«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄԱՇԿՈՒՄ, ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ»
Երեկ կայացավ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության «Իրավունքի նվաճման երթ»-ը` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման: Երթի մասնակիցները բողոքի ակցիա անցկացրին նախ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, ապա շարժվեցին դեպի ֆինանսների նախարարություն, կառավարության կենտրոնական մասնաշենք, Կենտրոնական բանկ, ՀՀ պետական եկամուտների կոմիտե եւ, ի վերջո, Երեւանի քաղաքապետարան:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչը, կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը եւ պետական հիմնարկներում աշխատող քաղաքացիներին չստիպել, որ իրենց աշխատավարձից հատկացումներ անեն պարտադիր կուտակային ֆոնդերին: Ի դեպ, ակցիային ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երթն ուղեկցվում էր սուլոցներով եւ «կա-սե-ցում», «դեմ եմ, դեմ եմ», «ա-մոթ», «դեմ ենք», «հաղ-թա-նակ», «մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով:
ՀՀ ՊԵԿ գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ իրադրությունը լարվեց: Երթի մասնակիցները սկսեցին թռուցիկներ փակցնել ՊԵԿ շենքի դռան վրա, որի ժամանակ նրանց մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ փորձեց երիտասարդներին հրելով հեռացնել դռան մոտից: Ապա արդեն փողոցում ոստիկաններն ակցիայի մի քանի մասնակիցների օղակած փորձեցին հեռացնել ՊԵԿ շենքի մոտից: Արդյունքում` ոստիկանների ու ցուցարարների միջեւ հրմշտոց առաջացավ:
Նշենք, որ ակցիային միացել էին նաեւ տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք պարզել են, որ, չնայած ՍԴ որոշմանը, գործատուները, առանց իրենց կարծիքը հարցնելու, արդեն պահումներ են կատարել իրենց աշխատավարձերից:
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի ատոմակայանի 38-ամյա աշխատակից Արմեն Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ընկերության տնօրինությունը չի կարող իրենց արգելել կամ ճնշում գործադրել ակցիային մասնակցելու համար. «Սա մեր իրավունքն է: Իմ աշխատավարձից պետք է 40 հազար դրամ պահվի: Դեռ չի պահվել, բայց մեզ ներկայացրել են, որ ՊԵԿ-ը հաշվետվությունն առանց 5 տոկոսի չի ընդունում: Իսկ այդ 40 հազար դրամն իմ ընտանիքի համար մեծ նշանակություն ունի, ես երկու երեխա ունեմ, պատրաստվում եմ երրորդն ունենալ, բայց ունեմ բնակարանի խնդիր: Տրամադրվել էի հիփոթեքային վարկից օգտվել, սակայն այս պայմաններում չեմ կարող այդ քայլին գնալ»:
Իսկ 39-ամյա Արա Գեւորգյանը դեռ չի ամուսնանում, քանի որ չի կարող ընտանիք կազմել. «Ընտանիք կազմելն այս պայմաններում բարդ է: Հիվանդ մայր եմ պահում, քույրս չի աշխատում: Այսինքն՝ ընտանիքի անդամների ծախսերն ամբողջությամբ ես եմ հոգում: Հազար դրամն էլ մեծ նշանակություն ունի մեզ համար: Հավատ չունենք այս իշխանությունների հանդեպ, չենք վստահում նրանց: Ժողովրդին մաշկում են, գրպանահատում»:
Ընդ որում, ակցիայի մասնակիցները, այդ թվում եւ` ատոմակայանի աշխատակիցները, մտավախություն ունեն, որ իրենց ընդդիմադիր կեցվածքը հետագայում կարող է ազդեցություն ունենալ իրենց աշխատանքի վրա:
Ակցիայի ավարտին նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենց հաջորդ երթը տեղի է ունենալու Վանաձորում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱՏԱՄԻ ՄԱԾՈՒԿԻՑ
Երեկ Սոչիում մեկնարկեցին օլիմպիական խաղերի որակավորման առաջին մրցումները: Օլիմպիադայի բացման արարողությունը կկայանա այսօր։ Իսկ մինչ այդ ամերիկյան հատուկ ծառայությունները Սոչիի օլիմպիադայի նախօրեին դեպի Ռուսաստան չվերթեր իրականացնող ավիաընկերություններին զգուշացրել են ատամի մածուկի տեղափոխման վտանգի մասին։
ԱՄՆ-ի անվտանգության նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ նախազգուշացումը վերաբերում է ամերիկյան եւ միջազգային ավիափոխադրողներին։ Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալների՝ ուղեւորների ձեռքի պայուսակներում եւ բեռներում գտնվող ատամի մածուկները կարող են պարունակել այնպիսի նյութեր, որոնց օգնությամբ պայթուցիկը հնարավոր կլինի պատրաստել անմիջապես ինքնաթիռում։ Ընդ որում, նախարարությանը հայտնի չէ, թե արդյոք վտանգ սպառնում է ամերիկացիներին։ Գերատեսչության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք «պարբերաբար կիսվում են տեղեկություններով ներքին եւ արտաքին գործընկերների հետ, այդ թվում նաեւ նրանց հետ, ովքեր կապ ունեն միջազգային իրադարձությունների հետ, ինչպես, օրինակ, Սոչիի օլիմպիադան է»։
«ԱՐԱՐԱՏ»-Ը ՀԱՂԹԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի 2013-2014թթ. առաջնության միանձնյա առաջատար Երեւանի «Արարատ»-ը «Albena Cup» մրցաշարի մեկնարկային խաղում կարողացավ նվազագույն հաշվով հաղթել Վառնայի «Սպարտակ»-ին: Հանդիպման 80-րդ րոպեին «Արարատ»-ի միակ ու հաղթական գոլի հեղինակը դարձավ Արսեն Բալաբեկյանը: Այսօր՝ փետրվարի 7-ին, «Արարատ»-ը կխաղա բուլղարական «Ռակովսկի»-ի, երկու օր անց՝ բուլղարական մեկ այլ թիմի՝ «Կալիակրա»-ի հետ։
ՄՏԱԴԻՐ Է
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը դիմել է Խորվաթիայի իշխանություններին՝ այդ երկրի քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Վերջին տարիներին ավելի շատ քաղաքական ու հասարակական գործունեությամբ աչքի ընկնող գրոսմայստերը ներկայումս սպասում է պատասխանի:
Հիշեցնենք, որ մոլորակի երբեմնի հզորագույն շախմատիստը մտադիր է իր թեկնածությունը ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում առաջադրել հենց Խորվաթիայի կողմից: Շախմատի համաշխարհային ղեկավար կառույցի նախագահի ընտրությունները նախանշված են այս տարվա օգոստոսին, Կասպարովն էլ լուրջ տարաձայնություններ ունի ՖԻԴԵ-ի ներկայիս ղեկավար Կիրսան Իլումժինովի հետ:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ