ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԵՂՔԵՐԸ ՓԱԿԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

2008թ. նոյեմբերի 16-ին Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան դիվանագիտական հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի եւ նրա խորհրդական Վիգեն Սարգսյանի հետ: Այս մասին «Վիկիլիքս»-ի հրապարակած փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Պետդեպին ուղարկված զեկուցագրում ամփոփված են կողմերի տեսակետները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր հետեւանքների, քաղաքական բանտարկյալների ազատ արձակման եւ իշխանության` հանրային վստահության մակարդակի մասին:

Նախ եւ առաջ քննարկելով ճգնաժամի խնդիրը՝ Սերժ Սրագսյանը կանխատեսել է «բավականին խիստ դրություն հատկապես 2009թ. առաջին քառորդի համար» եւ խնդրել ԱՄՆ աջակցությունը, որպեսզի Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին վարկի տեսքով օգնություն հատկացնի: Սարգսյանը նկատել է, որ միջազգային ֆինանսական օգնությունները մեծ նշանակություն կունենան Հայաստանի համար: Նա հայտնել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը բավականին հեռու է համաշխարհային ֆինանսական փոթորկի նախնական ազդեցության ոլորտից, բայց եւ այնպես անխուսափելի հետեւանքները՝ անկում ապրող արտահանումը, ինչպես նաեւ նվազող տրանսֆերտները (Ռուսաստանից՝ մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար), կարող են լուրջ ճեղք առաջացնել աշխատանքի ու արդյունաբերության բնագավառներում: «Հայաստանը մեծապես կարիք է զգում ԱՄՀ-ի օգնության, քան երբեւէ»,-եզրափակել է Ս. Սարգսյանը:
Հետաքրքիր է, որ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը հրաժարվել էր երաշխավորել Հայաստանի համար նոր պարտքի հատկացումը, քանի դեռ մեր երկրի տնտեսական ցուցիչներն անկում չեն ապրել: Այդ համատեքստում Սարգսյանը վստահեցրել է, որ մինչ նշված անկումային ցուցանիշներն արձանագրվեն, վարկի հատկացումը կարող է արդեն ուշացած լինել: Փաստորեն, սեփական քաղաքացիներին կոչ անելով մոռանալ ճգնաժամի մասին՝ Սարգսյանների կառավարությունը միջազգային կազմակերպությունների առաջ միջնորդության եւ օգնության խնդրանքներով է հանդես եկել:
Ամերիկացիների հետ զրույցում Սերժ Սարգսյանը չի մոռացել հիշատակել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի (ՀՄ) նշանակությունը: Նրա խորհրդական Վիգեն Սարգսյանը հավելել է, որ ՀՄ-ի վերջին ամփոփագրում Հայաստանը բարձր գնահատականի է արժանացել, այդ իսկ պատճառով իրենք հույս ունեն, որ այդ հատկացումները շարունակվելու են: Նույն պահին դեսպան Յովանովիչը հակադարձել է, թե տվյալ ամփոփագիրն այնքան էլ դրական բովանդակություն չի ունեցել, եւ դրա հիմնական նպատակն է եղել քաջալերել կառավարությանը, որ բարելավի իր աշխատանքային որակները, հատկապես «արդար կառավարելու» առումով: Ի պատասխան` Ս. Սարգսյանը սկսել է արդարանալ, թե բարեփոխումները չեն կարող արագ տեղի ունենալ, եւ ոչ մի հնարավորություն չկա քաղաքական համակարգի ճեղքերը շուտափույթ փակելու համար: Նա հիշատակել է 1990-ականները եւ նշել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր ընտրվել 81 տոկոս վստահությամբ, բայց երբ փորձեց ռեֆորմներն արագ իրականացնել, մարդիկ գրավեցին փողոցները, եւ նույնիսկ այդպիսի հզոր մանդատը չկարողացավ պահպանել քաղաքական համակարգը սոցիալական ճնշումներից: «Այս պատճառով մենք պետք է մեր խնդիրները լուծենք դանդաղորեն»,-եզրափակել է Սարգսյանը:
Հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանն ինչ կապ է տեսնում նոր ձեւավորվող, փլուզված տնտեսությամբ, պատերազմի մեջ գտնվող եւ երկնիշ տնտեսական աճ գրանցած 2008թ. Հայաստանների միջեւ: Հավանաբար նրա համար համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը համահավասար է եղել հսկայական ՍՍՀՄ փլուզմանը, մարտի 1-ի ոճրագործությունն էլ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին:
Անդրադառնալով քաղաքական բանտարկյալների խնդրին՝ Սարգսյանը հրաժարվել է ընդունել, որ այն իրական է, ավելին, պնդել է, որ հարցի կարգավորման բանալին գտնվում է դատական համակարգի իրավասության ներքո: Ամերիկացիներին, սակայն, նմանօրինակ աղիողորմ բացատրություններն ակնհայտորեն չեն բավարարել, քանզի Բրայզան միանգամից բարձրացրել է քաղաքական բանտարկյալների խնդիրը՝ շեշտելով, որ որոշ գործեր հարուցում են «մասնակի արդարության» մտահոգություններ: Ս. Սարգսյանն արձագանքել է, թե դատական համակարգը պետք է ինքնուրույն աշխատի՝ «այս մարդիկ փորձել են փոխել կառավարությունը ուժով, ու անհնար է խուսափել արդարադատությունից եւ ուղղակի ազատել նրանց»: Դեսպանը, սակայն պնդել է, որ դատաքննությունները կարող են տարիներով շարունակվել եւ վնասել Հայաստանի քաղաքական զարգացմանն ու միջազգային հեղինակությանը: Յովանովիչը հետաքրքրվել է, թե արդյոք գոյություն չունի այնպիսի մի քաղաքական միջոց, ինչպես, օրինակ, համաներումը, որի միջոցով վերջ դրվի այդ խնդրին: Փաստաթղթի հեղինակի համոզմամբ՝ Ս. Սարգսյանն այդ պահին ակնհայտորեն բարկացել է եւ բացառել համաներման հնարավորությունը: Փոխարենը խոստացել է, որ եթե Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը որոշում կայացնի ընդդեմ ՀՀ կառավարության, իրենք «պատրաստ են հարգելու այդ վճիռը»: Փաստորեն, Ս. Սարգսյանն այդպիսով արձանագրել է, որ իր համար միեւնույն է. թող անարդար վճիռների արդյունքում վնասներ կրի Հայաստանի պետական բյուջեն, միայն թե իշխանությունները մինչեւ վերջ փորձեն ահաբեկել ժողովրդին եւ ապահովագրել:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ 90-ԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ

Վանաձորի Լճեր, Լագեր, Բանգլադեշ, Խնձորուտ, Դիմաց, Բազում, Բանակի ու Վանաձոր թաղամասերում արդեն քանի օր է՝ դադարեցվել է գազամատակարարումը: Ձմռան այս ցրտաշունչ օրերին բնակիչները, գազից զատ, զրկվել են նաեւ հոսանքից: Ստեղծված իրավիճակը վանաձորցիներին 90-ականների ցուրտ ու մութ տարիներն է հիշեցնում: Պատկերն ամբողջանում է այս օրերին որոշ խանութներում զգացվող հացի պակասից, քանի որ մի շարք հացի արտադրամասերում ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Նարեկացու 65 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքի գազամատակարարումը: Վնասվել էր քաղաքը սնուցող հիմնական գազատարը, որը շահագործվում է դեռ 60-ականներից: Պայթյունի հետեւանքով գազազրկված թաղամասերի մանկապարտեզները, դպրոցները եւ նույնիսկ մարզկենտրոնի գլխավոր հիվանդանոցը չեն ջեռուցվում: Հիմնարկ-ձեռնարկությունները մատնվել են պարապուրդի, իսկ բնակիչները խուճապի մեջ են՝ գազազրկումը քիչ էր, նշված թաղամասերը նաեւ հոսանքազրկվել են: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղում պարզաբանում են, որ գազազրկման հետեւանքով մեծացել է էլեկտրաէներգիայի շահագործումը, ինչի պատճառով էլ ավելացել է քաղաքի էլեկտրասնուցումը ապահովող մալուխային գծերի ծանրաբեռնվածությունը: Արդյունքում` շարքից դուրս են գալիս էլեկտրասնուցումը ապահովող մալուխային գծերը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազամատակարարման, գազաֆիկացման մասնաճյուղի շահագործատեխնիկական բաժնի պետ Աշոտ Ամիրյանը փաստում է, որ թեեւ դեպքի օրը վթարավերականգնողական աշխատանքները շարունակվել են մինչեւ ուշ երեկո, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել դրանք լիովին ավարտին հասցնել. «Իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում նմանատիպ վթարի դեռ չեմ հանդիպել, եղանակային պայմաններն էլ իրենց բացասական ազդեցությունն են թողնում վթարավերականգնողական աշխատանքների վրա, մեխանիզմը դժվարությամբ է աշխատում, բայց անում ենք ամեն ինչ՝ վերականգնելու համար գազամատակարարումը»: Այժմ մոնտաժվում է մոտ 160 մետր երկարության գազատար խողովակ, որը թույլ կտա վերականգնել քաղաքի գազամատակարարման 40 տոկոսը: «Գազամատակարարումը մենք կվերականգնենք, բայց ժամանակավոր տարբերակով: Հիմնական սխեմայով կվերականգնենք այն ժամանակ, երբ եղանակային պայմանները թույլ կտան»,-ասում է Աշոտ Ամիրյանը: Մասնագետներն աշխատում են, որպեսզի քաղաքի գազամատակարարումը վերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ պայթյունի պատճառը պարզ կլինի միայն փորձաքննության ավարտից հետո:
Երեկվա դրությամբ գազազրկված թաղամասերում արդեն վերականգնվել էր էլեկտրամատակարարումը, սակայն չի բացառվում, որ համակարգը չդիմանա ծանրաբեռնվածությանն ու դարձյալ անջատվի: Այդ պատճառով «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վիտալի Ամբուլյանը ազգաբնակչությունից խնդրում է էլեկտրաէներգիայից օգտվել խնայողաբար:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 

 

 

 
ՎԱՏ ԷԻՆ ԶԳՈՒՄ

Փետրվարի 6-ին կայացավ զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Հարցաքննվեցին բազմաթիվ վկաներ: Նախորդ նիստերի նման բացակայում էր զինծառայող Դավիթ Խաչատրյանի արձակած մենահատ կրակոցից ծանր վիրավորված Հրաչյա Սարգսյանը:
Քրգործով մեղադրող, Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատար Արթուր Զաքարյանը դատավոր Զոյա Զաքինյանին ասաց, որ հաջորդ դատական նիստին պետք է ապահովել նաեւ Հ. Սարգսյանի մասնակցությունը: Նա նաեւ նկատեց, որ ժամկետային ծառայությունն արդեն ավարտած, դատակոչված 8 վկաներից միայն մեկն է ներկայացել, ուստի դատարանը պետք է նրանց հաջորդ դատական նիստին բերման ենթարկելու որոշում կայացնի:
Նշենք, որ դատական նիստին մասնակցում էին Լյուքս Ստեփանյանի բազմաթիվ համագյուղացիներ ու հարազատներ: Դահլիճը լեփ-լեցուն էր, ոմանք այդպես էլ չկարողացան դատարանի դահլիճ մտնել:
Վկա զինծառայողները ցուցմունք տալիս վատ էին զգում` վերհիշելով դեպքի մանրամասները: Որոշ դեպքերում, դատարանում տված ցուցմունքներից զատ, ընթերցվեցին վկաների նախաքննական ցուցմունքներից հատվածներ: Ժամկետային զինծառայող, Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ Վահան Դավթյանը դատարանում հուզմունքից անընդհատ բերանով ծամելու շարժում էր անում: Մեղադրող Ա. Զաքարյանը նրան հարցրեց, թե բերանում ինչ-որ բան կա: Վկան բացասական պատասխանեց: Նա ասաց, որ Լյուքս Ստեփանյանը եւ Դավիթ Խաչատրյանն իր ընկերներն են եղել, եւ ինքը խորը ցավով է ընդունել դեպքը: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Վարդանյանը եւս շփոթված էր: Ցուցմունք տալուց հետո, երբ դատավորը հայտարարեց, որ նա կարող է գնալ, վկա Վարդանյանն ամբիոնի մոտից չէր հեռանում: Մեղադրող Ա. Զաքարյանը միջամտեց՝ ասելով. «Զինվո՛ր, ազատ ես»: Վկաները դատարանում ցուցմունքներ տվեցին այն մասին, որ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի եւ Լյուքս Ստեփանյանի հարաբերությունները մինչ չարաբաստիկ այդ դեպքը նորմալ են եղել:
Դատական նիստի ընթացքում վեճ ծագեց մի կողմից Լյուքս Ստեփանյանի հոր` Իշխան Ստեփանյանի, հորեղբոր` Մուրադ Մուրադյանի, մոր` Լուիզա Ստեփանյանի եւ մյուս կողմից` ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի միջեւ: Դատավոր Զոյա Զաքինյանը դահլիճում խոսելու համար դատարանից դուրս հրավիրեց Մ. Մուրադյանին: Ընդմիջումից հետո մեղադրող Ա. Զաքարյանն ասաց, որ ինքը խոսել է Մ. Մուրադյանի հետ եւ վստահեցրեց, որ նա այսուհետ դատարանում իրեն հանգիստ կպահի: Վերջինս մասնակցեց նիստին: Պաշտպան Երեմ Սարգսյանը դատավորից 10 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջման ժամանակ էլ Լուիզա Ստեփանյանը չէր հանդարտվում, հուզումնալից տոնով զրույցի էր բռնվել Երեմ Սարգսյանի հետ: Լուիզա Ստեփանյանն ասաց. «Զինվորի անմեղ արյուն է թափվել» եւ պաշտպանին հորդորեց մի քիչ պասիվ լինել, ինչին վերջինս հակադարձեց` նշելով, որ իր աշխատանքն օբյեկտիվ է կատարում:
Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 12-ին:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս