը, թե ինչպես ստացվեց, որ ՍԴ դատավորները կարողացան ապահով ծերություն ունենալ, իսկ «հասարակ» դատավորները՝ ոչ. «Ես ընդհանրապես իմ ընդդիմադիր գործընկերներին ասում եմ, որ ՍԴ դիմելով՝ մենք նպաստում ենք ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ընտանիքի անդամների կարիերայի, ՍԴ անդամների ֆինանսատնտեսական վիճակի բարելավմանը: ՍԴ ենք դիմել՝ կուտակային կենսաթոշակների հետ կապված, եւ կառավարությունը հիմա փորձում է ՍԴ անդամներին ապահով ծերություն ապահովել»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք քրեակատարողական հիմնարկներում լուրջ անցուդարձ է: ՔԿՀ-ները դատապարտյալների փոխանակման գործընթաց են սկսել: Խոսքը 10 կամ 15 դատապարտյալի տեղափոխման մասին չէ, այլ 100-ավորների: Այս օրերին «Սեւան» ՔԿՀ-ից մի խումբ դատապարտյալներ են տեղափոխվում «Կոշ» ՔԿՀ, ու չի բացառվում, որ անգամ «Կոշ»-ի դատապարտյալներին պարտադրեն փոխել իրենց կալանավայրը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց դատապարտյալների տեղաշարժի մասին լուրը:
ՏԵՂՅԱԿ ՉԷՐ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանն արձակուրդից նոր է վերադարձել եւ տեղակ չէ, թե ինչու է իր ղեկավարած ՔԿՀ-ի կալանավորն ինքնասպան եղել: Նշենք, որ փետրվարի 2-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ՔԿՀ-ի կալանավոր 32-ամյա Համբարձում Ղուկեյանը: Հարցին, թե ինչու են «Նուբարաշեն»-ի դատապարտյալները հաճախ իրենց բերանը կարում կամ փորձում իրենց կյանքին վերջ տալ, արդյոք պայմաններն այդքան վատն են, Գ. Սարգսյանը պատասխանեց. «Նման քայլի են գնում՝ իրենց քրեական գործի հետ կապված»: Ավելին, ըստ նրա՝ իրենք միշտ էլ դատապարտյալների հետ զրուցում են նրանց խնդիրների մասին. «Չէ՞ որ իրենք էլ են մարդ, մենք էլ ենք մարդ»: Իսկ թե ինչն է եղել կալանավորի ինքնասպան լինելու պատճառը, ցույց կտա նախաքննությունը:
Հավելենք, որ ըստ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի՝ մահացած կալանավորը դատապարտվել է երկու անգամ՝ 2000թ. ապօրինի զենք-զինամթերք պահելու, երկրորդ անգամ` բռնաբարության համար:
ԶԱՏԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այս տարի մինչեւ փետրվարի 5-ը Հայաստան է ներկրվել 986 հազար 400 հատ հավկիթ: Այն ներկրվել է Ուկրաինայից եւ Բուլղարիայից: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ այս պահի դրությամբ քիչ քանակությամբ հավկիթ է ներկրվում: «Մենք օրական ձվի մեծ քանակով ավելցուկ ունենք, եւ այս մի ամսվա մեջ 4 մլն տեղական հավկիթ է պահեստավորվում, որպեսզի Սուրբ Զատկի ժամանակ ձվի դեֆիցիտի խնդիր չունենանք: Այսօր արտադրվածն ավելի շատ է, քան պահանջարկը: Բացի այս՝ նշեմ նաեւ, որ ներկրվածը մեր արտադրած հավկիթի 2 տոկոսն է կազմում»,-տեղեկացրեց գյուղնախարարը՝ ընդգծելով, որ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ձուն չի թանկանա:
ԲԼԹ
«Պետք է ավելի արդյունավետ գործել, որպեսզի մեզ հավատան»:
Հեղինե Բիշարյան aravot.am
Այսպիսով՝ կարելի է շնորհակալություն հայտնել Հեղինե Բիշարյանին՝ սահմանվածից առավել անկեղծ լինելու համար: Իսկապես, նա ՕԵԿ միակ ներկայացուցիչն է, որ խոսում է շիտակ՝ ճշմարտության աչքերին նայելով: Նա շատ լավ գիտի, որ ժողովուրդն ՕԵԿ-ի նկատմամբ հավատը կորցրեց դեռ 2008-ին, երբ Արթուր Բադասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի բառերով ասած, ախքացավ: Սակայն ՕԵԿ փոխնախագահը չի խորշում բարձրաձայնել այդ մասին: Ավելին, դեղատոմսեր է առաջարկում: Ի վերջո, նա հավատավոր ՕԵԿ-ական է եւ յուրաքանչյուր կուսակցական դժբախտություն խիստ ծանր է տանում:
«Մենք եղել ենք բարեփոխումների կողմնակից, հենց, օրինակ, կուտակային կենսաթոշակային նոր օրենքը, կարծում ենք, բարեփոխում է… մեր պատկերացմամբ ապահովելու են բարեկեցիկ ծերություն»:
Իշխան Խաչատրյան news.am
ՕԵԿ-ը հավանաբար գիտակցում է, որ իր զրոյացած վարկանիշը արդեն դեպի «մինուս» է գնում, եւ ստիպված սկսում է օգտագործել իր ռեզերվները՝ դաշտ հանելով «պահեստայիններին»: ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը, որ հազվադեպ է հարցազրույց տալիս, եւ նույնիսկ նրա գոյության մասին մոռացել էինք, հանկարծ որոշեց խոսել՝ ընդ որում հնացած մտքեր արտահայտելով: Իհարկե, չենք կարող չգնահատել նաեւ պատգամավորի հումորի զգացումը, եւ ընդհանրապես հումոր է նաեւ այն, որ Ի. Խաչատրյանն ԱԺ պատգամավոր է, մանդատ ունի ու մի բան էլ խոսում է բարեփոխումների մասին:
«Ավելի վատ լինել դժվար է պատկերացնել, եւ դրա համար այս պայքարը պետք է հետեւողական լինի եւ պսակվի հաջողությամբ, բայց սրանով չպետք է ավարտվի»:
Րաֆֆի Հովհաննիսյան 1in.am
Իսկ ինչո՞վ պետք է ավարտվի պայքարը, ի՞նչ ավարտ է առաջարկում «Ժառանգության» առաջնորդը, եւ ի՞նչ հետեւողականության մասին է խոսքը: Տրամաբանական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նկատի ունենա սեփական փորձը, այսինքն՝ պայքարի ընթացքը պետք է գնա հետեւողականորեն «բադասխան» ուզելով, իսկ ավարտը պետք է լինի ՀՀ ոստիկանապետի հետ համատեղ աղոթքը, ինչն էլ երեւի հենց հաջողությամբ պսակվելն է: Ի դեպ, հայտնի աղոթքից հետո ո՞ւր էր Ր. Հովհաննիսյանը մինչ օրս, ինչո՞ւ այլեւս «բադասխան» չէր ուզում: Գուցե չի՞ կողմնորոշվում, թե ումից եւ ինչի համար ուզի:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ