ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՍՐՏՆԵՂԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, առաջիկա խորհրդարանական ընտրություններին թիվ 1 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ առկա համագործակցության մասին, ասաց. «Եթե շատ համը հանեն, հնարավոր է` նոր բաներ բացահայտեմ»:
-Օրերս Բաքվում տեղի ունեցավ «Եվրանեսթ»-ի հայտնի նիստը, որից հետո Facebook սոցիալական ցանցի Ձեր էջում գրեցիք, որ ժողովուրդն այնքան անտարբեր է, որ չի հետաքրքրվում, թե իրականում ինչ է կատարվում Բաքվում, այլ միայն եզրակացություններ է անում: Ի՞նչն էր Ձեզ վրդովվեցրել:
-Իրականում խնդիրն այն է, որ մինչ մենք այնտեղ էինք, կոնկրետ, օրինակ, ես անթիվ-անհամար ելույթներ եմ ունեցել` նկատի ունեմ 4-5 ելույթներ, որն արդեն տվյալ հարթակի համար չափազանց շատ էր, բայց Հայաստանում տեղյակ չէին, թե ինչ ելույթներ ենք ունեցել կամ ինչպես ենք պատասխանել, ուղղակի գնահատականներ էին հնչում: Օրինակ` նշվում էր, որ այնտեղ արժանի պատասխան չի տրվել, գնացածները պրոֆեսիոնալ չեն, իրականում իմ հանձնաժողովը, որտեղ ես եմ եղել, արձանագրել է փայլուն հաջողություն, այնպիսի ձեւակերպումների շնորհիվ, ինչպիսին, օրինակ, հայկական ատոմակայանի հարցի փակումն էր ադրբեջանական պատվիրակության համար, որովհետեւ ի սկզբանե նրանք փորձում էին ազատ արձակման պահանջ դնել զեկույցում: Այսինքն` չափազանց լավ ելույթներ են եղել, պետք է խոստովանեմ, որ Մամեդյարովի զեկույցից հետո բուռն բանավեճի ամենաակտիվ մասնակիցն եմ եղել, որը նրան պարզապես պարտադրեց խոսել Լեռնային Ղարաբաղի մասին, Ադրբեջանի մարդու իրավունքների մասին, որը պատճառ դարձավ, որ նա իր ասելիքը շատ արագ ասի եւ հեռանա: Սա է եղել պատճառը, որ ես ասել եմ` ցավոք, Հայաստանի հասարակությունը տեղեկացված չէ:
-Նշվեց նաեւ, որ Դուք այդ լիագումար նիստի ժամանակ քնել եք:
-Այո՛, ինձ հետ կապվեց նաեւ մի միջադեպ: Երբ կարդացի ադրբեջանական լրատվամիջոցը, որը նկարագրել էր, թե իբրեւ ես քնել եմ, հասկացա, թե որքան սրտնեղած է ադրբեջանական կողմը, որովհետեւ խոսքը վերաբերում է հենց այն հանձնաժողովին, որտեղ ես ուղղակի հակադարձել էի Մամեդյարովին, որտեղ ուղղակի անհնար էր այդ միջավայրում անգամ աչք փակել (ծիծաղում է-Ս.Գ.): Բայց  լրագրողը, որ նյութ էր պատրաստել, ակնհայտ սրտնեղել էր հենց այդ նիստի ժամանակ տեղի ունեցած իրավիճակից: Մի հետաքրքիր բան էլ նշեմ, որ տեղադրվել էր մի լուսանկար, որը ոչ թե այդ նիստի ժամանակ էր արվել, այլ էներգետիկ հանձնաժողովի նիստի ժամանակ, որում ես փոխնախագահ էի, եւ որի ժամանակ էլ ես ակտիվ եմ եղել: Անգամ այդ նիստից հետո մի ամբողջ լրագրողների խումբ թափվեց վրաս ու սկսեցին այն բառից, որ Դուք այս նիստի ժամանակ ակտիվ էիք…արդյո՞ք այդքան լրագրողներ չէին նկատել, որ ես քնած եմ եղել:
-Որոշ ժամանակ առաջ Դուք մի բացահայտում արեցիք` կապված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդու եւ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) գաղտնի հանդիպման վերաբերյալ: Հնարավո՞ր է` առաջիկայում նոր բացահայտումներ լինեն Ձեր կողմից` ՀԱԿ-ի եւ իշխանության համագործակցության մասին, ինչպես նշել էիք:
-Բացահայտում, որը չհերքեցին` բովանդակության առումով: Ըստ էության, Մհեր Սեդրակյանը հաստատեց, այսինքն` ասաց ամբողջը, իսկ մյուս կողմը հաստատեց ընդամենը դրա մի մասը, իսկ մյուս մասի վերաբերյալ հաստատվեց լռելով: Եթե շատ համը հանեն, հնարավոր է` նոր բաներ բացահայտեմ (ծիծաղում է-Ս.Գ.): Եթե նման բան լինի, անպայման Ձեզ էքսքլյուզիվ կարգով տեղյակ կպահեմ:
-Պարո՛ն Սաֆարյան, «Ազատ դեմոկրատներ»-ի հետ որոշեցիք միասին մասնակցել ԱԺ ընտրություններին, սակայն անընդհատ հակասական կարծիքներ եք արտահայտում: Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա անելիքները:
-Գիտեք ինչ, չեմ կարծում, որ անձնական կարծիքները, որոնք հայտնում են կուսակցության ցուցակի ներկայացուցիչները, մեծ հակասություններ ունեն մեր քաղաքական դիրքորոշումների հետ: Մենք երբեք խնդիր չենք դարձնում որեւէ մեկի անձնական տեսակետը, որը կարող է կիսել, որը կարող է չլինել մեր բոլորի դիրքորոշումը: Եւ ես կարծում եմ, որ մենք նոր մեկ միասնական թիմ դառնալու ճանապարհին ենք, եւ առաջիկայում ժողովուրդը կտեսնի կուռ միասնություն: Ես բնական եմ համարում այն, որ մենք տարբեր խնդրի շուրջ ունենանք տարբեր կարծիքներ:
-Իսկ թիվ 1 ընտրատարածքում ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը:
-Բոլորին եմ համարում իմ մրցակիցը եւ իրականում ուզում եմ մրցակցենք ոչ թե անձերով, այլ մոտեցումներով, գաղափարներով, արված եւ չարված գործերով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս