ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում
Հարակից տարածքի սեփականատերերի կամ անփույթ բնակիչների փնթիությունը դրսեւորվել է նաեւ հենց փողոցում: Ահա թե ինչպես են կոտրված ապակու բեկորները տարածվել` առաջացնելով անցորդների դժգոհությունը: Դե իհարկե, երեւանաբնակներն էլ դժգոհում էին առաջին հերթին քաղաքային իշխանություններից:
ՀԱՐՑ. Վերջին շրջանում հաճախ է պատահում, որ շատ երիտասարդներ ծառայությունից խուսափելու համար «փախուստի» են դիմում եւ հեռանում ՀՀ-ից: Հետաքրքիր է, ընդհանրապես արձանագրվե՞լ են այնպիսի դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիները վերադարձել են արտերկրից՝ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայություն անցնելու նպատակով:Քանի՞ դեպք է արձանագրվել:
Հրանտ Բաբայան (47 տարեկան, վարորդ-առաքիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ արտերկրում բնակվող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող զինապարտ շատ երիտասարդներ վերադառնում են հայրենիք եւ ծառայում հայոց բանակում: Միայն 2011 թվականին արտերկրից վերադարձել եւ ՀՀ զինված ուժեր է զորակոչվել նախկինում զինվորական հաշվառման մեջ չգտնվող եւ հերթական զորակոչերից խուսափած թվով 225 մարդ, որոնցից 181-ը՝ ՌԴ-ից, 44-ը՝ այլ երկրներից:
ՀՀ պաշտպանության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ նման դեպքեր որքան էլ քիչ, բայց դեռ հանդիպում են: Ցանկալի է, որ յուրաքանչյուր զինվոր խելացի ծառայի, որպեսզի բանակային դժվարություններն ու վատ երեւույթները հնարավորինս կրճատվեն: Իհարկե, այս հարցում իր տեղն ունի նաեւ սպայական անձնակազմը:
ՀԱՐՑ. Այն բնակարանը, որտեղ մենք ապրում ենք, ունի 9 համասեփականատեր, եւ կան 4 անչափահաս երեխաներ: Սեփականատերերից եղբայրս մի քանի ամիս առաջ ինչ-որ վարկային կազմակերպությունից վարկ է վերցրել եւ հիմա չի կարողանում այն մարել: Նշեմ, որ նա այդ բնակարանում չի ապրում: Այժմ բնակարանի 1/9-րդ բաժնի վրա կալանք է դրվել: Խնդրում եմ ասել՝ արդյոք կարող են մնացած սեփականատերերին տանից դուրս հանել եւ կալանքի տակ գտնվող բաժինը վերցնել: Կամ մյուս սեփականատերերը կարո՞ղ են գնել այդ 1/9-րդ բաժինը:
Արտակ Բադալյան (42 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակցի պարտատերն (այս դեպքում վարկային կազմակերպությունը) իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար: Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա: Տվյալ դեպքում ամբողջ բնակարանը կվաճառվի հրապարակային սակարկությունների միջոցով՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների միջեւ՝ նրանց բաժիններին համապատասխան:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, ցավալի է, որ մեր հայրենակիցները գայթակղվում են բանկերից գումար վերցնելու հեռանկարով եւ շատ չանցած կանգնում փաստի առաջ՝ կա՛մ ընկնում եմ ավելի մեծ պարտքերի տակ, կա՛մ էլ զրկվում ունեցած-չունեցածից:
ՀԱՐՑ. Առեւտրի, սպասարկման բոլոր կետերում՝ խանութներ, թերթի կրպակներ, դեղատներ, վարսավիրանոցներ, ուսանողական ճաշարաններ, բուֆետներ եւ այլն, վճարումը պարտադիր կարգով կատարվում է ՀԴՄ-ներով: Իսկ եկեղեցիներում մոմերի վաճառքն իրականացվում է ամենապարզ եղանակով՝ առանց ՀԴՄ-ի: Ինչո՞ւ:
Հովսեփ Մուրադյան (23 տարեկան, ուսանող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ տեղեկացվում է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետի համաձայն՝ «գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման եւ կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման դեպքերում»:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ լավ պայմաններ է ստեղծվել եկեղեցական ծիսակատարությունների եւ այլ արարողությունների համար: Այն, որ մոմի վաճառքի համար ՀԴՄ կտրոնը պարտադիր չէ, արարողությունների ընթացքում ով ինչքան գումար ցանկանում, նվիրաբերում է, ժամանակ առ ժամանակ մոմի գինը բարձրանում է եւ նման շատ տարբերակներ: Ինչի արդյունքում էլ, անկասկած, ավելանում է եկեղեցու բյուջեն: